Մատչելիության հղումներ

Շահնազարյանը վստահ է՝ հայկական կողմը կարող էր հակադարձել Նազարբաևի հայտարարությանը


Դավիթ Շահնազարյան, արխիվ

Դավիթ Շահնազարյան, արխիվ

Հայաստանը գնում է դեպի հակաքաղաքակրթական, մեկուսացող ինչ-որ մի միավորում, հայտարարում է ընդդիմադիր գործիչը:

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, 1992-95 թվականներին Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ ցանկության դեպքում հայկական կողմը կարող էր Աստանայում Ղազախստանի նախագահի հայտարարությանն ի պատասխան հայտնել իր դիրքորոշումը:

Հինգշաբթի օրը Աստանայում Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդես եկավ անակնկալ հայտարարությամբ, որ Հայաստանը կարող է միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Ոչ Հայաստանի նախագահը և ոչ էլ արտգործնախարարը այդ պահին որևէ կերպ չառարկեցին Նազարբաևին:

«Ինչպես տեսանք, Հայաստանից ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Էդվարդ Նալբանդյանը որևէ ձևով չարձագանքեցին, թեև միանգամից կարող էին տեղում հարցը փակել՝ միանգամի՛ց, եթե այդ ցանկությունը կար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շահնազարյանը՝ մանրամասնելով․ - «Այսինքն՝ կարող էին ասել՝ «մենք համաձայն ենք, բայց դա պետք է վերաբերի բոլո՛ր մասնակիցներին, այդ թվում առաջին հերթին Ռուսաստանին», որովհետև Ղրիմը որպես Ռուսաստանի մաս չի չի ճանաչել ո՛չ Հայաստանը, ո՛չ Բելառուսը, ո՛չ Ղազախստանը, և ասվեր՝ ինչու այդպիսի սելեկտիվ վերաբերմունք Հայաստանի վերաբերյալ»:

«Հարցը դրանով միանգամից կփակվեր, նույնիսկ կբարդանար ընդհանրապես փաստաթղթի ստորագրումը», - համոզված է ընդդիմադիր գործիչը:

«Ինչու դա չարվեց՝ երևի Ռուսաստանին չզայրացնելու համար, մեկ, երկրորդ, չեմ կարծում, որ դա լինի, գուցե դրանով հնարավորություն է ստեղծվում, եթե Հայաստանի իշխանություններն ունեն այդպիսի նպատակ, այդ պատրվակով չանդամակցել այս հակաքաղաքակրթական միությանը», - նշեց Շահնազարյանը:

Ինչ վերաբերում է Նազարբաևին՝ «այստեղ որևէ նորություն չկա», ասաց ընդդիմադիր գործիչը՝ շարունակելով․ - «Մենք հայտնվել ենք այնպիսի ձևաչափում, որտեղ մյուս անդամների և մեր շահերը իրար հետ խոր հակասության մեջ են»:

«Բայց մենք տեսանք, որ Հայաստանին, ցավոք սրտի, տվեցին տնային առաջադրանք՝ ասացին՝ «գնացեք, մի ամսում հարցը փորձեք կարգավորել», - ընդգծեց Շահնազարյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է պատրաստ լինեին նման զարգացման․ - «Ես կարծում եմ՝ պատրաստ էին, նույնիսկ ես վստահ եմ, որ այս հակափաստարկը իրենք ունեին, բայց չօգտագործեցին շատ ու շատ այլ պատճառներով»:

«Ցավոք սրտի, Հայաստանը գնում է դեպի հակաքաղաքակրթական, մեկուսացող ինչ-որ մի միավորում», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

Միաժամանակ, նա շեշտեց, որ «շատ մեծ հարցականի տակ է՝ կկայանա այս ամեն ինչը թե ոչ, որովհետև Ռուսաստանը իրականում՝ թե՛ Չինաստանի հետ իր մեծ պայմանագրով, թե՛ այս ամեն ինչով, փորձում է ավելի շատ աղմուկ և տպավորություն ստեղծել, թե իր շուրջն ինչ-որ համախմբում կա, քան իրականում այս կա»:
XS
SM
MD
LG