Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նոր նախագահ Պետրո Պորոշենկոն Washington Post-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները բավարար չեն:

Նա կարծիք է հայտնել, որ հնարավոր են նոր ագրեսիվ գործողություններ: Հարցին, թե ի՞նչ օգնություն է ակնկալում, Պորոշենկոն պատասխանել է, թե ԱՄՆ-ից ռազմական օգնություն է ակնկալում և հիշեցրել է Ֆրանկլին Ռուզվելտի խոսքերը, ով ասել էր, թե երբ հարևանիդ տունը հրդեհվում է, դու պետք է նրան տաս քո ջրի խողովակը:

Իսկ գերմանական Bildt թերթին տված հարցազրույցում Պորոշենկոն ասել է, թե վերջապես հակաահաբեկչական գործողությունները լրջորեն սկսվել են:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել է, թե ուկրաինական ժողովուրդը մղվել է եղբայրասպան պատերազմի քաոսի մեջ:

Ուկրաինայի արևելյան շրջաններում այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է, առանձին վայրերում կրակոցներ են հնչել, Դոնեցկի վրա ուկրաինական մարտական օդուժն է պտտվել:

Մայիսի 26-ի դոնեցկի օդանավակայանի համար ծանր մարտեր տեղի ունեցան, հաղորդվում էր տասնյակ զոհերի մասին, կասկածներ կային, որ ռուս անջատականների կողմից կռիվներին չեչեն գրոհայիններ են մասնակցել: Այսօր, սակայն, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հերքել է այդ լուրերը:

Կադիրովը գրել է, թե երեք միլիոն չեչենների երկու֊երրորդը դրսում է ապրում, և ինքը չի կարող և չպետք է իմանա, թե նրանցից ով ուր է գնում:

«Եթե Ուկրաինայի իշխանությունները այդքան շատ են ուզում չեչենների ստորաբաժանումներ տեսնել, ինչո՞ւ Դոնեցկ մեկնել, եթե լավ մայրուղի կա դեպի Կիև», - Ինստագրամ սոցիալական ցանցի իր էջում գրել է նա:
Այսօր հայտնի դարձավ, որ Ուկրաինայի իշխանությունները մտադիր են համատեղ ռազմական բրիգադ ձևավորել ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի ու Լիտվայի զինված ուժերի հետ: Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայլո Կովալը ասել է, թե այդ մասին համաձայնագիրը ստորագրվելու է հաջորդ ամիս: Նա հայտնել է, որ համատեղ բրիգադի ուկրաինական ստորաբաժանումը բազավորվելու է Լվովում, և նշել է, որ Լեհաստանի և Լիտվայի զինված ուժերի հետ համագործակցությունը Ուկրաինային կօգնի առաջ շարժվել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ:
XS
SM
MD
LG