Մատչելիության հղումներ

Անկարայում ԱՄՆ-ի հաջորդ դեսպանի հնարավոր թեկնածուն Ջոն Բասն է


ԱՄՆ պետքարտուղարի գործադիր օգնական Ջոն Բաս, արխիվ

ԱՄՆ պետքարտուղարի գործադիր օգնական Ջոն Բաս, արխիվ

Անկարայում ԱՄՆ-ի նոր դեսպանի հնարավոր թեկնածուի շուրջ Թուրքիայում արդեն իսկ քննարկումներ են սկսվել։

Ներկայիս դեսպան Ֆրենսիս Ռիարդիոնեի՝ ամռանն ավարտվող առաքելությունից հետո Անկարայում ԱՄՆ-ի նոր դեսպան կարող է նշանակվել Ջոն Բասը, ով այժմ զբաղեցնում է ԱՄՆ պետքարտուղարի գործադիր օգնականի պաշտոնը: Ավելի վաղ նա Թբիլիսիսում ԱՄՆ-ի դեսպանն էր, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին։

Սպիտակ տունը դեռևս պաշտոնապես չի հայտարարել նրա թեկնածության մասին, սակայն թուրքական «Թըդեյս Զաման»-ի պնդմամբ՝ Միացյալ Նահանգները Թուրքիային արդեն իսկ տեղյակ է պահել, որ այդ պաշտոնում առաջադրելու է Ջոն Բասին։

Դեռևս ապրիլի 23-ին «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան հետազոտական կենտրոն հայտարարել է, որ Անկարայում իր պաշտոնավարման ավարտից հետո դեսպան Ռիկարդիոնեին է սպասում Մերձավոր Արևելքում Ռաֆիկ Հարիրիի կենտրոնի փոխնախագահի պաշտոնը։ Ամենայն հավանականությամբ, նա իր աշխատանքը կսկսի այս տարվա սեպտեմբերից։

Ջոն Բասը Միացյալ Նահանգների պետքարտուղարությունում աշխատում է 1988 թվականից, նախ Սթրոուբ Թելբոթի աշխատակազմում, ապա Դիք Չեյնիի, իսկ ներկայումս էլ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի օգնականն է։ Բասի թեկնածությունը հավանության արժանանալուց հետո Սպիտակ տունն այդ մասին պետք է պաշտոնապես հայտարարի, որից հետո թեկնածության հարցը կմտնի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով։

Թուրքական լրատվամիջոցներն այստեղ շեշտում են Ռոբերթ Մենենդեսի անունը՝ ներկայացնելով նրան որես ակնհայտ հայամետ սենատոր:

«Ապրիլի 10-ին Մենենդեսի գլխավորած կոմիտեն Հայոց ցեղասպանությունն ընդունող բանաձև է ընդունել»,- նկատում է «Թըդեյս Զաման»-ը՝ հավելելով, որ Մենենդեսը կարող է ամիսներով ձգձգել որևէ հարցի շուրջ լսումները, հատկապես, որ նման դեպքեր եղել են։

Պարբերականի դիվանագիտական աղբյուրների պնդմամբ՝ Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանի նոր նշանակմանը կարող են խոչընդոտել՝ հաշվի առնելով ամերիկացի սենատորների՝ վերջին շրջանում հաճախակի դարձած քննադատությունները, որոնց թիրախում նախագահ Օբաման է՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած սերտ կապերով, մյուս կողմից էլ Թուրքիայում ստեղծված ներքաղաքական իրավիճակը՝ այդ երկրում կառավարության մակարդակով մամուլի ազատության սահմանափակումը, սոցիալական ցանցերի արգելափակումը, պատերազմական հռետորաբանությունը։

«Բասի թեկնածությունը Սենատը կարող է մերժել առանց որևէ բացատրության։ Ավելին՝ Թուրքիան կարող է առանց ԱՄՆ դեսպանի մնալ երկար ժամանակ»,- մեջբերելով իր անանուն դիվանագիտական աղբյուրի խոսքերը՝ գրում է «Թըդեյս զաման»-ը։

Ջոն Բասի հնարավոր թեկնածության շուրջ իր ուսումնասիրություններն է սկսել նաև Ամերիկայի Հայ դատի գրասենյակը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը դեռևս ձեռնպահ մնաց որևէ կարծիք հնչեցնել Բասի անվան վերաբերյալ՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ հետևողական կլինեն՝ հասկանալու համար նրա դիրքորոշումներ հայկական հարցերի շուրջ։
XS
SM
MD
LG