Մատչելիության հղումներ

Gallup-ի հարցումները վկայում են՝ աշխարհում մարդիկ լի են դրական զգացմունքներով


Սիրիա - Հալեպի թաղամասերից մեկում երեխաները ժպտում են լուսանկարչին, հոկտեմբեր, 2012թ․

Սիրիա - Հալեպի թաղամասերից մեկում երեխաները ժպտում են լուսանկարչին, հոկտեմբեր, 2012թ․

Այս ցուցանիշը ամենաբարձրն է 2006 թվականից ի վեր:

Չնայած հակամարտություններին և զանգվածային անկարգություններին, որոնց մասին հաղորդումները նորությունների թողարկումների մեծ մասն են կազմում, ամբողջ աշխարհում մարդիկ լի են դրական զգացմունքներով. համենայն դեպս, այս է փաստում հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող Gallup ընկերության անցացրած հարցումը:

Կազմակերպությունը հարցումը անցկացրել է 138 երկրներում 2013 թվականին:

Աշխարհում 10-ից 7-ը ասել է, որ իր կյանքը լի է դրական զգացմունքներով, ուրախությամբ, ծիծաղով և ժպիտներով, որ իրեն լավ հանգստացած է զգում և հարգալից վերաբերմունքի է արժանանում: Հարցվածների կեսից ավելին` 51 տոկոսն ասել է, որ նախօրեին հետաքրքիր մի բան է սովորել կամ արել:

Դրական զգացումների այս ցուցանիշը ամենաբարձրն է հարցումների մեկնարկից` 2006 թվականից ի վեր:

Ողջ աշխարհում մարդիկ հիմնականում դրական են ընկալում կյանքը` բացի Սիրիայից, որ արդեն երեք տարուց ավելի քաղաքացիական պատերազմի ճիրաններում է: Այդ երկրում գրանցվել է մինչ այս ամենացածր ցուցանիշը, որը խիստ առանձնանում է` 15-20 կետով պակաս է ցածր արդյունքներ ցույց տված երկրների տասնյակից:

Հայաստանը, ինչպես և Վրաստանը, Մոլդովան, Թունիսը և Լիբանանը 56 ցուցանիշն ունեն և հաջորդում են կյանքը դրական չընկալող երկրների տասնյակին:

Իսկ Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը 55-ական միավորով հենց այդ տասնյակում են` Բելառուսի, Եմենի, Բոսնիայի, Սերբիայի, Լիտվայի, Նեպալի, Չադի և Սիրիայի հետ:

Ամենաուրախ և կյանքին դրական վերաբերվող երկրները մեծ մասամբ Լատինական Ամերիկայում են գտնվում: Ամենադրական փորձառությունն ունեցող երկրների տասնյակում միայն Դանիան է, որ Լատինական Ամերիկայում չէ:

Ամենալավատես և կյանքն ուրախ ապրող մարդիկ, ըստ հարցման արդյունքների, Պարագվայում են ապրում, Պանաման, Նիկարագուան, Վենեսուելան, Կոլումբիան ևս լի են ուրախ և դրական լիցքերով մարդկանցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG