Մատչելիության հղումներ

Ձեռներեցին ստիպում են ժամկետից շուտ ազատել վարձակալած տարածքը


Թեև քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումով Գալուստ Գյուլբենկյան - Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկին հարող տարածքից մի փոքր հողակտոր 2013 թվականի փետրվարից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը համապատասխան պայմանագրով վարձակալության է հանձնվել ձեռներեց Գագիկ Նիկոլյանին՝ ավտոսպասարկման կետի համար, սակայն այսօր նույն քաղաքապետարանի որոշմամբ ձեռներեցին ժամկետից շուտ ստիպում են ազատել տարածքը։

«Ուզում են այս կրպակը հանեն Գյուլբենկյանի արձանը սարքեն ստեղ։ Փոխհատուցում իրենք ինձ չեն տվել, չեն ասում, որ կտան։ Հետո իրենք բերում են բորդյուրներ են շարում ստեղ՝ բարելավման, այսինքն ավտոմատ իմ գործունեւոթյունն իրենք փակում են», - «Ազատությանը» փոխանցեց Գագիկ Նիկոլյանը։

Ձեռներեցն ասում է, թե Արաբկիրի թաղապետն իրեն առաջարկել է մոտակայքում տարածք գտնել ու տեղափոխվել: Նիկոլյանն էլ փնտրել ու այդպես էլ իր գործունեության համար հարմար տարածք չի գտել ու թաղապետի հետ վիճաբանությունից հետո այդ առաջարկից էլ է զրկվել։

«Ինքն ինձ ասաց` էդ տեղն էլ չեմ տա ես քեզ, դու քո ձեռքով կքանդես ու լրագրող կբերես ու իրենց կասես` լավ բան եմ անում: Այդ ժամանակ մենք կմտածենք քեզ տեղ հատկացնենք, թե չհատկացնենք։ Ես ոնց որ իմ ձեռքով իմ մատը մտցնեմ իմ աչքը հանեմ, ըտենց բան չի լինի։ Այ եթե ես չունենայի համապատասխան դոկումենտներ, ես ձեռքերս վեր կբարձրացնեի», - ասաց ձեռներեցը։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Միսկարյան «Ազատությանը» փոխանցեց, որ քաղաքապետարանն ու Արաբկիրի թաղապետարանը համատեղ ծրագիր ունեն՝ տարածքում այգի են կառուցելու և Գյուլբենկյանի արձանն են տեղադրելու։

Ձեռներեց Նիկոլյանին էլ երեք ամիս առաջ են ծանուցագիր ուղարկել, որ իր կրպակը տարածքից հեռացնի, հետևաբար, ըստ Միսկարյանի, նա բավարար ժամանակ ուներ իր հարցերը լուծելու համար։ Իսկ հիմա Նիկոլյանին միայն մեկ առաջարկ ունի։

«Կարող է դիմում գրել, հետհաշվարկ կատարեն և եթե էդ մի քանի ամիսների փոխհատուցելու մաս կա, վարձակալության գումարի մաս կա, կփոխհատուցեն», - ասաց Միսկարյանը։

Հարցին, թե թաղապետարանը ձեռներեցին տարածք կտրամադրի գործունեությունը շարունակելու համար, Միսկարյանը պատասխանեց. - «Իհարկե ոչ, ի՞նչի համար տրամադրենք, նախօրոք՝ երեք ամիս առաջ ծանուցել ենք, որ այստեղ կա պետական ծրագիր և դառնալու է պետական պուրակ։ Վերջին վայրկյանին, աշխատանքները սկսվելուց հետո, ինչ-որ դիմում են լրատվամիջոցներին` հույս ունենալով, որ աշխատանքները կդադարեցվեն։ Ոչ, աշխատանքները չեն դադարեցվելու»։

Ի դեպ, հարակից մի քանի կրպակներ արդեն հեռացվել են, Նիկոլյանին էլ ժամկետ է տրվել մինչև հունիսի մեկը, որ ազատի տարածքը։

«Մնում եմ առանց գործ, առանց աշխատանք ու ինձ հետ աշխատում է այս երեխեն, որը որ էլի իրա տունն է պահում, ինքը վարձով է ապրում, այս օբյեկտով է ինքը սնվում, աշխատում իրա տան վարձերը տալիս»,-ասաց Նիկոլյանը։
XS
SM
MD
LG