Մատչելիության հղումներ

«Նոր Եդեսիան անապատացման վտանգի տակ է»


Նոր Եդեսիայի բնակիչները կառավարության շենքի դիմաց, 30-ը մայիսի, 2014
Նոր Եդեսիայի բնակիչները կառավարության շենքի դիմաց, 30-ը մայիսի, 2014

Այսօր վաղ առավոտից Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի տասնյակ բնակիչներ հավաքվել էին կառավարության շենքի առջև և պահանջում էին շուտափույթ լուծել գյուղի խմելու և ոռոգման ջրի խնդիրները։

Նրանց խոսքով՝ գյուղը խմելու ջուր է ստանում շաբաթը մեկ անգամ այն էլ մեկ ժամով։ Իսկ ոռոգման ջրի համար թեև ժամանակացույց է գործում, սակայն տրվող ջուրն իրենց այդպես էլ չի հասնում։

Ասում են՝ արդեն 7 տարի գյուղից քիչ հեռու ինչ-որ մեծահարուստ իր այգիներն է ոռոգում ու գործարան է աշխատեցնում, ինչի հետևանքով էլ իրենց հողատարածքները ջրազրկվում են։ Մեծահարուստի անունը, սակայն, գյուղացիները խուսափում են հրապարակել` նշելով, թե դա վտանգավոր է։

«Սկսում են հայհոյանքներ, ամենավերջին փողոցային բառերով ճանապարհել և նույնիսկ սպառնալ։ Դե, իրենք արդեն 7 տարի է այդտեղ են, իսկ մեր խմելու ջուրը 3 կմ անցնում է իրենց հողատարածքով։ Փտած, քայքայված գծեր են դրանից էլ այդ հողերը ջրվում են, բուժվում են, հազար ձևի թունաքիմիկատներով։ Էդ ջուրը գալիս լցվում է մեր խմելու ջրի բասեինը՝ ամբար, որտեղից էլ տրվում է համայնքին։ Համայնքն օգտվում է այդ թունավոր ջրից։ 3 կմ ջրագիծը շրջանցել, որպեսզի այդ տարածքով չանցնի, այդ թույների միջով չեն անում»:

Շաբաթը մեկ անգամ մեկ ժամով տրվող խմելու ջուրը գյուղացիները ստիպված տարաներով են հավաքում մինչև հաջորդ շաբաթ իրենց խնդիրները հոգալու համար։

«Հիմա պատկերացրեք էս շոգին, մի շաբաթ ամանների ջուրն ինչ է լինելու, խոլերիա էլ են ընկնելու։ Աշտարակի տարածքի հիվանդանոցում սաղ մեր երեխաներն են, բորբոքված է աղիքները՝ ջրից է, գալիս անալիզ են վերցնում ջրից, կորում են, որովհետև տեսնում են, որ ջուրը էն ջուրը չի, բացում ես, կես ժամ ժանգ է գալիս»։

Գյուղացիներն ասում են, որ ոռոգման ջրի սակավության պատճառով գյուղն արդեն անապատացման վտանգի առջև է կանգնել. 300 տնտեսություն և մոտ 1000 հեկտար հողատարածք, ըստ գյուղացիների, այսօր անջուր է մնացել։

«Եթե մի միլիարդատեր կարող է իր փողի ուժով ինձ հասնելիք ջուրը վերցնի, իր տարածքները ջրի, բա ես ինչո՞վ ապրեմ, էս գյուղացիներն ինչո՞վ ապրեն։ Բոլորը բարձրաձայնում են ժողովրդի արտագաղթի մասին, հայրենիքը լքում են, լավ մնանք, բա ի՞նչ անենք, ո՞վ է մեր տերը, մեր հայրենիքում մեր գլխին տեր կա՞, թե՝ չէ»,-«Ազատության» հետ զրույցում ասացին գյուղացիները։

Գյուղապետ Վահան Աբգարյանն ասում է՝ այս մասին թե մարզպետարանում գիտեն, թե կառավարությունում, թե ջրային տնտեսությունում։ Աբգարյանի խոսքով՝ եթե նախկինում նման պայմաններին համակրեպվել էին ու համբերատար պատկան գերատեսչություններից խնդրի լուծմանն էին սպասում, ապա այսօր այլևս սպասելու հնարավորություն չունեն, որովհետև վիճակը շտկվելու փոխարեն օրեցօր ավելի է վատանում։

«Թաքուն կերպով միացրել են մեր ջրագիծն ու օգտագործում են իրենց սեփական նպատակների համար։ Իրենք ասել են հարցը կլուծվի, բայց հարցը չի լուծվել՝ ավելի բարդացել է։ Իրենք դնում են այդ ջրագիծը փակում են, ասում են՝ էս տարածքով ջուր չպետք է անցնի»,-ասաց Աբգարյանը։

Գյուղացիներին ընդունեց տարածքային կառավարման փոխնախարարն ու բողոքները լսելուց հետո խոստացավ խնդիրն ուսումնասիրել ու լուծում տալ։ Ավելի ուշ գյուղապետն «Ազատությանը» հեռախոսով տեղեկացրեց, որ այս պահին գյուղում են «Ջրպետկոմ»-ի, «Հայջրմուղկոյուղու» փորձագետները, ովքեր տեղում ուսումնասիրություններն ավարտելուց հետո արդյունքներն այսօր կներկայացնեն տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, վերջինս էլ ավելի ուշ կընդունի գյուղապետին ու կորոշեն հետագա անելիքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG