Մատչելիության հղումներ

logo-print

Լուգանսկի մոտակայքում թեժ մարտեր են ընթացել


Ռուս անջատականները բախման գոտուց հեռացնում են զոհված զինակցի դին, Լուգանսկ, 2 հունիսի, 2014թ.

Ռուս անջատականները բախման գոտուց հեռացնում են զոհված զինակցի դին, Լուգանսկ, 2 հունիսի, 2014թ.

Արևմուտքը օգնություն կտրամադրի Ուկրաինային։

Ուկրաինայի սահմանապահ ծառայության փոխանցմամբ, Լուգանսկի մոտակայքում հարյուրավոր ռուս անջատականներ նախօրեին հարձակվել են սահմանապահների հենակետի վրա։ Մարտը շարունակվել է մինչև հունիսի 2-ի վաղ առավոտ։

Ըստ սահմանապահների, առնվազն 5 անջատական սպանվել է, 8-ը վիրավորվել։ Ուկրաինացի սահմանապահներից 7-ը վիրավորվել է, նրանցից մի քանիսը ծանր վիճակում է։

Անջատականներն, իրենց հերթին, պնդում են, որ ընդամենը մեկ զինյալ են կորցրել, մեկն էլ վիրավորվել է։

Ուկրաինացի սահմանապահներն ասում են, թե ռուսները, թաքնվելով բնակելի շենքերում և դիրքավորվելով դրանց տանիքներին, տեղացի խաղաղ բնակիչներին «կենդանի վահան» են դարձրել։ Ըստ ուկրաինացի սահմանապահների, նրանք օդային գրոհի շնորհիվ են կարողացել ոչնչացնել ապստամբների երկու հրետանային կայանք։

Նոր մարտեր են տեղի ունեցել նաև Դոնեցկի շրջանում գտնվող Սլավյանսկ քաղաքում, որը ռուս անջատականների հզոր հենակետերից մեկն է։ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններն ինքնահռչակ «հանրապետություններ» են ստեղծել։

Անցած շաբաթ անջատականները փորձել են գրավել Դոնեցկի օդակայանը և վայր են գցել ուկրաինական օդուժի ուղղաթիռը, ինչի հետևանքով սպանվել է 14 ուկրաինացի զինծառայող, նրանց թվում մի գեներալ։ Ապստամբները մի քանի տասնյակ զինյալ են կորցրել։

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովն այսօր Կիևում ասել է, որ Լուգանսկում սահմանապահները, փաստորեն, ամբողջությամբ շրջապատված են, բայց շարունակում են պայքարը։

«Նրանք հիմա ամեն ինչ անում են երկրի սահմանը պաշտպանելու, իրենց առջև դրված առաջադրանքը կատարելու, տարածքն ահաբեկիչներից և ապստամբներից մաքրելու համար»,- ասել է Տուրչինովը։

Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովն այսօր պահանջել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայի արևելյան շրջաններում։

«Մեզ չափազանց անհանգստացնում է այն, ինչ տեղի է ունենում։ Ամեն օր մարդիկ են զոհվում, նախևառաջ խաղաղ բնակիչներն են տուժում։ Նրանց դեմ օգտագործվում է բանակը, ինչպես նաև մարտական օդուժը և ծանր հրետանին»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարի փոխանցմամբ, արևմտյան պետությունները Մոսկվային հավաստիացրել են, որ իրավիճակը կբարելավվի մայիսի 25-ին մեծահարուստ Պետրո Պորոշենկոյի հաղթանակով ավարտված նախագահական ընտրություններից հետո, սակայն «գործնականում ճիշտ հակառակն է տեղի ունենում»։

Լավրովը հայտնել է, որ Մոսկվան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ կներկայացնի Ուկրաինայի հարցով բանաձև, որը կպահանջի դադարեցնել մարտերը և վերսկսել հրադադարի շուրջ բանակցություններ։ Բանաձևի նախագծում կլինի նաև «մարդասիրական միջանցք» սահմանելու պահանջ, ինչը թույլ կտա խաղաղ բնակիչներին անվտանգ հեռանալ մարտական գործողությունների գոտուց։

Նշենք, որ Մոսկվան այս ամսվանից հերթագայության կարգով ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը։

Մինչդեռ, Կիև այցելած Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Դերեք Չալլեթն այսօր չմանրամասնելով վերահաստատել է, որ Վաշինգտոնը պատրաստ է լրացուցիչ աջակցություն տրամադրել ուկրաինացիներին։

«Այսօր մենք քննարկել ենք Ուկրաինայի արևելքում շարունակվող բռնությունների հարցը, դրանք իրականացնում են Ռուսաստանի աջակցությամբ գործող անջատականները, ովքեր ցանկանում են խոչընդոտել դեմոկրատական կարգով ընտրված միացյալ Ուկրաինայի նորընտիր կառավարության աշխատանքը»,- ասել է Չալլեթը։

Նա հավաստիացրել է, որ Արևմուտքը պատրաստ է ցույց տալ այն օգնությունը, որն Ուկրաինան է ակնկալում։

«Ուկրաինացիներն իրենց կարիքների շատ մեծ ցուցակ են ներկայացրել։ Ամերիկան, ինչպես նաև մեր մտերիմ գործընկերները` Լեհաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, առաջիկա շաբաթներին Ուկրաինայի հետ կաշխատեն պահանջված օգնությունը տրամադրելու խնդրի վրա»,- ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության տեղակալը։
XS
SM
MD
LG