Մատչելիության հղումներ

Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցությունը՝ ուշադրության կենտրոնում


Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Այսօր Թբիլիսիում կայացած հանդիպմանը Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմական համագործակցության ձևաչափին:

Այս մասին հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

«Այսպիսի համագործակցությունը կծառայի մեր զինված ուժերի ուժեղացմանը և տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»,- հայտարարել է Ալասանիան՝ ընդգծելով, որ արդեն գոյություն ունի երեք երկրների համագործակցության հաջող օրինակ՝ խողովակաշարերի անվտանգության ապահովումը:

Ալասանիայի խոսքերով՝ Վրաստանի աշխարհաքաղաքական դիրքը նպաստում է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համատեղ ներդրում ունենան Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովմանը:

Տարածաշրջանի անվտանգության հարցերում նա հիմնական շեշտեր դրել է կայունության, անվտանգության ապահովման ու տրանսպորտային ներուժի զարգացման վրա:

Նա նշել է գազամատակարարման «Հարավային միջանցք» կոչվող ծրագիրը, որը նախատեսում է ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրից 10 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել Եվրոպա՝ Վրաստանի ու Թուրքիայի տարածքով: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2019 թվականին:

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարարը խոսել է նաև վրաց-ադրբեջանական երկկողմ ռազմական համագործակցության մասին՝ նշելով, որ «այդ հարաբերությունները կարող են ակտիվացվել»։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գոհունակություն է հայտնել վրաց-ադրբեջանական համագործակցության մակարդակից՝ հույս հայտնելով որ առաջիկայում համագործակցությունը ավելի կզարգանա:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հասանովը հիշեցրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացիայի, գրավյալ տարածքներից հայկական զորքերը անհապաղ դուրս բերելու ՄԱԿ-ի չորս բանաձևերի մասին և ասել է, թե Ադրբեջանը ստիպված է ուժեղացնում զինված ուժերը, քանի որ իր տարածքի օկուպացիան շարունակվում է:

Հասանովը ասել է, թե հիմա ադրբեջանական բանակը զինված է ամենաժամանակակից սպառազինություններով: «Այսօր Ադրբեջանը կարող է վերադարձնել օկուպացված տարածքները, բայց երկրի ղեկավարությունը խնդրի խաղաղ լուծման կողմնակից է»,- ասել է Հասանովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG