Մատչելիության հղումներ

Բեռլինյան համաժողովում կքննարկվի Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը


Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների առկայությունը խորհրդանշող քանդակ

Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների առկայությունը խորհրդանշող քանդակ

«Եվրոպական ուղի՝ առանց քաղբանտարկյալների» խորագրով համաժողովը ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ «հերթական հակաադրբեջանական միջոցառում» են որակել:

«Եվրոպական կայունության նախաձեռնություն» հետազոտական ինստիտուտը Գերմանիայի մարդու իրավունքների նոր պաշտպան Քրիստոֆեր Շտրասսերի հետ համատեղ Բեռլինում առաջիկա օրերին կկազմակերպի «Եվրոպական ուղի՝ առանց քաղբանտարկյալների» խորագրով համաժողովը, որի հիմնական թեման Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցն է:

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ այս համաժողովն արդեն իսկ որակել են որպես «հերթական հակաադրբեջանական միջոցառում»:

Հունիսի 2-ին նախատեսված համաժողովին, ըստ «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության, մասնակցելու են եվրոպացի քաղաքական գործիչներ, պատգամավորներ և իրավապաշտպաններ:

Ուշագրավ է, որ հենց այս համաժողովի կազմակերպիչ հանդիսացող կազմակերպությունը սկանդալային հայտնի «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը ստիպեց լռել Եվրոպայի խորհրդին» անունը կրող զեկույցի հեղինակն է:

Հիշեցնենք՝ 36-էջանոց զեկույցում եվրոպացի վերլուծաբանները պատմում են այն գործիքների մասին, որոնք օգտագործում են Ադրբեջանի իշխանությունները եվրոպացի քաղաքական գործիչների վրա ազդելու համար: Զեկույցի հեղինակները նշում են նաև, որ ընտրությունների ժամանակ Ադրբեջանը միջազգային մոնիթորինգը վերածել էր թատերական ներկայացման:

Այս համաժողովին Ադրբեջանը ներկայացնում են ընդդիմադիր ակտիվիստ և բլոգեր Էմին Միլլին, լրագրող Խադիջա Իսմայիլովան, ովքեր հայտնի են Ադրբեջանի իշխանություններին ուղղված իրենց կոշտ քննադատություններով:

Ելույթ ունեցողների ցանկում տեղ է գտել նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իռլանդիան ներկայացնող պատգամավոր Մայքլ ՄըքՆամարայի անունը, ով վերջերս Բաքու կատարած այցելության ժամանակ հայտարարել էր, թե Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նստաշրջանին պատրաստվում է ներկայացնել Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով բանաձև:

Ադրբեջանում, տարբեր հաշվարկներով, քաղբանտարկյալների թիվը հասնում է 130-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG