Մատչելիության հղումներ

Երևանի ավագանին մերժեց Միկոյանի արձանի տեղադրումը չեղյալ հայտարարելու առաջարկը


Հայաստան – Սովետական քաղբյուրո անդամ Անաստաս Միկոյանը (աջից) այցելում է Սովետական Հայաստան, արխիվ

Հայաստան – Սովետական քաղբյուրո անդամ Անաստաս Միկոյանը (աջից) այցելում է Սովետական Հայաստան, արխիվ

Երևանի ավագանին այսօր մերժեց բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման որոշումը չեղյալ հայտարարելու՝ ընդդիմադիր «Բարև Երևան» դաշինքի առաջարկը:

Ավագանու նիստին հարցը ներկայացնող Դավիթ Սանասարյանը՝ «Բարև Երևան» դաշինքից, հիշեցրեց մի քանի պատմական փաստ, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում էլ ավելի ակնհայտ դարձրին՝ ով է եղել Միկոյանը Հայաստանի համար:

«Հանրային կարծիքն ակնհայտորեն դեմ է Երևանում Միկոյանի արձանը տեղադրելուն: Վիճակը շտկելու և մեր որոշումը վերանայելու համար կա մեկ ճանապարհ՝ չեղյալ հայտարարել ապրիլի 30-ի որոշումը և այդ նպատակով կոչ ենք անում ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններին համատեղ ստեղծել ավագանու նախագիծ, որով չեղյալ կհայտարարվի ապրիլի 30-ի ավագանու որոշումը», - ասաց Սանասարյանը:

Մինչդեռ քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը պնդեց, թե անգամ Միկոյանի հասցեին հնչող այս մեղադրանքներից ու հարցի շուրջ սկսված քննարկումներից հետո քաղաքապետարանը չունի հստակ փաստեր Միկոյանի չարագործ լինելու վերաբերյալ: Չնայած երեկ քաղաքապետարանը արձանի տեղադրման դեմ նամակ էր ստացել՝ 200 ստորագրություններով և կցված 4 պատմական փաստաթղթերով, քաղաքապետի խորհրդականը պնդեց՝ դրանք արժանահավատ չեն:

«Ես կարող եմ փաստերով ապացուցել, որ այդ փաստաթղթերը սխալ են», - հայտարարեց նա:

Ավագանու հանրապետական անդամներն իրենց պարտքը համարեցին գովեստի խոսքեր շռայլել Անաստաս Միկոյանի հասցեին՝ հիշատակելով նրա կատարած միայն հայրենանվեր գործերը: Ռեժիսոր Արա Երնջակյանը նույնիսկ ասաց, թե ժամանակներն էին այդպիսին, և ժամանակին անգամ Չարենցն է Լենինին գովերգել: Սանասարյանը հակադարձեց՝ Չարենցը մարդասպան չի եղել:

Տարոն Մարգարյանը փակեց թեման՝ պնդելով, թե ավագանու ապրիլի 30-ի որոշումը չեղյալ հայտարարելու համար հիմքեր չկան և հարցը փակված է:

«Ազատության» հետ զրույցում Երևանի ավագանու հանրապետական անդամներ Արա Երնջակյանն ու Մարտին Վարդազարյանը վստահեցրեցին, որ Անաստաս Միկոյանը այն մարդն է, ում բրոնզե ներկայությունը Երևանում անհրաժեշտություն է:

Ավագանու արվեստագետ, հանրապետական ներկայացուցիչները արձանի շուրջ ստեղծված հանրային ընդվզումը համեմատում են «Սինյոր Ռոբինզոն» ֆիլմի և «Մաուգլի» մուլտֆիլմի դրվագների հետ, երբ մի դեպքում աբորիգենները մեծարում են իրենց ցեղակցին, չգնահատելով Շեքսպիրի սոնետը, մյուս դեպքում էլ շնագայլերը սիրաշահում են իմաստուն Կա օձին:

«Բանավեճ չկա․ չի կարելի հիմա ամեն ինչը դատել: Գիտեք, հիմա շատ հեշտ կարող ենք դատել ինչ էր տեղի ունենում այն տարիներին՝ այս դիրքերից, բայց փորձեք լինել էն ժամանակներում ու տեսնեմ այդ խոսողները ի՞նչ կուռկուռի ծակ էին մտել, որ պլստան այս ամբողջը», - ասում է Արա Երնջակյանը:

Մարտին Վարդազարյանն էլ շեշտում է՝ պատմական լուրջ և իրական փաստեր այդպես էլ չբերվեցին Միկոյանի դեմ․ - «Ապացույցներ չկան, Միկոյանի ստորագրությունը ոչ մի դատավճռի տակ չկա: Այն, որտեղ էլ որ գրում են, որ քաղբյուրոյի անդամները համաձայն են այսինչ-այսինչ ռեպրեսիվ միջոցներին, ոչ մի այդպիսի փաստաթղթի տակ Միկոյանի ստորագրությունը չկա: Ուղղակի գրված է՝ Микоян согласен»:

Երևանում խորհրդային պետական ու կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու՝ ավագանու ապրիլի 30-ի նիստում կայացված որոշումը հանրային լայն արձագանք է ստացել: հարյուրավոր քաղաքացիներ և մտավորականներ ստորագրահավաք են անցկացնում՝ ՀՀ վարչապետից, քաղաքապետից ու մշակույթի նախարարից պահանջելով չեղյալ համարել «հազարավոր անմեղ մարդկանց կյանքից զրկելու գործում մասնակցած» և այդ «գործը նախաձեռնած» գործչի արձանը տեղադրելու որոշումը։

Ավագանու հանրապետական խմբակցության անդամ, Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով ապրիլի 30-ին ընդդիմացել էր ավագանու որոշմանը, հայտարարելով, որ ինքը չի կարող համաձայնել նման կենսագրություն ունեցող գործչի արձանի տեղադրմանը, օրեր առաջ «Ազատության» հարցին ի պատասխան ասել էր, որ սկզբունքային մարդ լինելով չի կարող փոփոխության ենթարկել կամ այլ ինտերպրետացիա տալ պատմությանը ու ընդգծել՝ «Ես խոսում եմ փաստերի լեզվով, ոչ թե որպես անհատ»։

Մարտին Վարդազարյանը, մինչդեռ, ասում է, որ հարյուրավոր մարդիկ են փրկվել Միկոյանի շնորհիվ: Արա Երնջակյանն էլ ակնարկում է, որ Երրորդ համաշխարհային պատերազմը կանխվեց Միկոյանի ջանքերով: Այդուհանդերձ, արվեստագետները չեն հստակեցնում, ինչո՞ւ հաշվի չի առնվում հանրային կարծիքը, որն այս դեպքում բավական բացասական է:

«Բարև Երևան» դաշինքից Դավիթ Սանասարյանը, ով այսօր ավագանու նիստում առաջարկեց Միկոյանի արձանը տեղադրելու մասին որոշումը չեղյալ հայտարարել, այդուհանդերձ սպասելիքներ չունի ավագանու այսօրվա դիրքորոշումից:

«Շատ ամոթալի վիճակում կհայտնվեն և իրենք հարազատների մոտ, որովհետև այսքան բռնադատվածների ժառանգներ, ես ինքս, լինելով, ժառանգ, խոսել եմ շատ-շատերի հետ․․․ ամեն մեկը ինչ-որ բան այդ արձանի հետ պատրաստվում է անել», - ասաց նա:

Ի դեպ, այսօր ավագանու նիստի օրակարգում խորհրդային տարիների ևս մեկ հայտնի ներկայացուցչի՝ Մկրտիչ Ներսիսյանի հուշատախտակի տեղադրման հարցն էր ներառված, ինչը վրդովվեցրեց «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանին: Այդուհանդերձ, ավագանու հանրապետական անդամներից Լևոն Իգիթյանը, թվարկելով Ներսիսյանի հեղինակած մի քանի պատմական գրքի անուն, առաջարկեց Սաֆարյանին մտածել սեփական կենսագրության մասին:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG