Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Դոնեցկի «Շախտյոր»-ը սեփական հարկի տակ հանդիպումներն ու մարզումները հավանաբար կանցկացնի մեկ ուրիշ քաղաքում՝ հաշվի առնելով Դոնեցկում շարունակվող լարված իրավիճակը:

«Ամեն դեպքում մենք կմնանք Ուկրաինայի ֆուտբոլի լիգայում»,- ուկրաինական «Վեստի» կայքի փոխանցմամբ ասել է «Շախտյոր»-ի մենեջեր Սերգեյ Պալկինը և հավելել.- «Բայց մենք երևի ուրիշ քաղաք ընտրենք տնային հանդիպումներն ու պարապմունքներն անցկացնելու համար, եթե Դոնեցկում իրավիճակը շարունակվի լարված մնալ, կամ ավելի վատթարանա»:

Պալկինն ասել է, որ կոնկրետ առաջարկներ չեն ուսումնասիրել, մինչև նոր խաղաշրջանը դեռ որոշ ժամանակ կա, և հույս է հայտնել, որ մոտ ապագայում Դոնեցկում իրավիճակը կբարելավի:

Անցած գարնանից ռուս անջատականները սկսեցին գրավել Դոնեցկի վարչական շենքերը, ապրիլի սկզբին, այսպես կոչված, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն հռչակեցին, մեկ ամիս անց հանրաքվե անցկացրեցին և որոշեցին անջատվել Ուկրաինայից:

Իսկ «Շախտյոր»-ը հերթական՝ արդեն իններորդ անգամ չեմպիոն դարձավ: Անցած ամիս ավարտված Ուկրաինայի ֆուտբոլի առաջնությունում «Շախտյոր»-ը համոզիչ հաղթանակի հասավ, վեց միավորով առաջ անցնելով երկրորդ տեղը գրաված Դնեպրոպետրովսկի թիմից:

Ամեն դեպքում «Շախտյորի»-ի մենեջերի կարծիքով՝ ֆինանսական դժվարությունների պատճառով Ուկրաինայի ֆուտբոլի բարձրագույն առաջնությանը մասնակցող թիմերի քանակը կկրճատվի:

«Անցած առաջնությունը ցույց տվեց, որ որոշ թիմեր ֆինանսական խնդիրներ ունեն»,- ասել է Պալկինը՝ բերելով Կիևի «Արսենալ»-ի օրինակը, որը ֆինանսական խնդիրների պատճառով առաջնության միջնամասում ստիպված կազմալուծվել է, մյուս թիմերի հետ հանդիպումների արդյունքները չեղյալ են համարվել: Ֆինանսական դժվարություններ են ունեցել Խարկովի «Մետալիստ»-ը, Ուժգորոդի թիմը:

«Մենք պետք է կրճատենք բարձրագույն առաջնությանը մասնակցող թիմերի քանակը»,- ասել է «Շախտյոր»-ի տնօրենը՝ կարծիք հայտնելով, որ առաջնությանը պետք է 12 թիմ մասնակցի:

«Կրճատումները Պրեմիեր լիգան ավելի ուժեղ ու գրավիչ կդարձնեն, իսկ մասնակից թիմերի համար՝ ավելի եկամտաբեր»,- ասել է «Շախտյոր»-ի մենեջերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG