Մատչելիության հղումներ

Հայաստանում յուրաքանչյուր 5-րդ երեխան թերսնված է


Մայրը երեխաների հետ երևանյան հանրակացարաններից մեկի բակում, արխիվ
Մայրը երեխաների հետ երևանյան հանրակացարաններից մեկի բակում, արխիվ

Թերսնուցման հետևանքով տարեցտարի աճում է կարճահասակ, ավելորդ քաշ ունեցող կամ սակավարյունությամբ երեխաների թիվը:

Հայաստանում յուրաքանչյուր 5-րդ երեխան բավարար սնուցում չի ստանում:

Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանի խոսքով՝ դրա հետևանքով տարեցտարի աճում է կարճահասակ, ավելորդ քաշ ունեցող կամ սակավարյունությամբ երեխաների թիվը:

«Երեխանի 19 տոկոսը ունեն թերաճություն, 15 տոկոսը գերքաշություն. սա խոսում է այն մասին, որ երեխան ուտում է, քաղցած չի մնում, բայց ուտում է հիմնականում ածխաջրատներ, հիմնականում ոչ օգտակար և աճի տեմպին չնպաստող սնունդ՝ քաղցր, մակարոնեղեն, ալրեղեն։ Այս դեպքում երեխան քաշը շատ է հավաքում, և սա նույնպես մասամբ և աղքատության, և գիտելիքի խնդիր է»,- ասաց պաշտոնյան։

Սարիբեկյանը փաստում է, որ այս տոկոսը ավելի բարձր է աղքատ ընտանիքներում:

«Աղքատ ընտանիքներում այս ցուցանիշը 25 տոկոս է, բայց նաև առկա է բարեկեցիկ ընտանիքներում՝ 16 տոկոս։ Սա խոսում է այն մասին, որ միայն աղքատությունը չէ միայն պատճառը, այն նաև ոչ ճիշտ սննդակարգը, մայրերի գիտելիքների պակասը»։

Մանկաբուժ Սերգեյ Սարգսյանը նշում է, որ բազմաթիվ հայաստանյան ընտանիքներ այսօր չեն կարողանում իրենց թույլ տալ սպիտակուցային սնունդ գնել՝ միս, կաթնամթերք ու ձկնեղեն, որոնք մինչև 5 տարեկան երեխաների սննդակարգում ամեն օր պետք է լինեն: Նրանք հիմնականում էժան, շուտ հագեցնող և ոչ օգտակար սնունդ են օգտագործում՝ կարտոֆիլ , մակարոնեղեն, հաց ու քաղցրավենիք: Խնդիրը, իհարկե, մեծ մասամբ սոցիալական է, սակայն ապահոված ընտանիքներում ևս շատերը երեխային վաղ տարիքից գործարանային արտադրության չիփսեր, հյութեր ու թխվածքաբլիթ և այլ արհեստական հավելումներով սնունդ են տալիս:

«Դրանք պարունակում են տարբեր նյութեր, և ստեղծողներն էլ շատ լավ գիտեն, որ իրենք պետք է արտադրեն ավելի համեղ... իսկ դա հանգեցնում է նրան, որ մնացած առողջարար սննդատեսակները կորցնում են համը երեխաների մոտ»,- ասաց մանկաբույժը։

Կարինե Սարիբեկյանի փոխանցմամբ՝ վերջին 15 տարիների ընթացքում մշտապես աճում է կարճահասակ երեխաների թիվը:

Եվ ևս մեկ ուշագրավ փաստ. ըստ հետազոտությունների՝ թերսնուցման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Սյունիքի մարզում՝ երեխաների մոտ 36 տոկոսի մոտ, երկրորդ տեղում Լոռու մարզն է:

Ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի փոխդեկան Վարդուհի Պետրոսյանն ասում , որ միջազգային մասնագետները սա պատահական չեն համարում՝ նշելով, թե շատ հնարավոր է, որ դա առաջին հերթին հանքարդյունաբերության ազդեցությունն է և ոչ թե սննդի պակասի:

«Ծանր մետաղները, անցնելով երեխաների օրգանիզմ, խոչնդոտում են օգտակար նյութերի յուրացմանը»,- ասում է նա:
XS
SM
MD
LG