Մատչելիության հղումներ

Սերբիայի հայ համայնքի օգնության կոչը դեռ անպատասխան է


Սերբիա - Ջրհեղեղը Օբրենովաց քաղաքում, 19-ը մայիսի, 2014թ․
Սերբիա - Ջրհեղեղը Օբրենովաց քաղաքում, 19-ը մայիսի, 2014թ․

Հայաստանի կառավարությունում, մինչդեռ վստահեցնում են, որ ջրհեղեղից տուժած սերբահայերին օժանդակելու հարցը օրակարգում է:

Ջրհեղեղից տուժած Սերբիայի հայկական համայնքի օգնության կոչը՝ ուղղված Հայաստանի կառավարությանը, աղետից գրեթե երկու շաբաթ անց դեռ անպատասխան է, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց համայնքի ղեկավար Սամվել Այվազյանը:

Համայնքի օժանդակության հարցերը համակարգելու համար ստեղծված 5-հոգանոց խմբի անդամ Մարիամ Ֆարմանյանը ասում է՝ մոտ 300 հայկական ընտանիք կա Սերբիայում, օգնության կարիք ունեն հատկապես մի քանի տասնյակ ընտանիքներ, որ հայտնվել են աղետի կիզակետում, զրկվել են տնից, հողից, անասուններից:

«Գոմերը, անասունները, հողատարածքները ոչ մի բանի պիտանի չի, ասենք, վարուցանք չենք կարող անել: Այնպես որ, վիճակը իրոք մեզ մոտ շատ բարդ է՝ մեր, բոլոր հայերի՝ այստեղ Սերբիայում գտնվող: Ունենք բոլոր տեսակի օգնության կարիք, դիմել ենք շատերին, երևի կգտնվեն բարի մարդիկ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ֆարմանյանը:

Վտանգ կա, որ քիմիական գործարանը հեղաղած, ապա իրենց կողմը եկած ջուրը թունավորել է միջավայրը, աղետի գոտու հող ու ջրից այլևս չեն կարող օգտվել, ասում է Սերբիայի հայ համայնքի ղեկավարը:

«Դեպքերից հետո այստեղ շատ մեծ խնդիր է դրված՝ պտուղ-բանջարեղեն, ոչ մի բան չառնել այդ տուժած տարածքներից, շատ հնարավոր է, որ այդ ջրի մեջ թունավոր բաներ էլ են եղել», - հայտնեց Սամվել Այվազյանը:

Շուրջ երկու տասնյակ երկրներ և միություններ արձագանքել են Սերբիայի օգնության կոչին, այդ թվում՝ Ռուսաստանը, Եվրամիությունը, Գերմանիան, Կիպրոսը: Եվրամիությունը, բացի փրկարարներ ուղարկելուց, խոստացել է մոտ 65 միլիոն եվրո տրամադրել, այլ երկրներ մարդասիրական օգնություն են ուղարկում, ի դեպ՝ դրանց թվում է և Ադրբեջանը, որ դեռ մայիսի 19-ին երկու ինքնաթիռ օգնություն է ուղարկել Սերբիա: Հայաստանի կառավարությունը, սակայն, իր վերջին երկու նիստերի ընթացքում որևէ կերպ չի անդրադարձել հարցին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանը «Ազատությանը» փոխանցեց, որ հարցը դեռ քննարկվում է: «Օգնություն տրամադրելու հարցը օրակարգում է և այս պահին դեռ քննարկվում է», - ասաց նա:

Սերբիայի հայ համայնքի ղեկավար Սամվել Այվազյանն ասում է՝ դեռ հույսը չեն կորցրել, սպասում են, որ օգնության իրենց կոչը, այնուամենայնիվ, անպատասխան չի մնա:

Ջրհեղեղից ամենաշատը տուժած շրջաններում մարդիկ անգամ խմելու ջրի կարիք ունեն:

«Հուսով ենք, ու դրա իրոք կարիքը ունենք էլ, ու այստեղ հիմնական ամենամեծ խնդիրը հիմա ջրի խնդիրն է, որովհետև նույնիսկ Բելգրադում խորհուրդ չեն տալիս ջուրը օգտագործել՝ միայն առնովի ջուրն է: Այնպես որ, ամեն ինչի կարիք էլ այստեղ ունենք, եթե ինչ-որ մեկը կարող է օգնել, վատ չէր լինի: Վատ չէր լինի, որ մեր կառավարությունից էլ ինչ-որ մեկը ինչ-որ մի բան ձեռնարկեր», - ասաց Այվազյանը:

Սերբիայում ջուրը կամաց-կամաց իջնում է, ջրհեղեղից ամենաշատ տուժած քաղաքի` Օբրենովացի մի մասը դեռ ջրածածկ է, այնտեղ իրավիճակը միայն մեկ շաբաթից կկարգավորվի: Աղետալի ջրհեղեղից հետո այդ երկիրը հաշվում է վնասները:

Տուժել է ընդհանուր առմամբ մեկևկես միլիոնից ավելի մարդ, զոհերի թիվը անցել է չորս տասնյակը, 30 հազարից ավելի մարդ տարհանվել է, շուրջ 4 հազար շինություններ կա՛մ ջրածածկ են, կա՛մ փլուզման վտանգի տակ են: Վարչապետ Ալեքսանդր Վուչիչը մայիսի 29-ին հայտարարել է, որ վնասը մոտ 1 միլիարդ եվրո է կազմում, իսկ ջրհեղեղի հետևանքները վերացնելը կտևի առնվազն կես տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG