Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական գործակալության տեղեկատվությունը


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդագրություն է տարածել՝ հերքելով և «իրականության հետ որևէ առնչություն չունեցող» որակելով ադրբեջանական APA լրատվական գործակալության տեղեկատվությունը, ըստ որի՝ մայիսի 25-ին շփման գծում զոհված փոխգնդապետը զբաղեցրել է Հայաստանի ՊՆ-ի 2-րդ բանակային կորպուսի հետախուզության պետի պաշտոնը:

«Ադրբեջանական «ապա.ազ»-ի քարոզիչները, վկայակոչելով «ռազմական աղբյուրներ», գրում են, թե մայիսի 25-ին ղարաբաղա - ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Գարիկ Բալայանը զբաղեցրել է ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հետախուզության պետի պաշտոնը: Ավելին` իրականությանը չհամապատասխանող այս տեղեկատվությունը վերածվում է զավեշտի` հայ սպայի «փոխգնդապետ» զինվորական կոչումը ադրբեջանական քարոզիչները նշում են որպես «գնդապետ-լեյտենանտ», - իր հաղորդագրությունում նշում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ շարունակելով․ - «Վերոնշյալ ապատեղեկատվությունը իրականության հետ որևէ առնչություն չունի նաև այն առումով, որ ղարաբաղա - ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությունը, որտեղ տեղակայված մարտական հենակետում մայիսի 25-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Գարիկ Բալայանը, վերահսկվում է ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից, իսկ ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները տեղակայված են բոլորովին այլ հատվածում և պատասխանատվություն են կրում այլ ուղղության անվտանգության ապահովման համար»:

«Կարծում ենք, որ ադրբեջանական քարոզիչների «ռազմական աղբյուրները», թերևս, պատկերացում ունեն ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի պատասխանատվության գոտու սահմանների վերաբերյալ, և զավեշտալի է, որ փորձ է արվում սեփական գործելաոճը, այն է` արձանագրված դեպքերի և պատահարների ստույգ տվյալները թաքցնելն ու փաստերը խեղաթյուրելը, վերագրել հայկական կողմին», - ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ Հայաստանի Զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում, ու կոչ է անում «տեղի չտալ ադրբեջանական աղբյուրներով տարածվող հերյուրանքին և զերծ մնալ չճշտված, բացահայտ կեղծ տեղեկություններ հրապարակելուց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG