Մատչելիության հղումներ

Տարկետման մասին օրենքի կետը «կարող է մեկնաբանվել կամայականորեն»


Կառավարության մայիսի 29-ի նիստում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվեց 4 երիտասարդ, ևս մեկը ստացավ տարկետում 6 տարով։

Զինապարտության մասին օրենքը հնարավորության է տալիս կառավարությանը որոշել ու տարբեր հիմնավորումներով ծառայությունից ազատել երիտասարդների։

Գևորգ Ավետիքյանը, ով ժամանակին փորձել է այս ճանապարհով տարկետում ստանալ, կարծում է, որ օրենքի այս կետը կարող է մեկնաբանվել կամայականորեն։

«Օրենքի այս կետը մի կողմից դրական է, քանի որ բոլոր տարբերակները չես կարող նախօրոք կանխատեսել և թվարկել, բայց մյուս կողմից բացասական ազդեցություն էլ կարող է ունենալ, այն առումով, որ որոշումներ կայացնելիս բավական ազատություն է տրվում որոշում կայացնողին, առավել ևս երբ այս դեպքերի մասին շատ չի լուսաբանվում, կարծում եմ, որ մեծ ռիսկ ընդհանուր առմամբ օրինական ճանապարհով, բայց ոչ միշտ ինչ-որ լուրջ հիմնավորումով մարդկանց տարկետում տրամադրելու կամ ազատելու որոշումներ կայացվեն», - ասաց Գևորգ Ավետիքյանը։

Զինապարտության մասին օրենքի շնորհած արտոնությունից օգտվում են ֆուտբոլիստներ, երաժիշտներ. վերջին ամիսներին այսպես ծառայությունից ազատվեց դաշնակահար Տիգրան Համասյանը, ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը և այլոք։

Իսկ տարկետում տեսականորեն կարող ստանալ յուրաքանչյուրը, ով կընդունվի արտերկրի բուհ, կդիմի կրթության կամ որևէ այլ նախարարություն և պետական այդ կառույցի, ապա նաև կառավարության կողմից կճանաչվի արժանի։

Գևորգ Ավետիքյանն, տեղյակ լինելով այս հնարավորության մասին, մի քանի տարի առաջ ընդունվել է Աթենքի համալսարան, ստացել է կրթաթոշակ ու դիմել է Պաշտպանության նախարարություն։

«Գնացի Պաշտպանության նախարարության, մտա հարցազրույցի, կիսահումորային տեսքով ստացա պատասխան, որ տարբերություն չկա ուր եմ ընդունվել, ամեն դեպքում չեմ կարող գնալ», - պատմեց Ավետիքյանը։

Մինչդեռ, օրինակ, նախորդ նիստում կառավարությունը հաստատեց 18-ամյա Դավիթ Ներսիսյանի դիմումը՝ հիմնավորելով, թե նա ընդունվել է Մոսկվայի միջուկային համալսարանի փողերի լվացման դեմ պայքարի բաժին, իսկ այդ ոլորտում Հայաստանն ունի բարձրագույն կրթությամբ որակյալ կադրերի պահանջարկ։

«Հայկական ժամանակ» օրաթերթում անմիջապես հայտնվեց հոդված առ այն, որ այս երիտասարդը դատավոր Ռուբեն Ներսիսյանի որդին է, Կրթության նախարարն էլ հավաստիացրեց, թե այդ մասին տեղյակ չէ։

Կրթության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տարկետում ստանալու գործընթացն իսկապես բարդ է։

«Մենք կողմնակից ենք, որ այդ գործընթացը բավականին բարդ լինի։ Մենք վերցրել ենք բարձրագույն օղակ՝ Կառավարությունը, որը պետք է որոշում կայացնի։ Ամեն մի հարց չի, որ պետք է դառնա կառավարության նիստի քննարկման թեմա։ Այդ քաղաքացին, այդ մասնագիտությունը, այդ բուհը պետք է քննարկման համար արժանի լինի»,- ասաց Տիգրան Սահակյանը։

Կրթության նախարարության վերլուծությունները ցույց են տվել, որ իրականում շատ երիտասարդներ արտերկրի բուհ են ընդունվում ծառայությունից խուսափելու համար։

«Այդ ամբողջ գործընթացը սկսվում է գերատեսչություններում, ուղարկվում է շահագրգիռ գերատեսչություններ, որոնք տալիս են կարծիքներ։ Ես ասեմ, որ ունենք շատ դիմումներ, որ մերժվում են», - ասաց Սահակյանը։

Իսկ արդյոք առանց ազդեցիկ հովանավորի որևէ մեկը, ով ցանկանում է լավ կրթություն ստանալ, կարո՞ղ է օգտվել զինապարտության մասին օրենքի ընձեռած արտոնությունից, հարցին Տիգրան Սահակյանը պատասխանեց.- «Այո, եթե նրա մասնագիտությունը պետության առաջնահերթություների ցանկում է»։
Նշենք, սակայն, որ նման հստակ ցանկ մինչ օրս չի հրապարակվել։

Երկար փնտրելուց հետո մեզ հաջողվեց գտնել մի երիտասարդի, ով ինքնուրույն փորձել է կառավարության միջոցով տարկետում ստանալ։ Սոս Ավետիսյանի՝ ամիսներ տևած պայքարը արդյունք է տվել, նա ստացել է տարկետում, բայց գործընթացը, որը Սոսի ձևակերպմամբ «բյուրոկրատական» է, այնքան երկար է տևել, որ ի վերջո նա կորցրել է տեղը եվրոպական բուհում։

«Դասերը սկսվում էին սեպտեմբերին, իսկ ես ստացա թույլտվություն հոկտեմբերին»,- ասաց Սոսը՝ հավելելով, որ գործընթացը իր պարագայում տևել է երեք ամիս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG