Մատչելիության հղումներ

47 գետերի վրա կառուցված 100 փոքր ՀԷԿ-երի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց շահագործմամբ խախտվում է բնապահպանական օրենսդրությունը, դրանց նախագծերը չեն համապատասխանում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի պահանջներին:

Ուսումնասիրության հեղինակ Վիկտորիա Բուռնազյանն ասում է, որ 12 համայնքներում կատարված սոցհարցումները փաստում են, որ ՀԷԿ-երի առկայությունը բազմաթիվ խնդիրներ է ստեղծում հարևան համայքներում բնակվող մարդկանց համար. - «47 գետերից 3-ը աղետալի վիճակում են, 16-ը` ճգնաժամային, 28 գետերի ծանրաբեռնվածությունը թեև նորմայի սահմաններում է, բայց դրանք ևս բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ են առաջացրել: Մարդիկ չեն կարողանում իրենց այգիները ոռոգել, դաշտերը ոռոգել ջրի պակասի պատճառով, և սոցիալական լարվածություն է առաջանում: Ճնշումներ են լինում համայնքների վրա, որոնք դեմ եմ փոքր ՀԷԿ-երի կառուցմանը: ՀԷԿ-երի տերերն են ճնշումներ գործադրում»:

Փորձագետ Ինգա Զառաֆյանն ասում է, որ փոքր ՀԷԿ-երի անվան տակ Հայաստանում հզոր հիդրոէլեկտակայաններ են կառուցվում, ինչը ավելի է վատթարացնում վիճակը: Հայաստանի գետերի համար, որոնք շատ փոքր են, նման շահագործումը աղետալի հետևանքներ է թողնում. - «ՀԷԿ-երի սեփականատերերը կարող են գրեթե ամբողջ ՀԷԿ-ը վերցնել խողովակների մեջ և հայտարարել, որ դա իրենց փոքր ՀԷԿ-֊ն է, և դա օգտագործվում է որպես կանաչ այլընտրանքային էներգիայի աղբյուր: Սա շատ վտանգավոր բան է»:

Մինչ Եվրոպայում մոտակա համայնքները հնարավորություն ունեն փոքր ՀԷԿ-երի հաշվին էժան էներգիա ստանալ, Հայաստանում այդ պրակտիկան չի կիրառվում: Ավելին, բնապահպանները պնդում են, որ ՀԷԿ-երի հաշվին մի շարք պաշտոնյաներ ու նրանց մոտ կանգնած մարդիկ գերշահութներ են ստանում:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասում է, որ գերշահույթ ստանալը հերթական անգամ մեր երկրում առաջնային դարձավ. - «Գերշահույթ ստանալը, ցավոք սրտի, մեր երկրում առաջնային է դարձել և էկոլոգիան և բնապահպանական խնդիրները, ինչպես նաև քաղաքացին մոռացվեցին: Խոսքը ՀԷԿ-եր չկառուցելու մասին չէ, պարզապես դրանց շահագործումը չպետք է վնասի բնությանը»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG