Մատչելիության հղումներ

Փորձագետները անթույլատրելի են համարում Սարգսյանի լռությունը Աստանայում


Հայաստանի և Ղազախստանի նախագահներ Սերժ Սարգսյան և Նուրսուլթան Նազարբաև, Աստանա, 29-ը մայիսի, 2014թ․

Հայաստանի և Ղազախստանի նախագահներ Սերժ Սարգսյան և Նուրսուլթան Նազարբաև, Աստանա, 29-ը մայիսի, 2014թ․

Նրանց կարծիքով՝ Նազարբաևը առանց Պուտինի իմացության չէ նման հայտարարություն արել:

Հայաստանի նախագահը լռելու փոխարեն հայտարարությամբ պետք է հանդես գար Աստանայում։ Այսպիսի համոզմունք հայտնեցին շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպած փորձագետները՝ անթույլատրելի համարելով Սերժ Սարգսյանի լռությունը Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը ի պատասխան:

Հիշեցնենք՝ հինգշաբթի օրը Աստանայում Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Ղազախստանի նախագահը, վկայակոչելով Ադրբեջանի նախագահի նամակը, հայտարարել էր, թե Հայաստանը Եվրասիական միությանը պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Ոչ Հայաստանի նախագահը և ոչ էլ արտգործնախարարն այդ պահին որևէ կերպ չարձագանքեցին Նազարբաևին:

Փորձագետների կարծիքով՝ Նազարբաևը առանց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի իմացության չէ նման հայտարարություն արել։ Պուտինը տեղյակ էր, ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանի ռեակցիան վկայում էր այն մասին, որ նման զարգացումների չէր սպասում և այդ պատճառով էլ գերադասեց լռել։

«Բայց եթե մեզ ընդունեն, մենք չպետք է լռենք, մենք պետք է սրենք Ղարաբաղի հարցը: Վերջ, աղմուկ բարձրացավ, հիմա պետք է սրենք, ասենք՝ «չէ, Ղարաբաղով եք ընդունում, քանի որ Ղրիմով ընդունեցիք Ռուսաստանը»: Այո, մի քիչ պետք է սրել, բարձրացնել հարցերը», - ասաց Գրիգորյանը՝ հավելելով․ - «Ակնհայտ է՝ առանց Պուտինի համաձայնության ոչ մի բան չէր հնչի, դուք հասկանում եք․ իրոք Նազարբաևը մեծ ֆիգուր է, համարձակ մարդ է, բայց ինքը առանց Պուտինի չէր համարձակվի, պարզ է դա»:

Փորձագետները համոզված են, որ Հայաստանի իշխանությունները պետք է հստակորեն հարց բարձրացնեն Եվրասիական տնտեսական միության հիմնադիրների առջև՝ պնդելով, որ առանց Ղարաբաղի չեն կարող ներառվել այդ միության կազմում։

«Բայց որ հնչեցվեց այդ հարցը՝ դա ինչ է նշանակում․ վաղը, ասենք, Հայաստանը ասում է, ու մեզ ասում են՝ «հանգիստ եղեք, մտեք», մտանք Մաքսային միություն, վաղը մի հատ էլ նամակ է գրում Ալիևը, ասում է՝ «մաքսակետ դրեցի՞ք, թե՞ ոչ», վաղը Ալիևը կուղարկի դիտորդական առաքելություն, ու միջազգային հանրությունը կաջակցի դրան, ստուգելու՝ մաքսակետ կա՞, թե՞ ոչ: Ու դու դրա դեմ չես կարող բան ասել», - ընդգծեց Ստեփան Գրիգորյանը:

Նազարբաևն Ադրբեջանի նախագահի միջոցով շանս տվեց հետաձգելու Հայաստանի անդամակցումը Եվրասիականին, ասաց Բրյուսելում գործող Եվրոպական գործարար ընկերակցության փորձագետ Հովհաննես Իգիթյանը։ Նրա կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները կարող են սա օգտագործել ու թեկուզ ժամանակավոր դադարեցնել անդամակցությունը Եվրասիական միությանը։

Փորձագետը շեշտում է, որ Սարգսյանը Աստանայում պետք է խոսեր, եթե անգամ նա լռեց, ապա նրա կողքին գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պետք է հիշեցներ, որ Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, և մատնացույց աներ համանախագահող երկրներից գագաթնաժողովին ներկա Ռուսաստանին։

«Ես բոլոր դեպքերում գտնում եմ, որ արդեն ժամանակն էր, որ առնվազն արտգործնախարարը, արտգործնախարարությունը հստակ ասեր, որ դա անընդունելի է: Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանը սպասում էր Պուտինի օգնությանը», - հայտարարեց Իգիթյանը:

«Եթե անգամ ընդունենք, որ Սերժ Սարգսյանը տեղյակ չի եղել Նազարբաևի քայլին, ապա պետք է խախտեր լռությունն ու հայտարարեր, որ այս շրջանակում քննարկել մի պետության ղեկավարի նամակ, որը չի հավակնում Եվրասիականին, անիմաստ է ու անտեղի», - շարունակեց նա:

«Առնվազն պետք է ասեր՝ «մենք այստեղ նստած ենք ոչ անդամ երկրների կամ չդիմած անդամ երկրների նախագահների նամակնե՞րը քննարկելու, թե՞ այս մեր կազմակերպության հիմնադրումը և ճակատագիրը: Դա պետք է անպայման ասեր», - շեշտեց Հովհաննես Իգիթյանը:

Փորձագետները համոզված են, որ այն, ինչ տեղի ունեցավ Աստանայում, խոսում է այդ երկրների տնտեսական շահերի մասին, որտեղ Հայաստանը իրականում դեր ու նշանակություն չունի։
XS
SM
MD
LG