Մատչելիության հղումներ

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները մտադիր են հունիսի 10-ին «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից արդեն երրորդ ավտոերթը կազմակերպել՝ կարմիր գծանշումների ու բարձր տուգանքների դեմ:

Նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը նշում է, որ իրենք շարունակելու են պայքարը այնքան ժամանակ, մինչև չբավարարվեն իրենց 4 կետից բաղկացած պահանջները:

«Առաջինը՝ կարմիր գծերի վերացում, երկրորդը՝ եռապատիկ, հնգապատիկ տուգանքների վերացում, երրորդը՝ տուգանքների հնգապատիկ նվազեցում և վերջինը՝ ընդհանուր համաներում։ Մենք ուզում ենք ինչ կա, ինչ եղել է, զրոյացվի։ Դրանից հետո սկսենք սպիտակ էջից»,- ասաց Պետրոսյանը:

Նախաձեռնության անդամները, ովքեր նաև վարորդներ են, նշում են, որ իրենք դեմ չեն տուգանքներին, ընդամենը պահանջում են, որ դրանք կիրառվեն համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո, չափն էլ լինի խելամիտ՝ շարքային քաղաքացիների աշխատավարձերին և թոշակներին համապատասխան: Շատերը դրանց պատճառով արդեն անելանելի վիճակում են հայտնվել, կան դեպքեր, երբ անգամ մարդիկ զրկվում բնակարանից:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության նախորդ երթին, ինչպես նշում են կազմակերպիչները, մասնակցել են 60-ից ավելի մեքենաներ։ Այս անգամ ավտոերթը անցկացնելու են աշխատանքային օրվա ընթացքում, որպեսզի երթին միանան ավելի շատ մարդիկ:

Արտաշես Միսակյանն ասում է՝ իշխանություններն ամեն կերպ փորձում են ավելացնել ժողովրդի խնդիրները՝ դրանք թեթևացնելու փոխարեն, և այժմ շատերի մոտ այնպիսի վիճակ է, որ այս երթերը պարզապես կարող են վերածվել քաղաքացիական անհնազանդության:

«Իրենց գծանշումները խոչընդոտում են իմ ազատ տեղաշարժը ու ստիպում են, որ ես կատարեմ խախտում, չգիտեմ որ ընկերությանը, չգիտեմ ինչու, չգիտեմ ինչքան գումար մուծեմ։ Ես բողոք եմ արտահայտում, ես էլ իրենց պատասխան եմ տալիս, մենք իրենց վերաբերմունքին համապատասխան իրենց կպատասխանենք»,- ասում է Միսակյանը։
XS
SM
MD
LG