Մատչելիության հղումներ

«Միկոյանի արձանից հետո կարելի է տեղադրել Սամվել Ալեքսանյանի արձանը»


«Միկոյանի արձանից հետո կարելի է տեղադրել Սամվել Ալեքսանյանի արձանը»
please wait

No media source currently available

0:00 0:03:31 0:00

«Միկոյանի արձանից հետո կարելի է տեղադրել Սամվել Ալեքսանյանի արձանը»

Վահան Հովհաննիսյանի հայրը տասնամյակներ առաջ միայն մեկ անգամ հանդգնել էր ընկերոջ հետ առանձնազրույցում կասկածի տակ առել Ստալինի մեծությունն ու հզորությունը, օրեր անց հայտնվել էր աքսորավայրում և ընտանիք վերադարձել միայն բռնապետի մահվանից հետո։

Հոր դաժան ճակատագիրը Հովհաննիսյանը վերջերս գրեթե ամեն օր է մտաբերում Երևանի Մոսկովյան պուրակով անցնելիս, որտեղ ըստ քաղաքային իշխանությունների, առաջիկայում տեղադրվելու է ստալինյան բռնաճնշումների մասնակից Միկոյանի արձանը։

Միկոյանը, Հովհաննիսյանի համոզմամբ, պարզապես հանցագործ է, իսկ նրանք, ովքեր հավանություն են տվել արձանի տեղադրմանը՝ Միկոյանին հավասար մարդիկ։

Մայրաքաղաքի Մոսկովյան պուրակում՝ Դրամատիկական թատրոնից մի քանի մետր վերև Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու շուրջ վեճը տեղափոխվել է նաև Միկոյանների ընտանիք։ Կրտսեր Միկոյանը՝ երաժիշտ Ստաս Նամինը դեմ է արտահայտվել արձանի տեղադրմանը, մինչդեռ ավագ Միկոյանները նրան վիրավորել են և շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանին այս նախաձեռնության համար։

Ավագ Միկոյանը՝ Ստեփանը, Հայաստան ուղարկած իր նամակում որևէ բառ չի ասում բռնադատված ու գնդակահարված ընտանիքների մասին, փոխարենը պնդում է, թե Անաստասը մշտապես հայրենանվեր գործունեություն է ծավալել և երկար տարիներ սպառողական ապրանքներ ապահովել ԽՍՀՄ-ին ու հայերին:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասում է՝ ստացվում է մի օր էլ Երևանի կենտրոնում կարող ենք տեսնել գործարար-պատգամավոր, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի արձանը, քանի որ նա էլ է հիանալի մատակարար։

«Եթե ինքը հիանալի մատակարար է և չափման միավորը սա է, մենք էլ ունենք մատակարար, մատակարարում է բացարձակապես ամեն ինչ, ինչ խելքը փչում է, շուկայից դուրս է թողնում բոլոր մյուս մատակարարներին, ինքը միահեծան է...»։

Հրանուշ Խառատյանն անձամբ արխիվային փաստաթղթեր է հրապարակել Միկոայանի կատարած հանցագործությունների, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում նրա ոչ հայանպաստ դիրքորոշման վերաբերյալ։

«Կարծեք իր կյանքի խնդիրն էր, որ Ղարաբաղն ու Զանգեզուրը Հայաստանին չտրվի։ Ի՞նչ էր պատահելու, ԽՍՀՄ-ը չէր կայանալո՞ւ, եթե Ղարաբաղն ու Զանգեզուրը Հայաստանի տարածքում լինեն։ Միկոյանի մանկության բոլշևիկյան երազա՞նքն էր խաթարվելու, ի՞նչ էր պատահելու բայց այն, որ նա ըստ երևույթին Մուսաֆաթ Սուլթանովի հետ համատեղ էր քայլում, և հետո Սուլթանովի զինվորները դարձան Միկոյանի զինվորները, դարձան 11-րդ բանակ և մտան Հայաստան»,- ասաց ազգագրագետը։

Խառատյանին հատկապես զայրացնում է իշխանությունների հաստատակամությունը արձանի տեղադրման հարցում, ինչպես նաև հնչող պնդումները, թե Միկոյանի բացասական քայլերի մասին որևէ փաստ չի ներկայացվել։ Դրանք բազմաթիվ են, ընդամենը իրականությանը առերեսվելու ցանկություն է պետք, նկատում է ազգագրագետը։
XS
SM
MD
LG