Մատչելիության հղումներ

logo-print

Երեքշաբթի Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջին խաղն անցկացրեց նոր մարզչի՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ:

Ընկերական հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի դեմ էր, որը ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակում վերջին ամսվա տվյալներով 67-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Հայաստանը նույն աղյուսակում 33-րդն է:

Ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանի խոսքով՝ գոլառատ խաղը երկակի տպավորություն թողեց. մի կողմից Հայաստանի հավաքականը հաղթանակ գրանցեց 4-3 հաշվով, մյուս կողմից պաշտպանությունում մեր ֆուտբոլիստները մեղմ ասած լավագույն խաղը չցուցադրեցին:

Երկրպագուները ևս գոհ են հավաքականի խաղից, սակայն նրանք նույնպես շեշտում են պաշտպանության բացերը: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» կոչվող կազմակերպության անդամ Սերգեյը «Ազատության» հետ զրույցում անդրադարձավ բազմաթիվ նորեկների հավաքական հրավիրելու՝ Բեռնար Շալանդի որոշմանը. - «Այդ որոշումը՝ միանգամից այսքան նորեկների կանչելու, բարձր գնահատականի է արժանի: Կարելի է ասել այսօրվա դրությամբ մեր գրեթե բոլոր ուժեղագույն ֆուտբոլիստները հավաքականի ճամբարում են»:

Մասնագետներին հատկապես տպավորել էր կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանի խաղը, ով հավաքականում իր մեկնարկային խաղի ժամանակ գոլի հեղինակ դարձավ: 7 տարվա դադարից հետո Հայաստանի հավաքականի կազմում մարզադաշտ դուրս եկավ նաև Պերուի «Ալիանսա Լիմա» թիմում հանդես եկող Մաուրո Գևգեոզյանը:

«Շատ կրակոտ, ագրեսիվ ֆուտբոլիստ է, միշտ դինամիկայի մեջ, և ես շատ կուզեի առաջիկա խաղերում գոնե մեկ խաղակես Մաուրո Գևգեոզյան - Յուրա Մովսիսյան զույգը տեսնել», - նշեց Սենիկ Կարա-Պողոսյանը:

Ամեն դեպքում, նորամուծություններն ու մարտավարության փոփոխությունների արդյունքը կտեսնենք քիչ ավելի ուշ․ դեռ երկու ընկերական հանդիպում կա՝ Ալժիրի և Գերմանիայի հավաքականների դեմ, որից հետո շվեյցարացի մասնագետը արդեն կկողմնորոշվի, թե ովքեր կխաղան սեպտեմբերին Դանիայի հավաքականի դեմ՝ Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում:
XS
SM
MD
LG