Մատչելիության հղումներ

Երևանը դեռևս չի գնահատում ուկրաինական ընտրությունները


ՀՀ նախագահի նստավայրը, Երևան, արխիվ

ՀՀ նախագահի նստավայրը, Երևան, արխիվ

Պաշտոնական Երևանն առայժմ ձեռնպահ է մնում որևէ արձագանք ներկայացնել երեկ Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների կապակցությամբ:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռևս ձեռնպահ է մնում որևէ արձագանք ներկայացնել Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների, դրանց նախնական արդյունքների և հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա ընթացքի վերաբերյալ:

«Ազատության» հարցին՝ շնորհավորելո՞ւ է արդյոք նախագահ Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նորընտիր նախագահին, Հայաստանի ղեկավարի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը պատասխանեց, թե Հանրապետության նախագահի շնորհավորանքների մասին հանրությանը կտեղեկացվի պատշաճ կարգով և ժամանակին:

Նշենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մայիսի 19-ի որոշմամբ Հայաստանի կառավարությունը երկու հոգանոց առաքելություն էր ուղարկել Ուկրաինա՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության կազմում ընտրությունների դիտարկում անցկացնելու համար:

Ազգային ժողովում իշխող Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի ներկայացմամբ Հայաստանն ու Ուկրաինան պետք է շարունակեն բարիդրացիական հարաբերություններ ունենալ:

«Ես կարծում եմ, որ այդ հարաբերությունները պետք է շարունակվեն նույն ձևով, ինչպես նախկինում՝ բարիդրացիական և լրիվ դրական էմոցիաներով լցված», - նշեց նա: Ինչ վերաբերում է հարցին, թե իր կարծիքով Հայաստանը պե՞տք է շնորհավորի Ուկրաինայի նորընտիր նախագահին, Մելիքյանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ այդ ամենը կախված է, թե ինչպես է ընկալում միջազգային հանրությունը ընտրությունների արդյունքները և Հայաստանի իշխանությունները իրենք կորոշեն ինչպես գնահատել»:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն «Ազատությանը» փոխանցեց, թե իրենք հետևում են Ուկրաինայում ընթացող զարգացումներին և ավելի ուշ կներկայացնեն ՀԱԿ-ի կարծիքը, թե ինչպիսի դիրքորոշում, պետք է որդեգրի պաշտոնական Երևանը Կիևի հետ հարաբերություններում:

«Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները չեն շտապում շնորհավորել Ուկրաինայի նորընտիր նախագահին, քանի որ իսպառ կորցնելով ինքնուրույնությունը՝ վախենում են իրենց այդ քայլով առաջացնել Կրեմլի զայրույթը»,- «Ազատությանը» փոխանցեց «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Ուկրաինայի դեսպանը կվերադառնա Երևան


Այսօր հեռախոսազրույց ունեցանք նաև Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի հետ, ով Ղրիմի հարցում Հայաստանի իշխանությունների՝ Կրեմլին համահունչ դիրքորոշման հրապարակայնացումից հետո՝ մարտի 21-ին, հետ կանչվեց Կիև և մինչ օրս չի վերադարձել Երևան:

«Առաջիկայում ես կվերադառնամ Երևան: Սակայն կոնկրետ ամսաթիվ չեմ նշի, որովհետև իմ հետ վերադարձի կոնկրետ ամսաթվի վերաբերյալ որոշում կընդունի Ուկրաինայի արտգործնախարարության ղեկավարությունը: Առաջիկայում նման որոշում կընդունվի, որովհետև Ուկրաինայում կլինի նոր նախագահ, ինչը հնարավորություն կտա ինձ հետ վերադառնալ և շարունակել առաքելությունը՝ զարգացնելով հայ-ուկրաինական հարաբերությունները», - նշեց նա:

Դեսպանը փոխանցեց, որ Ուկրաինայի իշխանությունները, իհարկե, ցավում են այս մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկության կապակցությամբ, սակայն պաշտոնական Կիևը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ:

Հիշեցնենք, մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի հարցով քվեարկության դրվեց մի բանաձև, որը ճանաչում է այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում ռուսական օկուպացիոն զորքերի ներկայությամբ մարտի 16-ին անցկացված հանրաքվեն: Հայաստանը 11 երկրների շարքում՝ Ռուսաստանի, Բելառուսի, Սուդանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի, Զիմբաբվեի հետ միասին, դեմ քվեարկեց այդ բանաձևին: Կողմ էին քվեարկել 100 երկիր, ձեռնպահ՝ 58-ը:

«Ուկրաինան սկզբունքորեն շահագրգռված է երկկողմ հարաբերությունների զարգացմամբ և անգամ խորացմամբ, քանի որ, օրինակ, 2013թ․-ին մենք ունեցանք երկկողմ լավ առևտրաշրջանառություն․ ուկրաինական կողմի արտահանումը Հայաստան կազմեց 197 միլիոն ԱՄՆ դոլար, և Ուկրաինան, բնականաբար, շահագրգռված է երկկողմ հարաբերությունների զարգացմամբ», - նշեց նա:
XS
SM
MD
LG