Մատչելիության հղումներ

Հրաժարական է ներկայացրել Աբխազիայի վարչապետը


Աբխազիայի խորհրդարանականները քվեարկում են արտահերթ նախագահագական ընտրություններ անցկացնելու հարցը:

Աբխազիայի խորհրդարանականները քվեարկում են արտահերթ նախագահագական ընտրություններ անցկացնելու հարցը:

Աբխազիայում հունիսի 1-ին հրաժարական ներկայացրած նախագահ Ալեքսանդր Անկվաբից հետո այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել միջազգային հանրության ճնշող մեծամասնության կողմից չճանաչված այդ երկրի վարչապետ Լեոնիդ Լաքերբայան:

Նախագահի պարտականություններն այժմ կատարում է խորհրդարանի խոսնակ Վալերի Բգանբան, իսկ վարչապետի պարտականությունները դրվել են Ֆինանսների նախարար Վլադիմիր Դելբայի վրա:

Հրաժարական ներկայացնելիս Անկվաբը հայտարարել է, թե այդ քայլին գնում է «քաղաքացիական խաղաղության պահպանման եւ արյունահեղություն թույլ չտալու համար»:

Քաղաքական լարվածությունը Աբխազիայում սկսեց աճել մայիսի վերջից, երբ ընդդիմադիրները սկսեցին ցույցեր անցկացնել երկրի ղեկավարության օղակներում տարածված կոռուպցիայի դեմ` պահանջելով կառավարության հրաժարականը:

Այն բանից հետո, երբ ընդդիմության ներկայացուցիչների և Անկվաբի հանդիպումն ու բանակցություներն արդյունք չտվեցին, ցուցարարները սկսեցին պահանջել նախագահի հրաժարականը:

Մայիսի 27-ին ընդդդիմադիրները Սուխումում գրավեցին նախագահական նստավայրը, կառավարության շենքը: Իրավիճակը հարթելու համար Աբխազիա ժամանեցին Կրեմլի պաշտոնյաները` Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղական Ռաշիդ Նուրգալիևը: Նրանք հանդիպումներ ունեցան Աբխազիայի իշխանության և ընդդիմության ներկայացուցիների հետ:

Արդեն հաջորդ օրը Աբխազիայի խորհրդարանը անվստահություն հայտնեց վարչապետ Լեոնիդ Լաքերբայային: Վարչապետը, սակայն, պաշտոնը լքեց միայն այսօր, նախագահ Անկվաբի հրաժարականից հետո:

Մայիսի 31-ին Աբխազիայի օրենսդիրները հայտարարեցին, որ Անկվաբն այլևս չի կարող կատարել նախագահի պարտականությունները և որոշեցին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել` օգոստոսի 24 -ին:

Այսօր լրագրողների հետ հանդիպել է նախագահի պարտականությունները կատարող Վալերի Բգանբան: Նա հայտարարել է, որ ճգնաժամը հարթվել է, իսկ արդեն հրաժարական ներկայացրած նախագահի աջակիցների` այսօր սպասվող հանրահավաքը չի կայանա, քանի որ Անկվաբի հրաժարականից հետո այն իմաստ չունի:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ արտահերթ նախագահական ընտրություններին Ալեքսանդր Անկվաբը կարող է մասնակցել, քանի որ իրավական տեսակետից որևէ խոչընդոտ չկա:

Հարցին, թե որտեղ է այժմ գտնվում Ալեքսանդր Անկվաբը, Բգանբան պատասխանել է, թե Անկվաբը գտնվում է իր տանը և նրան անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը քննարկվում է: Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Անկվաբը ապաստան է գտել Աբխազիայի ռուսական ռազմաբազայում:

Վալերի Բգանբան հայտարարել է նաև, որ վարչապետի հրաժարականից հետո բոլոր նախարարները կշարունակեն մնալ իրենց տեղերում` որպես պաշտոնակատարներ:

Վարչապետի պարտականությունները կատարող Վլադիմիր Դելբան հայտարարել է, որ կառավարության առաջնահերթ խնդիրը այժմ հանրությունը միավորելն է, բյուջեն կառարելը և արտահերթ նախագահական ընտրություններին հանգիստ պատրաստվելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG