Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի փորձագետներ․ Եվրասիականի կազմում Ղարաբաղի մասին խոսք լինել չի կարող


Ղազախստան - Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցները Աստանայի օպերայում համերգի ժամանակ, 29-ը մայիսի, 2014թ․

Ղազախստան - Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցները Աստանայի օպերայում համերգի ժամանակ, 29-ը մայիսի, 2014թ․

Մոդեստ Կոլերովի կարծիքով՝ Հայաստանը մտադիր չէ միանալ Եվրասիականին, Պավել Ֆելգենգաուերը, սակայն, հակառակում է համոզված:

Հայկական կողմը ամեն ինչ արել է, որպեսզի Նազարբաևը նման հայտարարություն անի Աստանայում, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում ասաց ռուսաստանցի փորձագետ, REX լրատվական գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը:

Հինգշաբթի օրը Աստանայում Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ Հայաստանը կարող է միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Երևան կատարած այցից հետո Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Հայաստանը Եվրասիական միություն կգնա միայն Ղարաբաղի հետ կամ չի գնա, «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց Կոլերովը՝ հավելելով, թե այս հայտարարությանը, բնական է, ղազախական կողմը չէր կարող չարձագանքել:

Ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ Հայաստանը մտադիր չէ միանալ Եվրասիական միությանը: «Ազատության» հարցին՝ «Ձեր տրամաբանությամբ, ստացվում է, որ Հայաստանը հրաժարվո՞ւմ է միանալ Եվրասիական միությանը», Կոլերովը պատասխանեց, թե այո, հրաժարվում է միանալ, և ինքը այդ մասին ծավալուն հոդված է գրել:

«Հայաստանը նորից փորձում է բազմաբևեռ քաղաքականություն վարել, ինչը վստահություն չի ներշնչում ոչ Արևմուտքին, ոչ էլ Ռուսաստանին», - ասաց Մոդեստ Կոլերովը:

Ռուսաստանցի մեկ այլ փորձագետ՝ Պավել Ֆելգենգաուերը, հակառակը, համարում է, որ Հայաստանը շտապում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը, և որ Նազարբաևը ասել է այն, ինչ պետք է ասեր, քանի որ իսկապես բարեկամական հարաբերություններ ունի թե՛ Իլհամ Ալիևի, թե՛ Ադրբեջանի հետ:

Ի տարբերություն Կոլերովի՝ Ֆելգենգաուերը համոզված է, որ Հայաստանը միանալու է Եվրասիական միությանը: «Երևանը ուրիշ ճար չունի», - ասաց փորձագետը:

Ե՛վ Կոլերովը, և՛ Ֆելգենգաուերը համոզված են, սակայն, որ Ղարաբաղի մասին Եվրասիական միության կազմում խոսք լինել անգամ չի կարող, այլ հարց է, որ կար պայմանավորվածություն, որ Ղարաբաղը դե ֆակտո նույնպես հայտնվում է Եվրասիական միության գոտում, միայն թե այս մասին պայմանավորվել էին չխոսել:

Մոդեստ Կոլերովը, սրա հետ մեկտեղ, ասում է, թե Մոսկվային հաջողվել էր համոզել Նազարբաևին չբարձրաձայնել այս հարցը, բայց Ղազախստանի նախագահը երեկ արեց հայտնի սկանդալային հայտարարությունները, և, օրինակ, Պավել Ֆելգենգաուերը ասում է, թե Սերժ Սարգսյանը «կուլ կտա» այդ խոսքերը, քանի որ Հայաստանին անհրաժեշտ է միանալ Եվրասիական միությանը՝ գոնե միայն աշխատանքային միգրանտների պատճառով:
XS
SM
MD
LG