Մատչելիության հղումներ

logo-print

Աբխազական «մայդան». Ընդդիմությունը գրավում է նախագահի նստավայրը


Աբխազական «մայդանն» իր կիզակետին հասավ երեկ երեկոյան, երբ ընդդիմության կողմնակիցները մի քանի ժամ տևած հանրահավաքից հետո գրավեցին հանրապետության նախագահի նստավայրը:

Ոստիկանությունը որևէ դիմադրություն չցուցաբերեց, իսկ ուշ երեկոյան արդեն աբխազական ընդդիմության միասնական մարմինը` Համակարգող խորհուրդը, հայտարարում էր, որ երկրի բարձագույն ղեկավարությունը դե-ֆակտո պաշտոնանկ է արվել:

Աբխազական ընդդիմության ղեկավարներից մեկը` նախկին փոխնախագահ Ռաուլ Խաջիմբան հայտարարում էր. - «Հարկավոր է պահպանել հանգստությունը, հարկավոր է պայմաններ ստեղծել, որպեսզի կառավարական այս համալիրը հուսալի պահպանության տակ լինի: Որևէ մեկն այն մարդկանցից, ովքեր իրենց այսօր դեռ անվանում են պետության ղեկավարներ, կառավարական այս համալիրի շեմից ներս մտնելու բարոյական իրավունք այլևս չունի»:

Այս իրադարձություններին նախորդեց աբխազ ընդդիմադիրների` Սուխումիի կենտրոնում կազմակերպած «Ժողովրդական հավաքը», որին մասնակցում էր շուրջ 10 հազար մարդ: Հանրահավաքի մեկնարկից մի քանի ժամ անց ընդդիմության առաջնորդները և Ալեքսանդր Անկվաբը նախագահի նստավայրում սկսեցին քննարկել ճգնաժամից դուսր գալու ուղիները: Բանակցությունները դեռ չավարտված, սակայն, Անկվաբը հեռացավ նախագահի նստավայրից:

Նշեմ, որ 2010-ին նախագահի պաշտոնում ընտրված Ալեքսանդր Անկվաբին ընդդիմադիրները երեք հիմնական մեղադրանք են ներկայացնում` կառավարաման ավտորիտար մեթոդների կիրառում, Ռուսաստանի կողմից տրամադրվող բազմամիլիոն դոտացիաների շուրջ կոռուպցիոն սկանդալներ և Գալիի շրջանում բնակվող վրացիներին աբխազական քաղաքացիության շնորհում: Այս վերջին մեղադրանքը թերևս ամենածանր է. աբխազական ընդդիմությունը համոզված է, որ երեկվա պատերազմական հակառակորդներին աբխազական անձնագիր տրամադրելը վտանգում է երկրի ազգային անվտանգության հիմքերը: Ռաուլ Խաջիմբայի խոսքով` այս բոլոր որոշումները Անկվաբը միանձնյա է կայացնում:

«Այս տարիների իր կառավարման ընթացքում նախագահը նույնիսկ իր շրջապատի ներկայացուցիչներին թույլ չէր տալիս զբաղվել նրանց վերապահված անմիջական պարտականություններով: Անկվաբն ամեն ինչ անձնապես էր անում: Այդ բոլոր գործառույթների փաստացի յուրացումն ի վերջո հանգեցրեց երկրում ավտորիտար համակարգի ձևավորմանը», - պնդում է Խաջիմբան:

Ինչ վերաբերում է Ալեքսանդր Անկվաբի գտնվելու վայրին, ապա որոշ տեղեկությունների համաձայն, անցած ողջ գիշեր նա եղել է մայրաքաղաք Սուխումիում: Կեսօրին տեղեկություններ հայտնվեցին, որ Անկվաբը Գուդաուտայում է` Ռուսաստանի Դաշնության 7-րդ ռազմական բազայի տարածքում: Աբխազիայի գործող նախագահը վերջին 24 ժամերին հանդես եկավ միայն մեկ հայտարարությամբ` երկրում տեղի ունեցող իրադարձությունները որակելով որպես հեղաշրջում:

«Իրավական տեսանկյունից իհարկե տեղի ունեցածը զինված ճանապարհով իշխանության զավթման փորձ է», - հայտարարում էր Անկվաբը` հավելելով սակայն, որ եթե ինքն ու իր թիմակիցները չլքեին նախագահական նստավայրը, հետևանքները կարող էին շատ ավելի բացասական լինել. - «Իմ և իմ գործընկերների նպատակը մեկն էր` թույլ չտալ, որպեսզի իրադարձությունները զարգանան մի սցենարով, որը կարող էր մեր երկրի համար անուղղելի հետևանքներ ունենալ»:

Այս պահին աբխազական ճգնաժամի հանգուցալուծման գործն իր ուսերին է վերցնում պաշտոնական Մոսկվան: Առաջիկա ժամերին Մոսկվայից Սուխումի կժամանեն Ռուսաստանի նախագահ Պուտինի խորհրդական Վլադիսլավ Սուրկովն ու Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը: Ակնկալվում է, որ նրանք կհանդիպեն ներաբխազական ճգնաժամի բոլոր գործող անձանց:

Պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:Դրանում, մասնավորապես, ասված է. - «Հուսով ենք, որ իրադարձությունները Աբխազիայում կզարգանան բացառապես իրավական հունով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG