Մատչելիության հղումներ

logo-print

Հայերը Սարդարապատում «վաստակեցին ապրելու և քաղաքական ասպարեզ վերադառնալու իրավունքը»


Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Հանրապետության տոնին նվիրված միջոցառումները մեկնարկեցին առավոտից. Սարդարապատ ժամանեց Հայաստանի ողջ իշխանական վերնախավը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Սերժ Սարգսյանին ուղեկցում էին նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն ու Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ առաջինը։

Նախագահի շնորհավորական ուղերձը, որը նա հրապարակեց հուշահամալիրում՝ Հանրապետության տոնին նվիրված պարգևատրման արարողությունից հետո, ամբողջությամբ նվիրված էր 1918 թվականի մայիսի 28-ի հաղթանակներին, հայ ռազմիկների, քաղաքական գործիչների, շինականների, հոգևորականների, մտավորականների, հայության ամբողջ մի սերնդի սխրանքներին։

«Եթե մայիսյան հերոսամարտերում և մանավանդ Սարդարապատում հայերը պարտվեին, ապա թուրքական զորքերն անարգել մտնում էին Էջմիածին և Երևան: Եթե այդքանից հետո աշխարհի երեսին մնար հայ պատմաբան, ապա նա առանց մեծ դժվարության կարող էր հիմնավորել, որ հայերի հաղթանակը օբյեկտիվորեն անհնար էր: Բոլոր փաստերը և ողջ իրականությունը կարծես մեր դեմ էին, բայց մենք փրկվեցինք այստեղ: Ինքներս վաստակեցինք ապրելու և միջազգային քաղաքական ասպարեզ վերադառնալու իրավունքը»,- նշեց նախագահը։

Սերժ Սարգսյանը չխոսեց Հայաստանի այսօրվա մարտահրավերներից ու խնդիրներից։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 28-ի հաղթանակները համարեց պարտավորեցնող, հիշեցնելով՝ մեր սերնդակիցներն էլ կարողացան ապահովել Ղարաբաղի անկախությունը։

«Ազատության» հարցին ի պատասխան անդրադառնալով հրադադարի ռեժիմին, նախարարը հայտարարեց, որ շփման գծում վերջին շրջանում լարվածություն կա, հենց այս գիշեր էլ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել։

«Վերջին ժամանակներում որոշակի լարվածություն կա շփման գծում, դա հիմնականում գալիս է նրանից, որ մեր հարևանները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ նրանք չեն հասկանում, որ արցախյան հարցի լուծման համար անհրաժեշտ է հրադադարի պայմանների պաշտպանում, անհրաժեշտ է վստահության եզրերի ապահովում։ Բայց նաև այսօր Ադրբեջանի Հանրապետության տոնն է, այսպիսի ժամանակահատվածներում նրանք փորձ են անում խախտել ստեղծված իրավիճակը։ Դիվերսիոն հետախուզական գործողություն է տեղի ունեցել պաշտպանության բանակի շփման գծում, մեր դիրքապահները կարողացել են արժանի հակահարված տալ։ Չնայած նրան, որ հակառակորդը միշտ ներկայացնում է խախտում մեր կողմից, ես ուզում եմ մեր ժողովրդին հավաստիացնել, որ այս ոտնձգությունը եղել է հակառակորդի կողմից, ադրբեջանցիների կողմից, նրանք արժանի հակահարված են ստացել, ունենալով զոհեր, վիրավորներ, հետ են քաշվել։ Ցավոք, մենք էլ ենք ունեցել մեկ զոհ և վիրավորներ, վիրավորների վիճակը բավարար է»,- ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հավաստիացրեց, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը «իր հունով շարունակվում է»։ Մի քանի օրից ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները կվերադառնան տարածաշրջան՝ հանդիպելու նաև Ադրբեջանի ղեկավարության հետ։

«Իսկ Ղարաբաղի շրջակա տարածքները վերադարձնելու, Ղարաբաղի կարգավիճակը հետագայում հանրաքվեով որոշելու՝ միջնորդների առաջարկներին ինչպե՞ս եք վերաբերվում» «Ազատության» հարցին նախարարը պատասխանեց.- «Դուք նայեք այն առաջարկները, որոնք արվել են եռանախագահող երկրների նախագահների կողմից հինգ հայտարարության մեջ «Մեծ ութնյակ»-ի շրջանակներում և նաև մեկ հայտարարություն Լոս Կաբոսում ՝«Քսան» խմբի շրջանակներում էր արվել։ Դա են եռանախագահների կողմից առաջարկները, դա ընդունեք որպես հիմք»։

Հարցին՝ «Ձեզ չի մտահոգո՞ւմ, որ հակառակորդը շարունակում է զինվել մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի զենքով», Էդվարդ Նալբանդյանը այսպես պատասխանեց. - «Դա մտահոգում է ողջ միջազգային հանրությանը և եռանախագահող երկրներին, որոնք միշտ կոչ են անում համապատասխան քայլեր ձեռնարկել հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման և համապատասխան մեխանիզմի ստեղծման ուղղությամբ, որը կզբաղվի հրադադարի խախտման հետաքննություններով»։

Հիշեցնենք, օրերս հայտնի դարձավ, որ Մինսկի խմբում համանախագահողներից Մոսկվան մտադիր է տանկերի նոր խմբաքանակ մատակարարել Բաքվին։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի համար այս փաստը խնդրահարույց չէ։

«Դա կոմերցիոն հարց է, այդտեղ որևէ քաղաքականություն չկա։ Ես չեմ տեսնում որևէ հանցանք, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում, դա կոմերցիոն գործարք է, Հայաստանի հետ ևս մենք ունենք ռազմատեխնիկական համագործակցություն, զենքի վաճառք, այնպես որ որևէ առանձնահատուկ բան չկա»,- Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց դեսպանը։

Քաղաքական ուժերից մեծ մասամբ իշխող Հանրապետականի ներկայացուցիչներն էին առավոտյան Սարդարապատում, հուշահամալիրի մատույցներում նկատեցինք նաև Դաշնակցության տեղական կառույցի ղեկավար անդամներ Հրանտ Մարգարյանին, Արմեն Ռուստամյանին, Դաշնակցության խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին։

Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստանից», ընդդիմադիր Ժառանգությունից ու Հայ ազգային կոնգրեսից ոչ ոքի չտեսանք Սերժ Սարգսյանի այցելության ժամերին։

Այս տարի Սարդարապատում չկային բացօթյա տոնական սեղաններ ու հյուրասիրություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG