Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել են քաղաքական համակարգում առկա խնդիրները


Շվեյցարիայի նախագահն Դիդիե Բուրկհալտերն այսօր հանդիպել է ոչ իշխանական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսից Արամ Մանուկյանը, Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը, «Բարգավաճ Հայաստանից» Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը։ Իսկ քաղաքացիական հասարակությունը ներկայացնում էր «Դեմ եմ» թիմի անդամ Դավիթ Մանուկյանը։

Յուրաքանչյուրը ներկայացրել է իր մոտեցումները այն հարցի շուրջ, թե ինչ խնդիրներ կան այսօր Հայաստանի քաղաքական համակարգում։

Հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե ինքն անձամբ խոսել է Հայաստանի իշխանությունների հանդեպ և երկրի ներսում, և երկրից դուրս գոյություն ունեցող «վստահության դեֆիցիտի մասին»։

«Հայաստանից դուրսը հիմնավորել եմ եվրոպական գործընթացով, որը ձախողվեց մեկ օրվա ընթացքում, հայ-թուրքական հարաբերությունների ձախողումով, և այն պրոցեսը, որը հիմա գնում է Մաքսայինում և եվրասիական տարածաշրջանում, որը ոչ մի հույս չի ներշնչում, ոչ մի հեռանկար չի երևում, անորոշություն է։ Դրսի որևէ գործընթաց Հայաստանի համար հաջողությամբ չի ավարտվել։ Եվ ներսի մեր խնդիրները՝ արտագաղթը, քաղաքական ուժերի անվստահությունը իշխող կուսակցության նկատմամբ... իսկ լուծումը տեսնում ենք լեգիտիմ իշխանության ձևավորումով և ընտրությունների համակարգի իրական ձևավորմամբ»,- ասաց Մանուկյանը։

Դաշնակցությունը ներկայացնող Արծվիկ Մինասյանը Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի քաղաքական և տնտեսական մենաշնորհին՝ ընդգծելով, որ սահմանադրական փոփոխություններով կարելի է հասնել այդ խնդիրների լուծմանը։

«Քաղաքական մենաշնորհ է, տնտեսական մենաշնորհ է, բայց հիմքերի հիմքը ընտրություններն են և ընտրությունների միջոցով է հնարավոր ձևավորվել ժողովրդավարական և դեպի ապագային միտված Հայաստան»,- ասաց Մինասյանը։

Քաղաքացիական հասարակությունը ներկայացնող «Դեմ եմ» թիմի անդամ Դավիթ Մանուկյանն էլ խոսել է իշխանությունների հետադիմական մտածելակերպի մասին։

«Առանց այն էլ քիչ թե շատ եղած դեմոկրատական ինստիտուտները չենք օգտագործում, օրինակ, հանրաքվեի ինստիտուտը, որը վերջին անգամ 2005-ին ենք օգտագործել, որովհետև ղեկավարության մոտ այսօր կա սովետից ժառանգությունից մնացած մտածողություն, մարդիկ սովոր չեն կիրառել դեմոկրատական ինստիտուտները։ Եվ նաև դրանից է բխում, որ այսօր քաղաքացիական հասարակությունը մտածողության առումով մի քիչ ավելի առաջ է, քան իշխանությունը։ Ես նշել եմ, որ քաղաքացիական հասարակությունը շատ ավելի առաջադեմ է, քանի իշխանությունը»,- ասաց Մանուկյանը։
XS
SM
MD
LG