Մատչելիության հղումներ

Հայաստանին առաջարկվեց Եվրասիականին միանալ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով


Ղազախստան - Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցները, Աստանա, 29-ը մայիսի, 2014թ․

Ղազախստան - Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցները, Աստանա, 29-ը մայիսի, 2014թ․

Հայաստանը մինչև հուլիսի 1-ը ստորագրելու է Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը, եթե, իհարկե, համաձայնի Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջ քաշած պայմանին: Իսկ պայմանը հետևյալն է՝ միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի:

Ղազախստանի նախագահը այդ մասին հայտարարեց այսօր Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:

Ընդ որում, Նազարբաևը ասաց նաև, որ իրենք՝ հիմնադիր երկրների նախագահները, չեն ուզում նյարդայնացնել ադրբեջանցի իրենց գործընկերոջը:

Ադրբեջանը, ի դեպ, որևէ կապ չունի Եվրասիական միության հետ և երբեք չի ակնարկել, որ կուզենար անդամակցել այս միությանը:

Հետաքրքիր է, որ Նազարբաևը փաստարկ ներկայացրեց Հայաստանի նախագահին՝ «դուք նման ձևով միացել եք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, նախադեպ կա»:

Բացի այդ, նա հավելեց, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստացել են Ադրբեջանի նախագահի նամակը, որտեղ շեշտված է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանը անդամակցել է պայմանով, որ պայմանագրի դրույթները գործելու են միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում:

«Սա մենք դեռ քննարկելու ենք», - ասաց Նազարբաևը:

Հայկական կողմը որևէ ձևով չառարկեց և որևէ մեկնաբանություն չարեց:

Ճիշտ է, Ղազախստանի նախագահը նաև հավելեց, որ այսօր տվյալ հարցի շուրջ որոշում չեն կայացնում, պայմանավորում են, որ սա քննարկելու են հունիսին:

Այսօրվա նիստին Եվրասիական միության հիմնադիր երկրների ղեկավարները և Հայաստանի նախագահը պայմանավորվեցին, որ առաջիկա ամսին կհամաձայնեցնեն, ինչպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է ասել՝ մնացած երկու-երեք հարցերը, և Հայաստանը կարող է մինչև հուլիսի 1-ը ստորագրել Եվրասիական միությանը միանալու մասին պայմանագիրը:

Հիշեցնենք, որ հայկական կողմը այսօրվա ընդլայնված նիստում առաջարկել էր մնացած երկու-երեք հարցերը համաձայնեցնել մի քանի օրում: Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները այդ հարցերը համաձայնեցնելու համար մեկ ամիս տվեցին Հայաստանին:

Իսկ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական մեկնարկը այսօր տրվել է: Պայմանագիրը ստորագրել են երեք նախագահները, և արդեն 2015 թվականի հունվարի 1-ից միությունը կսկսի գործել:

Հավելենք, որ, ինչպես հաղորդում է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը, միության պայմանագրի տեքստից ղազախական կողմի պահանջով հանվել են բոլոր քաղաքական կետերը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG