Մատչելիության հղումներ

«Առաջին հանրապետության օրոք գործված սխալները հաշվի չեն առնվում»


Հանրապետության տոնը Սարդարապատի հուշահամալիրում, 28-ը մայիսի, 2013թ․

Հանրապետության տոնը Սարդարապատի հուշահամալիրում, 28-ը մայիսի, 2013թ․

Հայաստանի Առաջին հանրապետության հռչակման 96-րդ տարեդարձին մտահոգություններ են հնչում, որ ձևավորվող Եվրասիական միությանը երկրի սպասվող անդամակցությունը կարող է ի վերջո հանգեցնել հայկական պետականության կորստին:

«Ազատության» հետ զրույցում հրապարակախոս Հակոբ Բադալյանը այդ կապակցությամբ նշեց, թե դատելով այսօրվա Հայաստանում որոշում կայացնողների՝ իշխանությունների, խորհրդարանական կուսակցությունների, Հայոց եկեղեցու վերնախավի և գործարար հանրության քայլերից՝ Առաջին հանրապետության օրոք գործված սխալները, մեղմ ասած, հաշվի չեն առնվում:

«Համենայն դեպս, մենք տեսնում ենք, որ Հայաստանը գրեթե կրկնում է նույն սխալները, ինչ որ կրկնվել են դարասկզբին, դրան գումարած նաև այն, որ մարտահրավերները հիմա գուցե ձևի առումով ավելի քաղաքակիրթ են դարձել, բայց բովանդակության, խորքային առումով շատ ավելի վտանգավոր են», - ընդգծեց Բադալյանը:

Թե ինչ ի նկատի ունի կրկնվող սխալներ ասելով՝ հրապարակախոսը մանրամասնեց․ - «Օրինակ, Առաջին հանրապետության, այսպես ասած, անկման մեջ շատ մեծ դերակատարում է ունեցել հասարակության մեջ բոլշևիկյան տրամադրությունների արթնացումը, ինչին խթանող մի շարք գործոններ են իհարկե եղել: Եվ հիմա էլ մենք տեսնում ենք այն, որ այսօր Հայաստանի իշխանությունը, իշխող վերնախավը կայացրել է մի որոշում անձնական նկատառումներից ելնելով՝ գնալ դեպի Մաքսային միություն և դեպի Եվրասիական միություն, և փորձ է արվում հասարակական տրամադրությունները հարմարեցնել այդ որոշմանը, որը կայացվել է բացարձակապես անձնական շահերը նկատի ունենալով, և հասարակության մեջ արթնացվում են էլի նույն տրամադրությունները, որոնք ուղղակիորեն տանում են հանրային գիտակցության մեջ պետականության արժեքի նվազմանը, արժեքի անկմանը, ինչը, իր հերթին, նաև անխուսափելիորեն հարվածի տակ է դնում, և արդեն իսկ մենք գործնական հետևանքներ ենք տեսնում դրա, հարվածի տակ է դնում պետականությունը, պետականության, անկախության գաղափարը»:

«Ներկայիս մեր վերնախավի կողմից արվում է ամեն բան, որպեսզի հայոց պետականության գոյությունը նույնիսկ տեխնիկապես լինի անհնար», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց հրապարակախոս, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը՝ շարունակելով․ - «Ենթագիտակցական, իմ կարծիքով, ընտրությունն է վերնախավի, որովհետև այս վերնախավը իրեն ավելի լավ պատկերացնում է որպես պրոֆեսիոնալ գաղութային ադմինիստրացիա, այսինքն՝ ինչ-որ մի մեծ, հզոր կառույցի մեջ մի խավ, որը, այսպիսի մի բառ կա, չէ՞՝ «նայողներ», դա մեր պետության նայողներն են»:

«Այսինքն՝ պատասխանատվությունը այստեղ քչանում է, բայց որոշակի իրավունքներ են ձեռք բերվում նաև մնացած քաղաքացիների նկատմամբ», - ամփոփեց Հովհաննիսյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG