Մատչելիության հղումներ

Հրեա գիտնական. ԱՄՆ-ը այլընտրանք չի ունենա, եթե Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը


Հրեա գիտնական Յահիր Աուրոնը Հայաստանի նախագահի նստավայրում, 26-ը մայիսի, 2014

Հրեա գիտնական Յահիր Աուրոնը Հայաստանի նախագահի նստավայրում, 26-ը մայիսի, 2014

Եթե Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա ԱՄՆ-ն այլընտրանք չի ունենալու և նույնպես ճանաչելու է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց հրեա գիտնական Յահիր Աուրոնը։

Պատմաբան, Հոլոքոստի, ցեղասպանությունների և ռասիզմի պատմության մասնագետ, փիլիսոփայության դոկտոր պրոֆեսոր Յահիր Աուրոնին այսօր շնորհվեց Հայաստանի նախագահի մրցանակը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար:

Հրեա գիտնականը, ով 25 տարի շարունակ զբաղվում է Հայոց ցեղասպանության հարցերով, այդ պատվավոր մրցանակին արժանացավ «Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը» գրքի և տասնամյակների ընթացքում իրականացրած գիտական գործունեության համար։ Նրան շնորհվեց 10 հազար դոլար դրամական մրցանակ։

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Աուրոնը ասաց, թե պատճառը նախ և առաջ Թուրքիայի հետ ունեցած ռազմավարական համագործակցությունն է:

«Բայց իմ կարծիքով, մենք մեր հարաբերությունների ամենասկզբնական փուլում պետք է ասեինք, որ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը ձեր խնդիրը չէ, որ մենք այդ հարցում ունենք այլ կարծիք, մենք հայերի հանդեպ ունենք հատուկ պարտավորություն, բայց մենք դա ցավոք չենք արել»,- ասում է Յահիր Աուրոնը՝ ընդգծելով, որ չճանաչելով Հայոց Ցեղասպանությունը շարունակում են չարիք գործել։

«Մենք չարիք են գործում ձեր և մեր հանդեպ: Ես պայքարում եմ Ցեղասպանության ճանաչման համար արդեն 25 տարի, քանի որ ես նույնացնում եմ ինձ ձեզ հետ: Երբեմն ես զգում եմ, որ ես հայ եմ, և երբ ես խոսում եմ հայերի հետ, ինձ թվում է նրանք հրեական սփյուռքից են, քանի որ նրանք շատ մոտ են ինձ»,- ասում է հրեա գիտնականը։

Աուրոնը համոզված է, որ կգա այն օրը, երբ Իսրայելը նույնպես կճանաչի Հայոց Ցեղասպանությունը.- «Նախագահ Օբաման երկու անգամ հրապարակավ խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եթե դառնա նախագահ: Սակայն նա դրժեց իր խոստումը: Բայց ես կարծում եմ, որ եթե թե Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա ԱՄՆ-ը այլընտրանք չի ունենալու և նույնպես ճանաչելու է, ոչ թե այն պատճառով, որ մենք այդքան ուժեղ ենք, այլ որովհետև դա ուժեղ բարոյական ազդեցություն կունենա նրա վրա: Եվ հակառակը՝ եթե Օբաման ճանաչի, Իսրայելը կհետևի նրա օրինակին: Բայց ես հույս ունեմ, որ Իսրայելը կլինի առաջինը»:

Ի դեպ, նախագահի մրցանակը ստանալուց հետո Աուրոնը տեղեկացրեց, որ անցյալ ամիս Քնեսեթի նախկին անդամ և նախկին նախարար Յահիր Զաբանի հետ սկսել են հանրային քարոզարշավ՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։

«Մենք խնդրում ենք մարդկանց ստորագրել հետևյալ տեքստի տակ՝ «Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը և Կնեսետին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Մենք հույս ունենք, որ մինչև 2015 թվականի ապրիլ կունենաք մոտ կես միլիոն ստորագրություն»,- հույս հայտնեց հրեա գիտնականը։

Նախագահի մրցանակն անձամբ հանձնելով Յահիր Աուրոնին՝ Սերժ Սարգսյանն ասաց, թե հրեա ժողովրդի մեծագույն ներկայացուցիչներից շատերը միշտ հաղորդակից են եղել հայ ժողովրդի ցավին ու ողբերգությանը:

Ընդգծելով, որ հնարավոր չէ թվարկել բոլոր այն նշանավոր հրեա մտավորականներին, ովքեր անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը երկու անուն առանձնացրեց: Առաջինը ավստրիացի հրեա Ֆրանց Վերֆելին, ով իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով զգուշացնում էր, թե ինչ արհավիրք է սպասում Եվրոպայի հրեաներին: Եվ երկրորդը, լեհ հրեա Ռաֆայել Լեմկինին, ով իրավաբան-գիտնական լինելով՝ ստեղծեց «ցեղասպանություն/գենոցիդ» եզրույթը։

Սերժ Սարգսյանը նշեց՝ պատահական չէ, որ Լեմկինն ասում էր, թե այդ աշխատանքը կատարելիս նա մտովի անդրադառնում էր երկու համաշխարհային պատերազմների ընթացքում հայերի և հրեաների ապրած աղետներին:

«Դուք, հարգելի՛ պարոն Աուրոն, Ձեր աշխատանքով, կանգնում եք Հայաստանի և հայ ժողովրդի համար այդ երկու նվիրական մարդկանց հետ նույն շարքում: Դուք Ձեր ողջ գիտական վաստակով, պայքարում եք Հայոց ցեղասպանության ուրացման դեմ: Ես շատ ուրախ եմ, որ Իսրայելի և հրեական սփյուռքի ներկայացուցիչները պայքարում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Շատ լավ է, որ չնայած բոլոր դժվարություններին, Դուք չեք հրաժարվում Ձեր նախորդների վեհ գաղափարներից»,- ասաց նախագահ Սարգսյանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ Հայաստանի նախագահի 2013 թվականի մրցանակներ շնորհվեցին ոչ միայն Ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի, այլև բնական գիտությունների զարգացման, ֆիզիկայի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում ներդրած ավանդի համար:

Ուշագրավ է, որ այս անգամ արվեստի և գրականության ոլորտներում մրցանակակիրներ չեղան:
XS
SM
MD
LG