Մատչելիության հղումներ

ԱԺ-ում քննարկվում է նախորդ կառավարության աշխատանքը


Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունն այսօր եկել էր Ազգային ժողով՝ պատասխան տալու 2013-ին Տիգրան Սարգսյանի կաբինետի կատարած աշխատանքի համար:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկվում է անցած տարվա պետական բյուջեի կատարողականը: Վաչապետի հեռանալուց հետո իհարկե պատգամավորների՝ հաշվետվություն ունկնդրելու ցանկությունը կտրուկ նվազեց, բայց անցած տարվա ցուցանիշներով հետաքրքրվողներ եղան: Բուռն քննարկումների թեմա դարձավ 2009 թվականին Ռուսաստանից լողացող տոկոսադրույքով վերցված 500 միլիոն դոլարի վարկը, որը Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ մարեց նախորդ տարի՝ եվրաբոնդերի իրացման շնորհիվ:

Հայաստանն այդ վարկը որոշեց մարել ամբողջությամբ և ժամանակից շուտ: Ինչպես ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանն էր ասել՝ քանի որ ռուսականը տրվել էր լողացող տոկոսադրույքով, այնինչ՝ եվրաբոնդերի տոկոսադրույքը ֆիքսված է:

Վերահսկիչ պալատի ներկայացուցիչ Սեյրան Ավագյանը եկավ և ասաց՝ ռուսական պարտքը եվրաբոնդերի հաշվին փակելով՝ Հայաստանի կառավարությունը ռիսկային քայլի է գնացել:

«Եթե Ռուսաստանի Դաշնության վարկի վաղաժամկետ մարման պատճառը տրամադրված վարկերից բխող ռիսկերի նվազեցումն է, ապա արտարժույթային պետական պարտատոմսերի տեղաբաշխումը նույնպես ռիսկային է: Շուկայում ձևավորված գների պայմաններում Ռուսաստանի Դաշնության վարկի տոկոսադրույքը համարժեք էր 5.8 տոկոսին, որը 0.36 տոկոսով ավելի ցածր է, քան արտարժույթային պետական պարտատոմսերի տեղաբաշխման փաստացի եկամտաբերությունը», - նշեց նա:

Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը որոշեց արձագանքել, նշելով, թե այդ տեսակետը կարող է գոյություն ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ մենք ունենք լողացող փոխարժեքի այն մակարդակը, ինչ այսօր ունենք, սակայն դա չի կարող երաշխավորված համարվել: Գլխավոր գանձապետի արձագանքները երկարաշունչ էին, համեմված տասնյակ թվային տվյալներով: Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չդիմացավ․ - «Ձեր պատասխանն, անկեղծ ասած, հիշեցրեց Պարույր Սևակի՝ «Առաջադրանք աշխարհի բոլոր հաշվիչ մեքենաներին» բանաստեղծությունը»:

Փաշինյանն անդրադարձավ նաև իշխանության՝ կանխատեսելու ունակությանը․ - «Հիշեցի Կենտրոնական բանկի՝ ոսկու պաշարների վաճառքի պատմությունը: Ասում են՝ ինչո՞ւ եք վաճառել ոսկու պաշարները (Տիգրան Սարգսյանն էր այն ժամանակ Կենտրոնական բանկի նախագահը), ասում էր, որ արդյունավետ չէ: Վաճառքից հետո ոսկու գները երկրաչափական պրոգրեսիայով աճեցին: Հիմա այստեղ էլ Վերահսկիչ պալատի ներկայացրած տվյալները էլի կասկածի տակ են դնում կառավարության կանխատեսելու ընդունակությունը, թե ինչ է կատարվում միջավայրում»:

Ռուսական վարկի տրամադրման թափանցիկության վտանգներից խոսեց ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորն ասաց՝ 2009-ին Ռուսաստանից լողացող տոկոսադրույքով վերցված վարկը կառավարությունն ապօրինաբար տրամադրել է ռուսաստանաբնակ գործարարներին:

«Տրվել է ռուսաստանաբնակ գործարարների, որի իրավունքը, ես, իհարկե, տնտեսագետ չեմ, բայց մասնագետները պնդում են, որ իրավունքը չունեին: Եվ երբ այստեղ խոսվում է ցանկի մասին, խոսքը այդ ցանկի մասին չէ՝ ինչ որ հրապարակված է, մենք գիտենք: Այսինքն Ռուսաստանից եկած փողի որոշակի հատված նորից հետ է հանվել Ռուսաստան», - ասաց նա:

Հայաստանի պետական պարտքը այս տարվա հունվարի 1-ի տվյալներով 4.5 միլիարդ դոլարից ավելի է կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG