Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի խոսքով, սկզբունքորեն սխալ է պատմական կերպարներին, այդ թվում՝ ստալինյան ժամանակաշրջանի կերպարներին դատելը կամ քննարկելը:

Հայտնի օրինակ է. 1940 թվականի գարնանը Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Կատին գյուղի մոտ գերի լեհ զինվորակնների՝ հիմնականում սպաների, զանգվածային գնդակահարությունը: 1992թ․ գաղտնազերծված փաստաթղթի համաձայն, գնդակահարավել է մոտ 22 հազար լեհ զինվորական, և գնդակահարություն պահանջող փաստաթղթի վրա առկա է նաև Անաստաս Միկոյանի ստորագրությունը:

«Սկզբունքորեն սխալ եմ համարում մարդկանց, որոնք պատմական արդեն կերպարներ են, դրանց սկսել դատել այսօր, քննարկել կամ ինչ-որ եզրակացությունների ձևավորել», - լրագրողների հետ ճեպազրույցում հավելեց նախարարը:

Հարցին՝ այդ դեպքում կարելի՞ է նույնը ասել, օրինակ, Օսմանյան կայսրության ղեկավարների մասին, թե սկզբունքորեն սխալ է նրանց դատելը, քննարկելը, որովհետև նրանք նույնպես պատմական կերպարներ են, Մանուկյանը պատասխանեց․ - «Դա պատմություն է, այո: Բայց Հայոց ցեղասպանությունը և Հայ Դատը մեր այսօրվա խնդիրն է: Մեր պետության և մեր ազգի»:

Արձագանքնելով արդարադատության նախարարի այս խոսքերին՝ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ով խորհրդային ժամանակներում այլախոհության համար 8 տարի անցկացրել է անազատության մեջ, նշեց, թե այդ տրամաբանությամբ սխալ է անդրադառնալը նաև այլ հանցագործություններին՝ Հայոց ցեղասպանությանը, Երկրորդ աշխարհամարտում կատարված ոճրագործություններին և այլն:

«Հայաստանի արդարադատության նախարարի այս մոտեցումը ինձ հիշեցնում է Թուրքիայի ներկայիս իշխանությունների դիրքորշումը Հայոց ցեղասպանության հարցում՝ խնդիրները թողնել պատմաբաններին», - ընդգծեց իրավապաշտպանը՝ շարունակելով․ - «Գուցեև այդ մարդիկ կենդանի չեն, կամ նրանցից ոմանք կենդանի չեն, բայց նրանց գործած հանցագործության արձագանքը մինչև այսօր մենք տեսնում ենք: Այսօր Հայաստանում մեծ քանակի ընտանիքներ, փաստորեն, դեռ հիշում են այդ ամեն ինչը, նրանք բռնադատվածների ժառանգներ են, և այլն, և այլն»:

Ըստ Հարությունյանի, ստալինյան բռնապետության ժամանակ մարդկության դեմ գործած ոճիրները հանրահայտ են, ընդունվել ու դատապարտվել են աշխարհի կողմից, և Անաստաս Միկոյանը՝ որպես ոճրագործությունների մեղսակից, պետք է դատապարտվի:

«Ստալինը ունեցել է մի շատ, իմ կարծիքով, դրական սովորություն: Նա բոլոր իր հանցագործությունների դեպքով, բոլոր գնդակահարությունների դեպքով պահանջել է, որ իր գաղափարակիցները, իր շրջապատի մարդիկ, իր ընկերները դնեն իրենց համաձայնությունը: Նա մենակ չի վերցրել պատասխանատվությունն իր վրա: Դրանով ինքը հեշտացնում է մեր գործը: Մնացած բոլոր ստալինականները նույնպես փայլուն երևում են: Բոլոր գնդակահարությունների տակ Ստալինը պահանջել է և ստացել է իր ընկերների և համախոհների համաձայնությունը: Ովքեր համաձայն չեն եղել, նրանց հետո ինքը գնդակահարել է»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG