Մատչելիության հղումներ

Քառյակը իշխանություններին մինչև աշուն ժամանակ է տալիս


Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը այսօր 4 ժամ տևած դռնփակ քննարկման ժամանակ որոշեց 12 առաջնահերթ պահանջներ ներկայացնել իշխանություններին և դրանք իրագործելու համար ժամանակ տալ մինչև աշուն։

Հյուրընկալող կողմը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում չհրապարակեց այդ 12 կետերը, ասաց՝ դրանք կհրապարակվեն առաջիկա քառօրյայի օրերին, քառյակի բոլոր ուժերի համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նշեց, որ այդ կետերը վերաբերում են ներքին քաղաքականությանը՝ գաղտնազերծելով միայն 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու պահանջը։

«Դրանք կետեր են, որոնք արմատական փոփոխություններ կմտցնեն մեր պետության քաղաքական, տնտեսական, և ինչ-որ տեղ նաև բարոյահոգեբանական կյանքում»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ պահանջների մի մասը վերաբերում է Կառավարությանը, մյուս մասը իշխանության մյուս օղակներին։
«Կային կետեր, որտեղ բանավեճ կար, իրար համոզելու անհրաժեշտություն կար, շատ առողջ քննարկում էր, բայց նաև պետք է ասել, որ այս ընթացքում կարողացանք բոլորս ձևակերպած փաստաթուղթ ընդունել»,- ընդգծեց նա։

Հարցին, թե ինչո՞ւ այսօրվա նիստում չեն քննարկվել արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրները, մասնավորապես, Աստանայում տեղի ունեցած վերջին զարգացումներն ու Մաքսային միությանը վերաբերող հարցեր, արդյո՞ք դա նշանակում է, որ քառյակը գոհ է իշխանությունների արտաքին քաղաքական գծից, Հակոբյանը պատասխանեց.- «Ես չեմ կարծում, որ եթե այդ հարցերը չենք քննարկել, նման ենթադրություններ կարելի է անել, որովհետև առանձին-առանձին չորս քաղաքական ուժերն իրենց գնահատականը տվել են թե Աստանայի հանդիպման, թե արտաքին դոկտրինի վերաբերյալ։ Ուղղակի այսօր ժամանակի պատճառով չենք անդրադարձել արտաքին քաղաքական հարցերին։ Բայց, բնականաբար, ամեն ինչ չի ավարտվում այս 12 կետերով, մենք առաջիկայում կքննարկենք շատ ու շատ հարցեր»։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ աշնանը չորս քաղաքական ուժերը հանրահավաք են անցկացնելու, որի ժամանակ էլ կգնահատեն, թե որքանով են իշխանությունները կատարել իրենց 12 պահանջները։

«Այսինքն Կառավարությանը ժամանա՞կ եք տալիս աշխատելու» հացին, Հակոբյանը արձագանքեց.- «Շատ հասկանալի պատճառով է որոշված, որ հանրահավաք պետք է լինի աշնանը։ Մենք ունենք որոշակի պահանջներ, որոնք օրենսդրական փոփոխություններով են պայմանավորված։ Եթե պահանջներ ես ներկայացնում, պարտավոր ես նաև պահանջները իրականացնելու համար որոշակի ժամկետ նախատեսել, և մենք այն պահանջները, որոնք ներկայացրել ենք, դիտում ենք, որ մինչև աշուն հնարավորություն ունի իշխանությունը այդ 12 կետերը իրականացնել։ Դրա համար արդեն նախատեսված աշնանը, դա կլինի սեպտեմբերի վերջ, հոկտեմբերին, երբ արդեն կունենանք միասնական հանրահավաք, այդ ժամանակ արդեն մեր ընդհանուր, կոնկրետ գնահատականները կտանք, մեր պահանջների հետ կապված, թե ինչքանով են իշխանությունները անդրադարձել մեր պահանջներին»։

Դիտարկմանը, որ սա համահունչ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ Կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը պատասխանեց.- «Ես չգիտեմ ինչի եք դուք անձնավորում, զուտ նորմալ տրամաբանության շրջանակներում է դա, հիմա ով, երբ ինչ է ասել, ես չէի անձնավորի»։

«Իսկ եթե իշխանությունները չկատարե՞ն ձեր պահանջները, ի՞նչ է լինելու հաջորդ քայլը» «Ազատության» հարցին Ռուբեն Հակոբյանը այսպես պատասխանեց.- «Էդ «եթե»-ն գիտեք չէ՞ երբ է դառնում կոնկրետ հարց. երբ «եթե»-ն վերջանում է և արդեն ունենք կոնկրետ պատասխան՝ կատարել են, թե՝ ոչ»։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ քառյակի 4 ուժերի առաջնորդների հանդիպման հարց չի քննարկվում, «բայց երբ որ անհրաժեշտ լինի, հանդիպումը կլինի»
XS
SM
MD
LG