Մատչելիության հղումներ

logo-print

Աշխատողները դիմումներ են ներկայացնում՝ կուտակայինը չվճարելու համար


Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Արսենը Բաբաջանյան այսօր դիմում ներկայացրեց բուհի ընդհանուր բաժին՝ պահանջով պարտադիր կուտակային վճարը չհաշվարկել իր աշխատավարձից և չփոխանցել ֆոնդերն։

Առավոտից մայր բուհի 100-ավոր երիտասարդ դասախոսներ արդեն իսկ նման դիմում-պահանջներ են ներկայացրել բուհի ղեկավարությանը՝ որպես հիմք ընդունելով այն փաստը, որ երեկ երկրի նախագահը վավերացրեց պարտադիր Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը:

Դիմում ներկայացնողին ստացական են հանձնում, և ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց դասախոս Բաբաջանյանը, ընդհանուր բաժնից վստահեցրել են, որ այս դիմումը հիմք է, որպեսզի արդեն մայիս ամսվա աշխատավարձից պահումներ չլինեն:

«Նույնիսկ դեկանատներից զանգում, ասում էին՝ եկեք վերցրեք, եթե դիմումի ձևը չունենք, որովհետև եթե չեմ սխալվում, մինչև ամսի 30-ը պետք է գրվի դիմումը»,- ասաց Բաբաջանյանը։

ԵՊՀ-ն առաջին հաստատություններից էր, որտեղ ղեկավարությունը պահումներ չկատարեց աշխատողների աշխատավարձից Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի աշխատակարգային որոշումից հետո:

Մինչդեռ բոլորը չէ, որ հետևում են մայր բուհի օրինակին: «Դեմ եմ» շարժման ֆեյսբուքյան էջում արդեն իսկ տեղեկություններ կան, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում պարտադիր կուտակային դեմ դիմումն ընդունում են միայն աշխատանքից ազատման դիմումի հետ: Այս բուհի դասախոսները խուսափում են հարցազրույցից:

Օրեր առաջ էլ հայտնի դարձավ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի աշխատակից Վերոնիկա Խորասանյանի պատմությունը։ Վերջինիս պնդմամբ՝ կուտակայինի դիմումի պատճառով բուհի ղեկավարությունը իր պաշտոնն իջեցրել էր, աշխատավարձն էլ կրճատել: Պոլիտեխնիկից այսօր մեզ տեղեկացրին, որ սպասում են օրենքի հրապարակմանը, և ամենայն հավանականությամբ դասախոսները մայիսի 29-ին դիմումներ կներկայացնեն ռեկտորատին:

Սպասումների մեջ են նաև ուսուցիչները: Երևանի թիվ 50 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Օվսանա Հարությունյանը մեզ հետ զրուցում ասաց, որ եթե նախկինում շատերը թերահավատորեն էին մոտենում այս պայքարին, ապա հիմա գրեթե բոլորը, ում վրա տարածվում է օրենքը, մտադիր են դիմում ներկայացնել տնօրինությանը:

«Մեր դպրոցում ոչ մի ճնշում չկա, եթե նախկինում էլ տնօրենը շատ հանգիստ վերցնում էր դիմումները և համարում էր, որ դա մեր իրավունքն է, ապա այսօր առավել ևս եթե դիմումները գրվեն հղում անելով օրենքին, կարծում եմ՝ ոչ մի գործատու չի կարող օրենքն անտեսել և չկիրառել այն»,- ասաց ուսուցչուհին։

Առանց ձայնագրիչի մեզ հետ զրուցելիս ուսուցիչները խոստովանում էին, որ իրենց մարզային գործընկերների վիճակն ավելի բարդ է․ նախ Երևանից դուրս իրազեկված չեն և հետո բոլորը չէ, որ համարձակություն ունեն վերցնել գրիչն ու դիմում գրել:

Կապ հաստատեցինք Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկի ուսուցչուհի Շուշանիկ Մինասյանի հետ: Նա խուսափեց ասել, թե դպրոցում է աշխատում, սակայն անկեղծացավ՝ ինքը 18 ուսուցիչներից միակն է, ով դիմում է ներկայացնելու տնօրենին:

«Ճնշումների չեմ հանդիպել ոչ մի պարագայում, պարզապես ինձ համար ցավալի է, որ ոչ մեկը չի արձագանքում։ Միայն ես եմ դիմում գրել մեր դպրոցում։ Գուցե վախենում են, գուցե իրազեկված չեն իրենց իրավունքների մասին, իսկ դա ամենացավալին է, որ մտավորականությունը այսօր իր իրավունքները չգիտի»,- ասաց Մինասյանը։

«Դեմ եմ» շարժման անդամ Տիգրան Մարտիրոսյանն ասաց, որ ճնշումների որոշ դեպքերի մասին տեղեկություններ ստանում են և մտադիր են աջակցել բոլոր նրանց, ովքեր ճնշումների կենթարկվեն ղեկավարության կողմից։

««Դեմ եմ»-ը իր նպատակին դեռ չի հասել, որովհետև սա ընդամենը մարդկանց մի մասի և մի քանի ամսվա հարց է լուծում, և նախաձեռնությունը շարունակելու է հետևողական լինել նոր օրենքի հարցում ևս, որպեսզի նոր օրենքում չխախտվեն մարդու իրավունքները և չվատանա մարդկանց սոցիալական վիճակը»։
XS
SM
MD
LG