Մատչելիության հղումներ

Հետախուզվում է Երևանի փոխոստիկանապետի եղբորորդին


Նուբարաշենի բնակիչ, 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը զրկվել է փայծաղից ու հայտնվել վերակենդանացման բաժանմունքում` եղբոր պատիվը պաշտպանելու համար:

Շրջանառվող լուրերի համաձայն, Վանուշ Ալեքսանյանին հունիսի 1-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին:  Այսօր Երևանի քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը: Կալանավորման մասին որոշումից ժամեր առաջ էլ վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Դանակահարված երիտասարդը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն: «Ազատության» հետ զրույցում նա դժվարությամբ էր խոսում ու շնչում, դեպքից մանրամասներ պատմել չէր ցանկանում:

Դանակահարվածի կցկտուր խոսքը, մոր կարծիքով, զգուշավորության նշան է: Տղայի մահճակալի մոտ գիշերող մայրը պատմում է՝ դեպքի առաջին իսկ օրվանից տղան անգամ իրեն է արգելում տեղի ունեցածի մասին բողոք ներկայացնել՝ պնդելով, թե կատարվածի հետևում կանգնած են հովանավորություն ունեցող մարդիկ:

Իսկ վիճաբանությունը, ըստ կրտսեր եղբոր, սկսվել է անծանոթի հետ այն բանից հետո, երբ ինքը թքել է գետնին, ինչից հետո անծանոթ երիտասարդը, որին ինքը չէր նկատել, ասելով, թե ուր ես թքում, միանգամից հարվածել է իրեն:

Վանուշի ընտանիքը վարձով է ապրում, սոցիալական ծանր վիճակը մեղմում էր հիմնականում հենց դանակահարվածն իր աշխատանքով: Մայրը նշում է, որ իր որդիները աշխատասեր ու խաղաղ երիտասարդներ են: Այսօր նա դանակահարողի ընտանիքից փոխհատուցում է պահանջում, իսկ պատկան ատյաններից՝ արդարադատություն:

Էրեբունի բժշկական կենտրոնի երկրորդ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արսեն Ասատրյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դանակահարության հետևանքով հեռացվել է տղայի փայծաղը, առողջական վիճակը որակեց ծանր կայուն:

Իսկ փոխոստիկանապետ Օսիպյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ Սեդրակ Օսիպյանն իր ազգականն է՝ հավելելով․ - «Անմեղության կանխավարկածից ելնելով՝ դեռ շուտ է որևէ եզրակացություն անել: Օբյեկտիվ քննություն կկատարվի, ի հայտ կգան մեղավորները, և թող բոլորը պատժվեն օերնքի ամբողջ խստությամբ, որովհետև բոլորը հավասար են օրենքի առջև»:

XS
SM
MD
LG