Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահ. «ԼՂ-ն չի մտնելու Մաքսային միություն»


ԱԺ նախագահ. «ԼՂ-ն չի մտնելու Մաքսային միություն»
please wait

No media source currently available

0:00 0:05:43 0:00

ԱԺ նախագահ. «ԼՂ-ն չի մտնելու Մաքսային միություն»

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր վերահաստատեց նախագահ Սերժ Սարգսյանի` անցած շաբաթ հնչեցրած պնդումը:

«Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում», - շաբաթ օրն ասել էր Սերժ Սարգսյանը երիտասարդ ՀՀԿ-ականների հետ հանդիպման ժամանակ:

«Իհարկե, Լեռնային Ղարաբաղը չի մտնելու Մաքսային միություն, որովհետև իրավական տեսակետից Լեռնային Ղարաբաղը աշխարհի կողմից ընդունված պետություն չի», - այսօր ասաց խորհրդարանի խոսնակը:

Հիշեցնենք, սակայն, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները բազմիցս նշել են, թե Ղարաբաղն ու Հայաստանը մեկ տնտեսական տարածք են լինելու: Ավելին, անցած տարեվերջին Գալուստ Սահակյանն անձամբ պնդել էր, թե Մաքսային միության և Լեռնային Ղարաբաղի միջև սահմանի հարցն անգամ քննարկվել չի կարող:

Հիշեցմանը, որ ավելի վաղը ինքը պնդել էր, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ միասին մտնելու է Մաքսային միություն, ԱԺ նախագահն արձագանքեց. - «Որպես Հայաստանի մաքսային տարածք, Հայաստանի մաքսային տարածք, բնականաբար, Ղարաբաղը նույն կարգավիճակով կլինի, ինչ որ այսօրվա գործառույթներն են: Այսինքն այն պատկերը, որ Ղարաբաղում մաքսակետ կլինի և այլն, և այլն, նման խնդիրների չի կարող լինել»:

«Ազատության» հարցին, թե նշանակում է արդյոք իր ասածը, որ ԼՂ-ն դե ֆակտո կմտնի Մաքսային միություն, իսկ դե յուրե` ոչ, Սահակյանը պատասխանեց. - «Իհարկե: Նրա ամբողջ ապրանքաշրջանառությունը, ներդրումները, բոլորը… ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում կլինեն»:

Նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե «Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում», բավական մեծ արձագանք է ստացել:

Հարցին, թե ի'ր պատկերացումներով Ղարաբաղը Հայաստանի մաս է, թե ոչ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. - «Ղարաբաղը մեզ համար այսօր հոգևոր արժեք է և մեր դիվանագիտության հիմնական թեման է, և Հայաստանը որևէ վտանգավոր փոխհարաբերությունների որևէ կառույցի կամ պետության հետ չի գնա` եթե դա Ղարաբաղի խնդրին ինչ-որ մի բանով կվնասի»:

Արձագանքելով Սերժ Սարգսյանի նույն հայտարարությանը` ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե ուզում է հավատալ, որ նախագահն այլ բան է ցանկացել ասել. թերևս այն, որ Ղարաբաղը անկախ պետություն է. - «Պատկերացում բառը մի քիչ այդ շփոթն առաջացնում է: Ընդհակառակը, մեր պատկերացումով Ղարաբաղը Հայաստան է»:

Անցած տարի, երբ Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից, Ռուստամյանը «Ազատության» հետ զրույցում նշել էր, թե իր տեղեկություններով պահանջ էր դրվելու, որ մաքսակետ լինի Հայաստանի և Ղարաբաղի միջև: «Եթե Ղարաբաղը լինելու է Մաքսային միության և Եվրասիական միության գործընթացի մեջ, ես երկու ձեռքով կողմ եմ», - մեկ տարի առաջ ասել էր նա` հավելելով, թե դա բխում է Ղարաբաղի շահերից:

Հարցին, թե այսօր, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Ղարաբաղի չի լինել Մաքսային միության անդամ, արդյոք դա բխում է ԼՂ-ի և Հայաստանի շահերից, Ռուստամյանը պատասխանեց. - «Եթե դրվում է, որ պետք է Ղարաբաղը, ըստ էության, դուրս մնա այդ բոլոր պրոցեսներից, դիտվի, որ դա ի վերջո Ադրբեջանի մաս է փաստացի և այդ պատճառով նա չի կարող առանց Ադրբեջանի համաձայնության նույն տնտեսական տարածքում լինել և այլն, դուրս է գալիս, որ սա դարձավ մի միջոց, որով Ադրբեջանը իր մոտեցումներն ավելի ամրապնդեց, քան թե մենք կարողացանք նույն Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված մեր այս անդամակցությամբ մեր դիրքերն ամրացնենք»:

Նրա համոզմամբ` ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերը դրվեն Մաքսային միության երկրների առջև: Ռուստամյանը կարծում է, որ պետք է հստակ ասվի, որ Հայաստանը չի խաթարելու Ղարաբաղի հետ ունեցած միասնական տնտեսական տարածքը, չի կարող սրա արդյունքում Ղարաբաղը մեկուսացվել և «սև գոտի», որը դուրս է միջազգային բոլոր պայմանագրերից:

Դաշնակցության ղեկավար անդամը համոզված է, որ Ղարաբաղը հարցը պիտի Հայաստանը բարձրացներ` չսպասելով, որ այն քննարկվեր Իլհամ Ալիևի նամակի հիման վրա:

Իսկ Ղազախստանի նախագահ Նազարբաևի գնահատականներին Սերժ Սարգսյանի արձագանքը Ռուստամյանը համարժեք չի համարում. - «Այդ անդրադարձը ադեկվատ չի: Միայն այդ «տհաճ» ձևակերպումը շատ քիչ է: Միայն զգացական դաշտում գնահատականներ տալը շատ սխալ ճանապարհ է: Պետք է, բնականաբար, ավելի խորքային քաղաքական և հիմնավոր պատասխան տրվի: Եվ մեր այս պահվածքը, այսպիսի հայտարարությունը, կարծում եմ, շատ թույլ է: Կիսատ պատասխաններ տալով, որտեղ որ վերջնական պատասխանները մնալու են անորոշ` սա կարող է օգտագործվել մեր դեմ»:

Այսպիսով, իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանը գնում է Եվրասիական միություն առանց Լեռնային Ղարաբաղի, սակայն պաշտոնական Երևանն առ այսօր որևէ պարզաբանում չի տվել, թե արդյունքում Հայաստանի և ԼՂ-ի միջև մաքսակետ լինելո՞ւ է, թե՞ ոչ:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր ասել է, թե չի կարծում, որ մաքսակետ կդրվի. - «Համենայն դեպս այսօր չկա մաքսակետ: Մենք ոչ մի մաքսային գործողություններ Արցախի հետ սահմանին չենք արել, չենք անում, կարծում եմ` չենք էլ անի»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG