Մատչելիության հղումներ

logo-print

Առայժմ անորոշ է ԼՂ կարգավիճակը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու դեպքում


ԱԺ երկու մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ այսօր ներկայացվում էր անցած տարվա բյուջեի կատարողականը, փոխարտգործնախարարներ Սերգեյ Մանասարյանն ու Կարեն Նազարյանը այդպես էլ չհստակեցրին, թե Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության դեպքում ինչ կարգավիճակ է ունենալու Լեռնային Ղարաբաղը:

«Հայաստանին հրավիրում են, որ ՄԱԿ-ի ճանաչված սահմաններով պետք է գա: Այդպիսի պայման դրվա՞ծ է Հայաստանի առաջ, Հայաստանը կհամաձայնի՞ այդ պայմանին, կլինի՞ մաքսակետ Հայաստանի և Ղարաբաղի միջև». «Ազատության» այս հարցերին Կարեն Նազարյանը պատասխանեց. - «Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, որը այս պահին գտնվում է Աստանայում և մաս է կազմում Հայաստանի պատվիրակությանը, արդեն այդ առիթով հասցրել է մեկնաբանությամբ հանդես գալ: Ավելին, քան իր ասածը, ես չեմ կարող ասել»:

Հարցին, թե արդյոք Շավարշ Քոչարյանը հստակեցրել է մաքսակետի խնդիրը, Նազարյանն արձագանքեց. - «Այս պահին մենք շարժվում ենք մեր հանձնառություններին և մեր հայտարարված խնդիրներին ու ժամանակացույցին համապատասխան: Հուսով ենք, որ մեր գործընկերները ժամանակին դրանց կարձագանքեն, և խնդիրներ չեն լինի»:

Կարեն Նազարյանի այս հայտարարությունից ավելի քան երկու ժամ է անցել, սակայն Հայաստանում դեռ որևէ մեկը չգիտի, թե ինչ է ասել Աստանայում Շավարշ Քոչարյանը:

Ըստ ԵՏՄ հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահի, Հայաստանը մինչև հուլիսի 1-ը ստորագրելու Եվրասիական միության միանալու փաստաթուղթը` պայմանով, որ անդամակցությունը տեղի կունենա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, առանց Լեռնային Ղարաբաղի:

Նազարբաևի այս հայտարարությունը անհանգստացրել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին. - «Մենք բոլորս մտահոգ ենք և չունենք պատասխանը… Մենք ուզում ենք հասկանալ. այնտեղ հայտարարություններ են արվել… Հայտարարվել է, որ անդամակցությունը լինելու է ՄԱԿ-ի ճանաչված սահմաններով: Հիմա Ռուսաստանը ստորագրել է այդ պայմանագիրը: Ի՞նչն է պրոբլեմը, որ մենք չենք կարող անդամակցել Լեռնային Ղարաբաղի հետ միասին այն Մաքսայինին, որին Ռուսաստանը միանում է Ղրիմով` օտար պետության բռնակցված տարածքով»:

Վահան Բաբայանը (ԲՀԿ) նույն հարցադրումներով դիմեց Սերգեյ Մանասարյանին, վերջինս էլ, սակայն, հստակ պատասխան չտվեց` ասելով. - «Հայաստանն ակնկալում է, որ մինչև հունիսի 15-ը կանդամակցի Եվրասիական միությանը: Բանակցային գործընթացը շարունակվում է»:

«Այսօր Հայաստանը չի ստորագրել Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը, և Սերժ Սարգսյանը ասել է, որ կան որոշակի վիճահարույց հարցեր, երկու-երեք օր պետք է ժամանակ տրամադրել, որպեսզի Հայաստանը միանա: Այսինքն դա հնարավոր է, և պատրաստ է ստորագրման տեքստը: Ես կուզենայի ճշտել, թե որոնք են այն վիճահարույց հարցերը, որ այդ օրերին ընթացքում պետք է ճշտվեն, և Լեռնային Ղարաբաղի հանրապետության սահմանին Մաքսային միության քաղաքականությունը ինչպիսին է լինելու», - հարցրեց Վահան Բաբայանը:

«Բոլոր կոնցեպտուալ խնդիրները շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, և վստահեցնում եմ ձեզ, որ խոսքը գնում է տեխնիկական բնույթ կրող հարցերին», - արձագանքեց Մանասերյանը:

Ինչին Ալեքսանդր Արզումանյանը հակադարձեց. - «Դա տեխնիկական հարց չէ. դա Հայաստանի ճակատագրական հարցերից է»:

Ավելի ուշ նույն փոխարտգործնախարարն անպատասխան թողեց նաև լրագրողների հարցերը:

«Ազատության» հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում չի գտնվի մի քաղաքական ուժ, որը կողմ կլինի Հայաստանի ու Ղարաբաղի տարանջատմանը: Նա կարծում է, որ Հայաստանն ու Ղարաբաղը պետք է մեկ տնտեսական տարածք դիտարկվեն. - «Ես ենթադրում եմ, որ խնդիր կա, այլապես եթե խնդիր չլիներ, գոնե արտգործնախարարը որոշակի տեղեկատվություն կունենար»:


ՄԱԿ-ում Հայաստանը Ուկրաինայի դեմ չի գործել

Կարեն Նազարյանը, ով ՄԱԿ-ում անձամբ էր դեմ քվեարկել Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական ճանաչելու բանաձևին, այսօր հայտարարեց, որ Հայաստանն Ուկրաինայի դեմ չի գործել:

«Դեմ քվեարկելով բանաձևին, չենք ճանաչում Ղրիմը: Այսինքն դա չի ենթադրում Ղրիմի ճանաչում», - ասաց Նազարյանը:
XS
SM
MD
LG