Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Հանրապետության տոնը


Սարդարապատի հուշահամալիր, 28-ը մայիսի, 2014թ․
Սարդարապատի հուշահամալիր, 28-ը մայիսի, 2014թ․

«1918-ի մայիսի 28-ին ճակատագիրը մեզ պատմական հնարավորություն ընձեռեց վերականգնելու Հայաստանի անկախությունը», - իր ուղերձում ընդգծում է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի անկախացումից հետո մայիսի 28-ին ամեն տարի նշվում է Առաջին հանրապետության հիմնադրման օրը՝ Հանրապետության տոնը:

1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում Անդրկովկասյան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության փլուզումից հետո Հայկական ազգային խորհրդի կողմից հռչակվեց Հայկական կամ Հայաստանի Հանրապետությունը: Անկախ Հայաստանի առաջին վարչապետ դարձավ Հովհաննես Քաջազնունին:

Գոյության կարճ ժամանակահատվածում Առաջին հանրապետությունը լուրջ ձեռքբերումներ ունեցավ՝ ստեղծվեց ազգային դրամը, ընդունվեց օրհներգ և զինանշան, բացվեց Երևանի համալսարանը, տեղի ունեցան միակ խորհրդարանական ընտրությունները։ Այդ տարիները, սակայն, շատ բարդ էին բոլոր տեսանկյուններից, իսկ Հայաստանի Հանրապետության հիմնադրումից երկու տարի անց խորհրդային Ռուսաստանում որոշեցին, որ Հայաստանը պետք է խորհրդայնացնել, և 1920 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված համաձայնագրով Հայաստանը դարձավ խորհրդային սոցիալիստական հանրապետություն։

Հանրապետության տոնի կապակցությամբ այսօր շատ միջոցառումներ են անցկացվում, նախագահ Սերժ Սարգսյանը Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Արամ առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ մասնակցեց տոնակատարություններին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում:

«1918 թվականի մայիսի 28-ին ճակատագիրը մեզ պատմական հնարավորություն ընձեռեց վերականգնելու Հայաստանի անկախությունը: Ռուսաստանի հեղափոխական ցնցումները, առաջին աշխարհամարտի իրադարձությունները և անպատեհ այլ հանգամանքներ ստեղծել էին մի իրավիճակ, երբ մենք մնացել էինք մենակ բազում մարտահրավերների առջև: Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում շարունակվում էր, ռուս - թուրքական ռազմաճակատը վերածվել էր հայ - թուրքական ճակատի: Ահա այդ պահին և այդ պայմաններում տեղի ունեցավ հրաշքը, որ ավելի աշխարհական բառով կոչվում է սխրանք», - մասնավորապես ասված է տոնի կապակցությամբ Հայաստանի նախագահի ուղերձում, որը Սերժ Սարգսյանը հրապարակեց Սարդարապատի հուշահամալիրում:

Այդ սխրանքը, ըստ նախագահի, «գործեցին հայ ռազմիկները, քաղաքական գործիչները, շինականները, հոգևորականները, մտավորականները, հայության ամբողջ մի սերունդ»․ - «Չսպասված, չծրագրված, չնախապատրաստված և խորքում՝ ողբերգական մայիսի 28-ը նրանք վերածեցին ազգային զարթոնքի: Այն կոչված էր պատերազմի ու ցեղասպանության, սովի ու համաճարակների, գաղթականության և հուսահատության հովիտը՝ Հայաստանը, դարձնելու ազատ, անկախ, բարեշեն և ժողովրդավար երկիր»:

«Այսօր մենք կանգնած ենք Սարդարապատում և գլուխ ենք խոնարհում Հայաստանի վերջին հողակտորը պաշտպանած և հայության վերջին բեկորներին փրկած նահատակների հիշատակի առաջ», - ասաց Սերժ Սարգսյանը և շարունակեց․ - «Եթե մայիսյան հերոսամարտերում և մանավանդ Սարդարապատում հայերը պարտվեին, ապա թուրքական զորքերն անարգել մտնում էին Էջմիածին և Երևան: Եթե այդքանից հետո աշխարհի երեսին մնար հայ պատմաբան, ապա նա առանց մեծ դժվարության կարող էր հիմնավորել, որ հայերի հաղթանակը օբյեկտիվորեն անհնար էր: Բոլոր փաստերը և ողջ իրականությունը կարծես մեր դեմ էին, բայց մենք փրկվեցինք այստեղ: Ինքներս վաստակեցինք ապրելու և միջազգային քաղաքական ասպարեզ վերադառնալու իրավունքը: Եվ դա արել է հայության բոլոր ժամանակների ամենաողբերգական, բայց միաժամանակ ամենահերոսական սերունդը: Հավերժ փա՛ռք և խոնարհո՛ւմ բոլոր անվանի և անանուն հերոսների պայծառ հիշատակին»:

Տոնի կապակցությամբ իր շնորհավորանքներն է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:

«1918 թվականին մեր ժողովուրդը մայիսյան հերոսամարտերում հոգին ի բուռն պաշտպանեց Հայրենի երկիրը և բարդ ու դժվարին իրավիճակի մեջ հաստատեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Պետականության վերականգնումը արգասիքն էր մեր ժողովրդի երկարամյա ազատագրական պայքարի, անկոտրում հավատքի և միասնականության ոգու: Հանրապետության օրը հրավեր ու քաջալերություն է մեզ այսօր` ամենայն նախանձախնդրությամբ հոգալու մեր պետականության զորացման, մեր երկրի բարգավաճման, մեր ժողովրդի բարօրության և ազգային մեր իղձերի իրագործման համար», - մասնավորապես ասված է Վեհափառի ուղերձում, որը տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Շնորհավորական ուղերձներ են հրապարակել նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հայաստանյան կուսակցություններ և այլ կազմակերպություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG