Մատչելիության հղումներ

Հարավային Օսիան ապագայում ցանկանում է միանալ Ռուսաստանին


Հարավային Օսիան ապագայում ցանկանում է միանալ Ռուսաստանին
please wait

No media source currently available

0:00 0:02:31 0:00

Հարավային Օսիան ապագայում ցանկանում է միանալ Ռուսաստանին

Վրաստանից անջատված Հարավային Օսիայի դե ֆակտո ղեկավար Լեոնիդ Տիբիլիովը ասել է, թե Ռուսաստանին ինտեգրվելու գործընթացը ներկայիս փուլում գտնվում է Ռուսաստանին միանալու նախապատրաստական լուրջ շրջանում:

«Ինչպես ես նախկինում ասել եմ, Հարավային Օսիայի տարանջատված ժողովուրդը ապագայում պետք է միանա Հյուսիսային Օսիային, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության կազմում»,- ասել է Տիբիլիովը lenta.ru կայքին երեկ տված հարցազրույցում:

«Պատմական պահը կգա: Մենք այդ ճանապարհին ենք և Ռուսաստանի մաս կազմելու գաղափարը լավ հեռանկար ունի»,- հայտարարել է նա` նշելով, որ այդ հարցը շոշափվել է ռուս պաշտոնյաների հետ կայացած իր հանդիպումների ընթացքում:

Նա հայտարարել է, թե Հարավային Օսիայում ոգևորված են Ղրիմը Ռուսաստանին միանալու օրինակով:

«Մեր խնդիրը հարմար ժամանակ ընտրելն է, երբ ակտիվորեն կդրվի Ռուսաստանի կազմում ընդգրկվելու հարցը»:

Մի քանի օրից` հունիսի 8-ին Հարավային Օսիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու և Լեոնիդ Տիբիլովը չի բացառել, որ նոր խորհրդարանը քննարկի այդ հարցը ու դիմի Ռուսաստանին:

Թբիլիսին Հարավային Օսիան և Աբխազիան համարում է Վրաստանի անբաժանելի մասը, որոնք օկուպացվել են Ռուսաստանի կողմից ու ձևավորել խամաճիկային իշխանություններ:

Վրաստանի նախագահի խորհրդական Վանո Մաչավարիանին այսօր ասել է, թե Ռուսաստանը կոպտորեն և բացահայտ միջամտում է Վրաստանի օկուպացված տարածքների՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի գործընթացներին, ուր բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել:

Նա հայտնել է, որ հենց այդ խնդիրներն են քննարկվելու Վրաստանի նախագահի և ԵԱՀԿ-ի գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի հանդիպմանը:

ԵԱՀԿ-ի գործող նախագահը տարածաշրջանային այց է կատարում, երեկ նա Ադրբեջանում էր, այսօր հանդիպումներ է ունենում Վրաստանում, իսկ վաղը այցելելու է Հայաստան:

Հարավային Օսիայի ղեկավարի հայտարարություններին այսօր արձագանքել է նաև Վրաստանի խորհրդարանի մեծամասնության ղեկավար Թինա Խիդաշելին: Նա ասել է, թե միջազգային հանրությունը չի թույլատրի, որ Ռուսաստանը ինքնիշխան երկրի տարածքի հերթական բռնազավթումը իրականացնի:

«Ղրիմը բռնակցելուց հետո շատ հոռետեսներ պնդում են, որ Ռուսաստանը կանգ չի առնի: Չնայած ուկրաինական իրադարձություններից հետո միջազգային հանրությունը լուրջ դաս ստացավ և չի թույլատրի, որ Ռուսաստանը հերթական բռնազավթումն իրականացնի: Տիբիլովի ցանկությունը իրականության հետ կապ չունի, չեմ կարծում, թե Ռուսաստանը կգնա Արևմուտքի հետ հարաբերությունների հերթական սրացմանը»,- ասել է Վրաստանի խորհրդարանի մեծամասնության ղեկավարը:

Վերջին օրերին բարդացել է իրավիճակը Աբխազիայում: Ընդդիմադիրների ցույցերի ճնշման տակ հրաժարական են տվել գործող իշխանությունները՝ նախագահը, երեկ նաև վարչապետը: Օգոստոսի 24-ին Աբխազիայում նախագահական ընտրություններ են անցկացվելու:

Աբխազիայի վերաբերյալ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին երեկ ասել է, թե Աբխազիայում ստեղծված իրավիճակը ուրիշ երկրի աննախադեպ ու անվերահսկելի ազդեցության հետևանք է:

«Օկուպանտները և տեղի քաղաքական ռեժիմը բոլորովին այլ չափանիշներով, այլ նպատակների համար են գործում, քան պահանջում են երկրի շահերը: Վերջին շրջանում իրադարձությունների զարգացումը ուշադրություն է պահանջում: Դեռ չեմ կարող ասել, թե իրավիճակը տագնապալից է, բայց մեծ ուշադրություն է պահանջում»,- լրագրողներին ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG