Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը շնորհավորում է ժողովրդավար Վրաստանի Անկախության օրը


Ռազմական շքերթ Թբիլիսիում Վրաստանի Անկախության օրվա առիթվ, 26-ը մայիսի, 2014թ.

Ռազմական շքերթ Թբիլիսիում Վրաստանի Անկախության օրվա առիթվ, 26-ը մայիսի, 2014թ.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վրաստանի ժողովրդին և ղեկավարներին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ:

Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլիին հղած ուղերձում Օբաման նշում է, որ վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ը հպարտությամբ է աջակցում Վրաստանին, որտեղ տեղի ունեցան ազատ և արդար նախագահական ընտրություններ, և երկրի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ իշխանության փոխանցում սահմանադրական ճանապարհով:

«Վրաստանի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին մեր երկու երկրների միջև ամուր և զարգացող գործընկերության հիմք է ստեղծում»,- գրել է Օբաման՝ հույս հայտնելով, որ Վրաստանում կշարունակվի ժողովրդավարական ինստիտուտների հետագա համախմբումը, օրենքի գերակայության հաստատումը և քաղաքական բազմակարծության ապահովումը:

Բարաք Օբման նշել է, որ Վրաստանում առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացումը և Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ակնկալվող ստորագրումը լրացուցիչ հնարավորություններ կապահովեն Վրաստանի տպավորիչ զարգացման համար:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, ևս շնորհավորական ուղերձ հղելով Վրաստանի Անկախության տոնի կապակցությամբ, ողջունել է Եվրաատլանտյան ուղղությամբ Վրաստանի առաջընթացը ու խոստացել հետագա աջակցություն:

«ԱՄՆ-ն և Վրաստանը ձևավորել են խորը և ակտիվ համագործակցություն, որը հիմնված է ընդհանուր պարտավորությունների և ժողովրդավարական արժեքների վրա»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը՝ ընդգծելով, որ տարածաշրջանում առկա մարտահրավերներին հանդիման ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Վրաստանի ժողովրդավարության զարգացմանը և պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ընդունված սահմանների շրջանակներում։

ԱՄՆ-ի պետքարտուղարը նաև շեշտել է, որ հատկապես ուժեղ է անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների և Վրաստանի համագործակցությունը:

«Մենք հարգում ենք Վրաստանի Զինված ուժերի հավատարմությունը, որոնք ծառայում են Աֆղանստանում ու այլ առաքելություններում՝ ուղղված ավելի խաղաղ ու բարգավաճ աշխարհի կառուցմանը»,- ասել է Քերին՝ հետագա տարիներին ակնկալելով գործընկերության էլ ավելի ամրապնդում:

Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին Անկախության տոնի առիթով հեռուստատեսային իր ելույթում այսօր հայտարարել է, որ Վրաստանի զարգացման եվրոպական կուրսը անշրջելի է: Նրա խոսքերով՝ այս տարի Անկախության օրը հատուկ է, քանի որ մեկ ամսից Վրաստանը Եվրամիության հետ ստորագրելու է ասոցացման համաձայնագիրը:

«Պատմականորեն մենք եվրոպական քաղաքակրթության մասն ենք կազմում և պետք է կառուցենք եվրոպական տիպի ժողովրդավար ու ժամանակակից պետություն»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Նշելով, որ 1918 թվականի մայիսի 26-ին հռչակված Վրաստանի անկախությունը բոլշևիկների Կարմիր բանակի ներխուժման պատճառով կարճ կյանք ունեցավ, Վրաստանի վարչապետը ընդգծել է.- «Մեր պարտականությունն է պաշտպանել 1991 թվականի ապրիլի 9-ին վերականգնված Վրաստանի անկախությունը ամեն գնով»։
XS
SM
MD
LG