Մատչելիության հղումներ

Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոնը ուսումնասիրություն է անցկացրել Գյումրիում գործազուրկների շրջանում` պարզելու, թե որքանով է արդյունավետ գործում «Զբաղվածության մասին» նոր օրենքը:

Ըստ այդ օրենքի, հիշեցնեմ, գործազուրկը հունվարի 1-ից այլևս չի ստանում ամսական 18 հազար դրամ նպաստը: Փոխարենը առաջարկվում է փոխհատուցել աշխատանք գտնելու ծախսը. մեկ գործատուի հաճախելու դիմաց գործազուրկը կստանա 2 հազար դրամ, սական ոչ ավելի, քան ամսական 18 հազար դրամ:

Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոնի փորձագետ Տաթևիկ Թորոսյանի խոսքով, սակայն, գործազուրկներին այդ փոփոխությունն այնքան էլ չի ոգևորել. - «Գործազուրկների կողմից նշվեց գործազրկության նպաստի և փոխհատուցման ինստիտոտի իրար փոխլրացնելու հնարավորությունը»:

Գործազուրկը պետք է պարտադիր գրանցված լինի Զբաղվածության կենտրոնում. առանց որի «գործուղման» նա չի կարող փնտրել ու գտնել աշխատանք: Այստեղ, ըստ Թորոսյանի, օրենքը բաց կողմ ունի. - «Դա մի կողմից խոչընդոտներ է ստեղծում գործազուրկների համար, բայց մյուս կողմից`ակտիվություն պետք է մտցնի. ծրագրի նպատակը դա է, որպեսզի ստիպել գործազուրկներին ինքնուրույն աշխատանք փնտրեն, ակտիվ քաղաքականություն վարեն, ոչ թե ուղղակի նստեն և սպասեն, թե ինչ կլինի, պետությունն իրենց ինչ կտա»:

Գործազուրկները դժգոհել են նաև աշխատաշուկայի պահանջարկի ու առաջարկի անհամապատասխանությունից: «Բարձր մասնագիտական գիտելիքներ ունեցող, որակավորում ունեցող մասնագետներին առաջարկում են շատ ցածր աշխատավարձով աշխատանքներ, որոնց նրանք չեն համաձայնվում գնալ», - ասաց փորձագետը:

Կենտրոնի տվյալներով, գործազրկության խնդիրները լուծելու համար նախատեսված գումարները պետական բյուջեում տարեցտարի նվազում է. - «2013 թվականի համեմատությամբ 2014 թվականին նախատեսվող ծախսերը կրճատվել են. բյուջեի 1.3 տոկոսից դարձել են 1 տոկոս, իսկ 2015 թվականին դառնալու է 0.9 տոկոս»:

Պաշտոնական տվյալներով, գործազրկության մակարդակը Գյումրիում կազմում է 38, իսկ աղքատությունը` 48 տոկոս:
XS
SM
MD
LG