Մատչելիության հղումներ

Ալիկ Սարգսյան. Ոստիկանությունը մինչև հասներ, կարող է կարիքն էլ չլիներ


Ալիկ Սարգսյան. «Ոստիկանությունը մինչեւ տեղ հասներ՝ կարող է կարիքն էլ չլիներ արդեն»
please wait

No media source currently available

0:00 0:05:06 0:00
Նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական, Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը այսօր «Ազատության» հետ զրույցում առաջարկեց Վերնիսաժի կրակոցների գործով քննարկման առարկա դարձնել նաև «մյուս կողմի վարքագիծն ու ցինիզմը»։

Չհրաժարվելով շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում իր աղմկահարույց պնդումներից, որ նման իրավիճակում գուցե ինքն էլ ստիպված զենք օգտագործեր, իհարկե, իր օրինական զենքը, Ալիկ Սարգսյանը միաժամանակ հավաստիացրեց, որ ոչ ոքի չի պաշտպանում. բայց «որքանո՞վ է ճիշտ մի կողմին միշտ արդարացնելը», հարցրեց նա։

Մայիսի 17-ին Վերնիսաժի տարածքում կրակոցների գործով կալանավորված է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ 29-ամյա Գոռ Առաքելյանը։ Նա մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ։

«Քավ լիցի, չեմ պաշտպանում որևիցե հանցագործի, մանավանդ այդ օրվա միջադեպը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ալիկ Սարգսյանը. - «Իհարկե՝ հանցագործություն է կատարվել, իհարկե, կրակոցներ է եղել, իհարկե, ապօրինի զենք են կրել մարդիկ, մարդկանց կյանքին վտանգ է սպառնացել, այս ամենը հասկանում եմ։ Դրա համար այդ մարդը պիտի պատասխան տա օրենքի առաջ, ինչը և այս պահին արվում է, նա ձերբակալված է։ Ուղղակի դրա կողքին այդ տղաների արածն էլ ցինիզմի դրսևորում է, հասկանո՞ւմ եք, վատ բան են արել, մարդուն կնոջ ներկայությամբ, երեխայի ներկայությամբ ծեծել, ստորացրել են։ Մանրամասները քննությունը կպարզի։ Ինչքանո՞վ է ճիշտ մի կողմին միշտ արդարացնել. հասարակությունը իմ կարծիքով, հոգնել է սրանից, որ ինչ-որ մի կողմը պիտի արդարացվի, ինչի՞ համար, ինչի՞։ Հարկավոր է համարժեք գնահատական տալ երկու կողմերին էլ»։

Լայնորեն շրջանառվող վարկածի համաձայն, Գոռ Առաքելյանը վիճաբանել է երկու անձանց՝ Վալերի Հովհաննիսյանի և Նորայր Հարությունյանի հետ, որոնք փակել էին իր մեքենայի ճանապարհը և արգելել են մեքենան դուրս բերել ավտոտնակից։ Մեքենայում եղել են Առաքելյանի կինն ու երեխան։ Թեժ կռվից հետո նա հանել է հրազենը և կրակել, մարմնական վնասվածքներ հասցնելով ինչպես վիճաբանողներին, այնպես էլ դրսում գտնվող անցորդներին: Մինչև այսօր 5 հոգի մարմնական վնասվածքներով հիվանդանոցում են։ Բացի Գոռ Առաքելյանից, գործով այլ մեղադրյալներ չկան։

«Ինչի՞ց առաջացավ այդ քաշքշոցը, կռիվը... ի՞նչ եղավ, ի՞նչ հանգամանքներում ծնվեց այն վերաբերմունքը, որ կարելի է կնոջ ու երեխայի ներկայությամբ մարդուն այդ աստիճանի նսեմացնել»,- նշեց Սարգսյանը։

«Առանց զենքի հնարավոր չէ՞ր պաշտպանվել, չէ՞ որ զենքի գործադրումից նաև տուժել են անմեղ քաղաքացիներ»՝ դիտարկմանը նախկին ոստիկանապետն այսպես արձագանքեց.- «Ամեն դեպքում դատապարտում եմ զենքի գործադրումը։ Այնուամենայնիվ, եթե ուրիշ պաշտպանվելու ձև կար, թող էքսպերտները հիմնավորեն, որ նա տիրապետում էր սամբոյի լավագույն պրիոմներին, ձևերին, հնարքներին, կարող էր ինքն իրեն պաշտպաներ, կամ, չգիտեմ էդ զենքի փոխարեն կարող էր մեքենայի կլյուչ վերցներ, չգիտեմ.... մի խոսքով, թող հիմնավորեն, որ նա այլընտրանք ուներ պաշտպանվելու, չի պաշտպանվել, զենք է գործադրել։ Կամ արդյո՞ք պաշտպանության կարիքը կար, թե՝ չէ։ Մի՞գուցե պիտի չդիմադրեր, լավ ծեծեին։ Չգիտեմ որն է ճիշտը»։

Հարցին, իսկ չէ՞ր կարող ծեծկռտուքի փոխարեն ուղղակի ոստիկանություն կանչել, Ալիկ Սարգսյանը պատասխանեց.- «Իհարկե, ոստիկանություն կանչելն ամենաքաղաքակիրթ ճանապարհն է այդ ժամանակ։ Բայց ոստիկանությունը մինչև տեղ հասներ, կարծում եմ, մի քանի րոպե կտևեր, և կարող է էլ կարիքն էլ չլիներ արդեն էդ պահին, որովհետև իրադրությունը կփոխվեր»։

ՀՀ նախագահի խորհրդականը հավաստիացրեց, որ գործում ներգրավված անձանցից ոչ մեկին չի ճանաչում, ճանաչում է միայն ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանին։

«Կարոյին ճանաչում եմ շատ լավ, բայց փեսային չեմ ճանաչում։ Կարո Կարապետյանի հետ շատ սովորական, նորմալ հարաբերություններ են, ինքն էլ է արտաշատցի, նորմալ շփվել, բարևել ենք»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք չունի՞ անձնական շահագրգռվածություն, Սարգսյանը ասաց.- «Բայց ես ո՞նց կարող եմ ունենալ, ըստ ձեզ։ Դա բացառվում է։ Չունեմ, չեմ էլ ունենա։ Իմ տեսակը չի ունենում նման շահագրգռվածություն ինչ-որ մեկին հանիրավի պաշտպանելու կամ։ Մի խոսքով, դա ինձանից հեռու բան է շատ»։

«Ազատության» զրուցակից իրավապաշտպանների համար զենքով փողոցներում շրջելն ու կրակելը որևէ արդարացում չունի։

«Ավտոմեքենայի ճանապարհը փակելը և այլն անցակալի երևույթներ են, դատապարտելի է, բայց դա չի նշանակում, որ պետք է մեկ ուրիշը զենքը հանի և քաղաքում շրջող բոլոր ցինիկներին գնդակահարի»,- ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը.- «Նույնիսկ ոստիկանությունը իրավունք չունի զենք գործադրել հասարակական վայրում հանցագործներին վնասազերծելու համար, էլ ո՞ւր մնաց ՝ քո ավտոմեքենայի ճանապարհը փակողին կրակես, այն էլ՝ ոչ մեկ անգամ, ոչ երկու անգամ, այլ այնքան, ինչքան փամփուշտ որ ունես երևի թե»։

«Կենցաղային բախումը վերածել կոնկրետ գործողությունների, փոխհրաձգության, հայհոյանքների կամ հրաձգության, ամենքը չէ, որ իրենց թույլ են տալիս։ Բայց մարդիկ կան, որ թույլ են տալիս»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը.- «Ալիկ Սարգսյանի և այդ կրակողի մտածողության տեր մարդկանց մեջ դա ի սպառ տեղավորվող արձագանք է և նորմալ է իրենց «պանյատների» մեջ, իրենց հասկացությունների մեջ դա ամբողջությամբ տեղավորվում է։ Բա էլ ուրիշ ինչպե՞ս, եթե ոչ կրակելով։ Քարը վերցնել գլխին տալը վայել չէ իրենց, իրենց վայել է, որ իրենց մոտ պահվող օրինական կամ ապօրինի զենքը գործադրվի և գերազանցություն ցուցադրվի դրանով»։

«Ստացվել է այդպիսի մի էլիտա, որը զինված է, զինված է ճորթած բերաններով, հրազենով, տաք զենքով, սառը զենքով և ընդունակ է ամեն ինչի։ Ամենածանրը հասկանալն է, որ առայժմ հանրությունը արդյունավետ միջոցներ չունի էս տեսակ այլանդակ ռեժիմից ձերբազատվելու համար»,- ամփոփեց Բարսեղյանը։
XS
SM
MD
LG