Մատչելիության հղումներ

Հունիսի 4-ին մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարի լեհ աշխարհահռչակ կինոռեժիսոր Անջեյ Վայդայի ֆիլմերի 5-օրյա փառատոնը:

Աշխարհի ամենահեղինակավոր գրեթե բոլոր մրցանակների դափնեկիր, 88-ամյա Անջեյ Վայդան վերջին ֆիլմը` «Վալենսա. հույսի մարդը», նկարահանել է անցած տարի: Բացի այս աշխատանքից, կցուցադրվեն նաև «Երկաթե մարդը», «Մարմարե մարդը», «Մոխիր և ադամանդ», «Գետնուղի», «Եղեգնուտ» կինոնկարները:

Փառատոնի կապակցությամբ հրավիրված ասուլիսին այսօր մասնակցում էր նաև Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Նա պարզաբանեց, թե ինչու է փառատոնը մեկնարկում հենց հունիսի 4-ին. - «1989 թվականի հունիսի 4-ին Լեհաստանում անցկացվեցին առաջին ազատ խորհրդարանական ընտրությունները»:

Իսկ Անջեյ Վայդան, դեսպանի խոսքով, այն առաջին արվեստագետներից էր, ովքեր կանգնած էին Լեհաստանում ժողովրդավարական պետության ստեղծման ակունքներում:

Ասուլիսի բանախոսներից կինոգետ Զավեն Բոյաջյանի խոսքով` Անջեյ Վայդան քայլ առ քայլ անցնում է իր ժողովրդի հետ, երկրի հետ:

«Ազատության» հարցին, թե ինչու վերջին քառորդ դարի ընթացքում մեզանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները, փաստերը տեղ չեն գտել կինոարվեստում, Բոյաջյանն արձագանքեց, թե խորհրդային տարիներին որոշ ֆիլմեր նկարահանվել են ստալինյան բռնապետության մասին. - «Նկատի ունեմ ոչ միայն «Երկունքը». Ֆրունզե Դովլաթյանի վերջին շրջանի ֆիլմերը: Ընդհանրապես համարում եմ, որ Ֆրունզե Դովլաթյանը ինչ-որ չափով նման է, մեր Վայդան կարող ենք կոչել»:

Հետխորհրդային շրջանի մասին կինոգետն ասաց. - «Հենց որ սովետական երկիրը փլուզվեց, «Հայֆիլմը» կարելի է ասել արդեն գոյություն չուներ»:

«Ի տարբերություն Հայաստանի և հայ ռեժիսորների, որոնց մի մասը չեն էլ սիրում աշակերտներ ունենալ, Վայդան 2000 թվականից ունի կինոդպրոց և լեհական կինոյին մատակարարում է առաջնակարգ կադրեր: Իսկ մենք ունենք կրթական սոսկալի մակարդակ և սոսկալի պայմաններ, և այդ պայմաններում ունենալ Վայդայի մակարդակի ռեժիսոր, որը կներկայացնի մեր երկիրը, մեր պատմությունը, մեր ցավը, դա ֆանտաստիկայի ժանրից է առայժմը», - նշեց Զավեն Բոյաջյանը:
XS
SM
MD
LG