Մատչելիության հղումներ

Ադրբեջանական գազը եվրոպական շուկաներ հասցնելուն միտված ամենախոշոր ծրագրերից մեկի` Տրանս-Ադրիատիկ գազատարի (TAP) շինարարությունը կարող է ձախողվել:

Հիշեցնենք, որ այս ծրագրով նախատեսվում էր Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահդենիզ 2» հանքավայրում արդյունահանված գազը Հունաստանի և Ալբանիայի տարածքով արտահանել Հարավային Իտալիա: Ավելի քան 700 կիլոմետր նախագծային երկարություն ունեցող Տրանս-Ադրիատիկ գազատարը Ադրբեջանից Թուրքիա անցնող Տրանս-Անատոլիական խողովակաշարի շարունակությունը պետք է լիներ, որի շինարարության ընդհանուր արժեքը գերազանցում էր 2 միլիարդ ամերիկյան դոլարը:

Սակայն էներգետիկ այս ծրագրի երկու արևմտաեվրոպական բաժնետերերը` ֆրանսիական Total և գերմանական E.On ընկերությունները, որոշել են լքել նախագիծը: Այդ մասին Բաքվում օրերս մեկնարկած էներգետիկ համաժողովի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի ներդրումային բաժնի ղեկավար Վագիֆ Ալիևը: Ադրբեջանցի պաշտոնյան մանրամասներ չի հաղորդել կայացված որոշման դրդապատճառների մասին: Այսպիսով երկու ընկերություններն առաջիկայում կհրաժարվեն խողովակաշարի` իրենց ձեռքում եղած բաժնետոմսերից:

Total-ը տնօրինում էր Տրանս-Ադրիատիկ գազատարի բաժնեմասի 10, իսկ E.On-ը՝ 9 տոկոսը:

Գերմանական ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ադրիան Շաֆրանյեցը Reuters գործակալությանը փոխանցել է․ - «Մեր ընկերությունը պարբերաբար վերանայում է սեփական միջոցների ծախսման ռազմավարական հնարավորությունները: Խողովակաշարային բիզնեսը ևս բացառություն չէ: Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք որոշակի միջոցներ դուրս բերել այս կամ այն նախագծից»:

Ֆրանսիական Total-ը ևս աստիճանաբար կորցնում է հետաքրքությունը ադրբեջանական գազի արդյունահանման նկատմամբ:

«Այն, որ ֆրանսիական ընկերությունը որոշեց լքել Տրանս-Ադրիատիկ գազատարի շինարարությունը, թերևս օրինաչափ էր: Վերջերս Total-ը հրաժարվեց նաև «Շահդենիզ 2»-ում ունեցած բաժնեմասից` վաճառելով այն թուրքական ընկերությանը», - Reuters-ի թղթակցին ասել է ադրբեջանական նավթային ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Փորձագետների կարծիքով կասպիական գազի արդյունահանման հեռանկարների նկատմամաբ նման անտարբերության գլխավոր պատճառը եվրոպական շուկաներում նկատվող գազի պահանջարկի անկումն է:

Տրանս-Ադրիատիկ գազատարի հիմնական թիրախ հանդիսացող Իտալիայում, օրինակ, 2005 թվականից ի վեր գազի սպառումը նվազել է 15 տոկոսով:

«Ողջ խնդիրը տնտեսական նպատակահարմարությունն է: Այս պահին գազի պահանջարկը Եվրոպայում բավական պասիվ է, ինչը չի կարող այլ գործոնների համադրությամբ չազդել տնտեսության այս ոլորտի վրա», - նշում է լոնդոնյան Economist հանդեսի վերլուծական հավելվածի փորձագետ Փիթեր Քիերնանը:

Վերջում հիշեցնենք, որ Եվրամիության ղեկավարները լուրջ հույսեր ունեն, որ TAP-ի միջոցով հնարավոր կլինի նվազեցնել Արևմտյան Եվրոպայի երկրների կախվածությունը ռուսական գազից: Անցած տարվա հունիսին Շահդենիզ հանքավայրի շահագործմամբ զբաղվող ընկերությունների միասնական կոնսորցիումը որոշել էր նախապատվությունը տալ հենց Տրանս-Ադրիատիկ գազատարներին` փաստորեն հրաժարվելով մասնակցել լայնորեն գովազդված «Նաբուկո» խողովակաշարի շինարարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG