Մատչելիության հղումներ

ՄՀՀ-ի ներկայացուցիչների պնդմամբ` համալիրն ապօրինի կերպով ուզում են խլել


ՄՀՀ-ի ներկայացուցիչների պնդմամբ` համալիրն ապօրինի կերպով ուզում են խլել
please wait

No media source currently available

0:00 0:03:30 0:00
Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) ներկայացուցիչները պնդում են, որ այսօր փորձ է արվում ապօրինի կերպով խլել համալիրը օրինական տիրոջից:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանում համալիրի հետ կապված այսօրվա նիստից հետո «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը լրագրողներին նաև ասաց, թե իշխանությունները շահագրգռված են համալիրի հետ կապված դատավարությունը դռնփակ անկացնել, քանզի չեն ցանկանում, որ ապօրինությունների մասին հանրությունը տեղեկանա:

«Ամեն ինչը միգուցե դրան է գնում: Երբ որ կոնկրետ աշխատանք է տարվում` կասեցնելու գործունեությունը: Օրինակ, եթե դատական պրոցեսի մեջ է, իրավունք ունի գործելու այս կառույցը: Բայց մեզ մոտ ինչ է ստացվում. ամեն կերպ խոչընդոտվում է աշխատանքը, բանկային հաշիվները սառեցվում են, չեն կարողանում գործարքներ անել: Դուք ինձ հնարավորություն չեք տալիս անգամ իմ պարտքը մարելու: Այդպես է ստացվում», - նշեց նա:

Ըստ Գրիգորյանի, «Բամո» ընկերությունների խումբը իր կազմում գտնվող «Բամո մետալ» ընկերության համար վարկ է վերցրել Հայաստանի կառավարությունից և 2012-ին գրավ է դրել իրեն պատկանող Մարզահամերգային համալիրը: Այն բանից հետո, երբ վարկի մարումը ուշացել է, ընկերությունը դիմել է Ֆինանսների նախարարությանը՝ ժ֊ամանակացույց կազմելու և ըստ դրա 10.2 միլիարդ դրամ պարտքը մարելու խնդրանքով, սակայն ֆիննախից անակնկալ տեղեկացել են, որ կառավարությունը արդեն իսկ դիմել է դատարան՝ գումարը բռնագանձելու համար:

Ընդ որում, Կորյուն Գրիգորյանի խոսքով, կառավարությունը ներգրավել է նաև Պաշտպանության նախարարությանը, որպեսզի դատաքննությունը դռնփակ անցկացվի, թեև ուժային այդ գերատեսչությունը որևէ կապ չունի վարկային պատմության հետ:

«Ամեն ինչ կատարվում է նրա համար, որպեսզի կարողանան կոծկեն ու կարողանան իրենց սխալները ինչ-որ ձևով փակեն: Ի սկզբանե մեր ամբողջ գործը եղել է կապված ֆիննախի հետ: Հետո ինչ-որ մարդիկ քնում-զարթնում են ու որոշում են, որ գումարը Մարզահամերգային համալիրը պետք է վճարի Պաշտպանության նախարարությանը: Ամեն ինչը գրավադրված է ֆիննախում, մեր պարտավորությունները և փաստաթղթային բոլոր պայմանագրերը կապված են ֆիննապի հետ: Մենք ի՞նչ կապ ունենք Պաշտպանության նախարարության հետ»:

Գրիգորյանի խոսքով` Պաշտպանության նախարարությունը ներգրավվել է «ուղղակի նրա համար, որ պրոցեսը կատարվի դռնփակ վիճակով, չլուսաբանվի, հանրությանը հնարավորինս հեռու պահեն պրոցեսից». - «Այդ գործը ի սկզբանե կատարվում է խայտառակ խախտումներով»:

Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչը բերեց մի օրինակ. - «Մեր պետբյուջեում գրանցված չէ այս ամբողջ պատմությունը: Պետք է պետբյուջեում երևա, որ Մարզահամերգային համալիրը պարտք է պետբյուջեին այսքան գումար»:

Այսօր վերաքննիչ դատարանում համալիրի ղեկավարությունը վիճարկում էր այն վաճառելու օրինականությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարկային պատմության հետ կապված դատական գործընթացը դեռ չի ավարտվել: Նիստը անցավ փակ դեռների հետեում եւ հետաձգվեց:

Պաշտպանության և Ֆինանսների նախարարություններից ոչ ոք չէր ներկայացել: ԴԱՀԿ ներկայացուցիչը հրաժարվեց խոսել լրագրողների հետ:

Ի դեպ, դեռ մայիսի 21-ին Պաշտպանության և Ֆինանսների նախարարություններ գրավոր հարցում էինք ուղարկել՝ խնդրելով պարզաբանումներ ներկայացնել համալիրի հարցի վերաբերյալ, սակայն մինչև օրս որևէ պատասխան չի ստացվել, ինչը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտում է, որը պահանջում է գրավոր հարցմանը պատասխանել 5-օրյա ժամկետում:
XS
SM
MD
LG