Մատչելիության հղումներ

Գիշերային միջադեպի ժամանակ ադրբեջանցի սպա և ենթասպա են զոհվել


Անցած գիշեր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ադրբեջանական կողմից զոհվածներն են 32-ամյա կապիտան Ֆիքրեթ Մամեդովը և 23-ամյա ենթասպա Խուդավերդի Աբիլովը, ծանր վիրավորվել է 20-ամյա զինվոր Մեհման Միրզազադեն: Այդ մասին տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը միջադեպի համար մեղադրում է հայկական կողմին՝ պնդելով, թե «հայկական հետախուզական-դիվերսիոն խումբն» է փորձել գրոհել Ադրբեջանի զինված ուժերի հենակետերից մեկը Ֆիզուլիի շրջանի տարածքում ճակատի առաջնային գծում:

Զոհված սպան հետմահու ներկայացվել է «Արիության համար» մեդալի, ենթասպան Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հետմահու պարգևատրվել է «Զինվորական ծառայությունում գերազանցության համար» երրորդ աստիճանի մեդալով:

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդել է, որ անցած գիշեր շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցվել է Ղարաբաղի Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից: Միջադեպի ժամանակ հայկական կողմից զոհվել է 19-ամյա եֆրեյտոր Էրիկ Գասպարյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG