Մատչելիության հղումներ

«Արմյանսկիյ ուրաժայ»-ին հարկային արտոնություն տալը «կոռուպցիայի դասական օրինակ է»


Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանն այսօր ասաց, որ իր հիմնած «Արմյանսկիյ ուրաժայ» ընկերության իրեն պատկանող բաժնեմասը հիմնադրման օրից հանձնել է հավատարմագրային կառավարման:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ի նիստում կառավարությունը որոշեց Ներդրումային ծրագրի շրջանակներում «Արմյանսկիյ ուրաժայ»-ի կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել երեք տարով:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքէջից տեղեկանում ենք, որ «Արմյանսկիյ ուրաժայ» ընկերությունը հիմնադրվել է այս տարվա փետրվարի 27-ին: Այդ ժամանակ Արամ Ղարիբյանն արդեն զբաղեցնում էր նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը:

Շուրջ 6.5 մլրդ դրամի ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզում կառուցել 11 հա ջերմոցային տնտեսություն: Նախատեսված գումարից 3.6 միլիարդով «Արմյանսկիյ ուրաժայ»-ը սարքավորումներ է ներկրելու:

Կառավարության նախորդ նիստում ընկերությանը տրված հարկային արտոնությունը թույլ կտա պետբյուջե չմուծել ավելի քան 730 միլիոն դրամի հարկ: «Սա կոռուպցիայի դասական օրինակ է», - ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: - «Եթե այդ մարդը չլիներ, ես չգիտեմ կառավարությունը արդյո՞ք այդ մարդուն այդ արտոնությունը կտար, թե՞ չէր տա: Երկրորդը, մրցակցային պայմաններ են խախտում, որը ամենակարևորն է այսօր Հայաստանի Հանրապետությունում, որովհետև մրցակցություն չկա, դրա համար տնտեսությունը չի կայանում: Իսկ այս դեպքում ինքը գրավում է շուկայի մի այնպիսի տեղ, որտեղ որ կարող էր ավելի լավ պայմաններով կամ ավելի քիչ հնարավորություններով մեկը կամ երկուսը գային, այդտեղ մտնեին: Այդ մեկը, երկուսը, որ կարող էին այդ դաշտը մտնել, դուրս մնացին»:

Խաչատրյանի խոսքով, այս փաստը վկայում է այն մասին, որ արտոնություններ են ստանում իշխանություններին մոտ կանգնած մարդիկ. - «Ապացուցում է նա, որ եթե Հայաստանում ցանկանում ես որևիցե գործով կամ գործարարությամբ զբաղվել, անպայման պետք է իշխանության ներկայացուցչի աջակցությունն ունենաս»:

Վահագն Խաչատրյանը համոզված է, որ պաշտոնատար անձի անվան հետ առնչվող ընկերությանը արտոնություններ տալը խոսում է այն մասին, որ նոր կառավարությունն էլ ի զորու չէ ազատ մրցակցային պայմաններ ստեղծել բիզնեսի համար:
XS
SM
MD
LG