Մատչելիության հղումներ

Մարտական հենակետում մահացած զինվորի գործով ձերբակալվածներ չկան


Պաշտպանության նախարարությունն այսօր որոշ մանրամասներ է ներկայացրել մոտ 20 օր առաջ Իջևանի զորամասի մարտական հենակետում 19-ամյա զինվորի գլխին կրակելու փաստով ընթացող նախաքննության վերաբերյալ:

Տարածված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Ներսես Կարապետյանի եղբայրը` Դավիթ Կարապետյանը, քրեական գործով ճանաչվել է տուժողի իրավահաջորդ և հարցաքննվել է: Հարցաքննվել են ինչպես մարտական հենակետի բոլոր զինծառայողներն, այնպես էլ զորամասի մի շարք սպաներ և այլ զինծառայողներ, Ներսես Կարապետյանի մայրը և դեպքին առնչվող տեղեկություններ ունեցող այլ անձինք:

«Քրեական գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո միայն հնարավոր կլինի գնահատել վկաների տրված ցուցմունքների և ձեռք բերված այլ ապացույցների արժանահավատությունը», - նշված է հաղորդագրության մեջ:

Միջադեպից, հիշեցնենք, մոտ 20 օր է անցել, սակայն առ այսօր քրեական գործի շրջանակներում ձերբակալություններ չեն եղել:

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դա տարօրինակ չի համարում: «Դա բնական է», - Կառավարության այսօրվա նիստից հետո «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Կոստանյանը և շարունակեց. - «Ձերբակալումն ու կալանավորումը դրանք գործընթացներ են, և պետք է համապատասխան հիմքերի դեպքում միայն այդ քննչական, դատավարական գործողությունները իրականացվեն: Եթե այդ գործողությունները իրականացվել են, ապա այդ մասին համապատասխան հաղորդագրությամբ կամ այլ կերպ հասարակությանը հասանելի դարձնելու տարբերակներ կընտրվեն»:

Հիշեցնենք, մայիսի 10-ին զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել էր: Զինվորի հարազատները Ներսեսի մահվան պատճառը համարում են 180 լիտր բենզինի կորուստը և խոսում են կոնկրետ պաշտոնյաների մասին: Ընտանիքը մտավախություն ունի, որ հանցագործությունը թաքցվում է:

Գևորգ Կոստանյանին խնդրեցինք նաև մեկնաբանել մեկ շաբաթ առաջ դատախազության տարածած հաղորդագրությունը, որում նշում է, որ նախաքննության տվյալների հրապարակումը քրեորեն պատժելի է։ Հաղորդագրության մեջ նաև կարդում ենք. - «Գլխավոր դատախազի հանձնարարությամբ, հսկողություն իրականացնող դատախազները, զանգվածային լրատվամիջոցներում նախնական քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների կամ ստուգման ենթակա հանգամանքների վերաբերյալ հրապարակումների յուրաքանչյուր դեպքում, ձեռնարկելու են օրենքով սահմանված քրեադատավարական ներգործության միջոցներ, ապահովելու այդ տվյալների՝ լրատվության միջոցին հայտնի դառնալու աղբյուրի, հանգամանքների պարզումը և այդ կապակցությամբ անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողությունների իրականացումը»:

Գլխավոր դատախազ Կոստանյանը պնդում է, որ նախաքննության հրապարակման համար պատասխանատվություն առնվազն սահմանվում է տվյալ գործով դատավարության մասնակիցների համար. - «Եթե այն մասնակիցը, որին հանգամանքի բերումով հասու է դարձել նախաքննության տվյալը, նա այդ տվյալը հրապարակելու համար ենթարկվել է և ենթարկվելու է քրեական պատասխանատվության»:

Փաստաբան Լուսինե Սահակյանը համոզված է, որ դատախազությունն այդ քայլով փորձում է լռեցնել փաստաբաններին ու մեղադրյալներին, որպեսզի վերջինները չբարձրաձայնեն նախաքննության ընթացքում տեղ գտած ապօրինությունների մասին. - «Վերջին շրջանում հատկապես ակտիվ դատավարության մասնակիցները աշխատում են լրատվամիջոցների հետ և հանրությունը տեղյակ է լինում այն բոլոր ապօրինություններին, որոնք կատարվում են նախաքննության ընթացքում: Հասկանալի է, որ դա ձեռնտու է ո'չ նախաքննական մարմնին, ո'չ դատախազությանը»:

Փաստաբանը հավելեց, որ Քրեադատավարական օրենսգրքում կա նախաքննության տվյալների հրապարակման սահմանափակում, երբ համապատասխան նախազգուշացում է արվում կողմերին, սակայն, եթե կողմերը զգուշացված չեն, ապա իրավունք ունեն հրապարակել նախաքննության տվյալներ, եթե խոսքը չի վերաբերում բացառիկ դեպքերի. - «Արդյոք այն, որ անձը տվյալ անձի փաստաբանն է, կամ անձը կալանավորված է, կամ ձերբակալված է, դրանք գաղտնի՞ք են, թե՞ գաղտնիք չեն: Օրենքով ընդհանրապես սահմանափակում չկա և ընդհանրապես սահմանված չէ, թե դա ինչ է իրենից ներկայացնում: Եթե չկա նման սահմանում, ապա չեն կարող սահմանափակվել անձի բոլոր իրավունքները: Եվ ամեն ինչ նախաքննության գաղտնիքի չհրապարակելու ֆոնին ուղղակի լռեցնել այն փաստաբանին և մեղադրյալին, որոնք ցանկանում են բարձրաձայնել այն ապօրինությունների մասին, որոնք կատարվել են նախաքննության ընթացքում»:

Դատախազության հրապարակումը մտահոգություն էր առաջացրել իրավապաշտպանների ու լրագրողական կազմակերպությունների շրջանում: Նրանք համարում են, որ այդպիսով դատախազությունը փորձում է ճնշում բանեցնել լրատվամիջոցների վրա:
XS
SM
MD
LG