Մատչելիության հղումներ

Վաղը Աստանայում կստորագրվի Եվրասիական միության համաձայնագիրը


Եվրասիական միության հիմնադիր երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները, Մինսկ, 29-ը ապրիլի, 2014թ․

Եվրասիական միության հիմնադիր երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները, Մինսկ, 29-ը ապրիլի, 2014թ․

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրված է և մասնակցելու է Ղազախստանի մայրաքաղաքում կայանալիք հանդիպմանը:

Կրեմլը պաշտոնապես հաստատում է, որ մայիսի 29-ին Աստանայում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները պլանավորում են ստորագրել Եվրասիական տնտեսական միություն ձևավորելու համաձայնագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից:

Կրեմլի մամուլի ծառայության մայիսի 26-ի հաղորդագրությունում նշված է, որ Աստանայում քննարկվելու են նաև այդ միության հետագա ընդլայնման, այդ թվում՝ Հայաստանի անդամակցության, ինչպես նաև Ղրղըզստանի համար ճանապարհային քարտեզի նախապատրաստման ու Ղրղըզստանի օրենսդրությունը Մաքսային միությանն ու միասնական տնտեսական տարածքին համապատասխանեցնելու հարցերը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրված է և մասնակցելու է Աստանայի հանդիպմանը:

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը Ղազախստանի նախագահի հրավերով պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցելու է այդ հանդիպմանը: Սա հաստատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Ղրղըզստանի ներկայացուցիչը:

«Եվրասիական տնտեսական միությունը անդամ երկրներին կբարձրացնի ինտեգրման ավելի բարձր մակարդակի: Երեք երկրները պարտավորվում են երաշխավորել ազատ պայմաններ բեռների, ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի տեղաշարժի համար, տնտեսության առանցքային՝ էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի ոլորտներում իրականացնել համաձայնեցված քաղաքականություն», - նշված է Կրմելի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Երեկ Ղազախստանի փոխարտգործնախարար Սամատ Օրդաբաևը բացահայտել է, թե ինչ էր նախատեսված փաստաթղթի սկզբնական տարբերակում: Նրա փոխանցմամբ՝ դրանում առաջարկվել էր ընդհանուր քաղաքացիություն, ընդհանուր, միասնական դրամական արժույթ, սահմանների համատեղ պաշտպանություն, միգրացիոն և վիզային ռեժիմի ընդհանուր քաղաքականություն:

Օրդաբաևը հայտարարել է, որ Ղազախստանի պնդմամբ այս կետերը հանվել են նախագծից, ու հասել են ավելի հավասարակշռված փաստաթղթի, ուր հաշվի են առնված Ղազախստանի ազգային բոլոր շահերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG