Մատչելիության հղումներ

Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրություններ են


Ուկրաինա - Նախագահական ընտրություններ․ քվեարկություն Չերնիհիվում, Ընտրատեղամաս № 740986, 25-ը մայիսի, 2014թ․

Ուկրաինա - Նախագահական ընտրություններ․ քվեարկություն Չերնիհիվում, Ընտրատեղամաս № 740986, 25-ը մայիսի, 2014թ․

Ուկրաինայում նախագահական արտահերթ ընտրություններ են անցկացվում, մինչդեռ երկրի արևելյան շրջաններում ռուս անջատողականները խափանում են քվեարկությունը, իսկ Ռուսաստանի վարչապետը երկօրյա այցով այսօր ժամանել է Ղրիմ:

Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար պայքարում է 18 թեկնածու: Քվեարկությունը կավարտվի տեղական ժամանակով երեկոյան 8-ին: Մինչդեռ երկրի արևելյան շրջաններում, որոնք գտնվում են ռուսամետ անջատողականների վերահսկողության տակ, քվեարկություն ըստ էության չի անցկացվում: Դոնեցկի մարզային վարչակազմից հայտնել են, որ 2 հազար 430 ընտրատեղամասերից բացվել է ընդամենը 426-ը: Դոնեցկ քաղաքում ընդհանրապես ոչ մի տեղամաս չի բացվել: Լուգանսկի մարզում 12 տեղամասերից բացվել է ընդամենը երկուսը:

Մինչդեռ մայրաքաղաք Կիևում և երկրի արևմտյան մարզերում նույնիսկ հաղորդվում է տեղամասերի մոտ գոյացած հերթերի մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ՝ տեղական ժամանակով ցերեկվա ժամը 2-ի դրությամբ ընտրողների 40 տոկոսը քվեարկել է:
Արսենի Յացենյուկ, արխիվ

Արսենի Յացենյուկ, արխիվ

Գործող վարչապետ Արսենի Յացենյուկը ասել է, որ ընտրությունները առաջին քայլը կլինեն կայունացնելու իրավիճակը երկրի արևելյան շրջաններում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է աշխատել ընտրություններից հետո ձևավորվելիք Ուկրաինայի նոր վարչակազմի հետ: Կիևը մեղադրում է Մոսկվային անջատողականներին սատարելու մեջ:

Ուկրաինայում նախագահական արտահերթ ընտրությունները անցկացվում են երկրի ռուսամետ նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչի իշխանության տապալումից երեք ամիս անց:

Ընտրություններում առաջադրված 18 թեկնածուներից, ըստ հարցումների, առաջատարը միլիարդատեր Պետրո Պորոշենկոն է, ով հայտնի է հրուշակեղենի արտադրության բիզնեսով:

Եթե թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չհավաքի՝ ընտրությունների երկրորդ փուլը անցկացվելու է հունիսի 15-ին:

Պորոշենկոն այսօր քվեարկել է Կիևում: Քվեարկելուց հետո նա լրագրողներին ասել է, թե ամենակարևորն այն է, որ Ուկրաինայի ժողովուրդն այսօր երկրի առաջնորդ է ընտրում:
Ուկրաինացի գործարար, նախագահի թեկնածու Պետրո Պորոշենկոն քվեարկությունից հետո պատասխանում է լրագրողների հարցերին, 25 մայիսի, 2014թ․

Ուկրաինացի գործարար, նախագահի թեկնածու Պետրո Պորոշենկոն քվեարկությունից հետո պատասխանում է լրագրողների հարցերին, 25 մայիսի, 2014թ․

«Ես հավաստիացնում եմ, Ուկրաինայի նախագահը ընտրում է ոչ թե արևմտյան առաջնորդների, այլ Ուկրաինայի ժողովրդի կողմից ու ընտրողների բարձր մասնակցությունը ցույց է տալիս, որ ուկրաինական ժողովուրդը արդեն կատարել է իր ընտրությունը», - ասել է Պորոշենկոն, կարծիք հայտնելով, որ ընտրությունները կարող են ավարտվել մեկ փուլով:

Երկրի տարբեր շրջանների մասին նա ասել է, որ Խարկովը, Զապարոժիեն, Դնեպրոպետրովսկը քվեարկում են, միայն ահաբեկիչներն են արգելափակել Ուկրաինայի ժողովրդի ընտրելու իրավունքը: Նա հայտարարել է, որ զինյալներին ու ահաբեկիչներին կմաքրեն Ուկրաինայի բոլոր քաղաքներից ու գյուղերից: Պորոշենկոն նաև հայտարարել է, որ Ղրիմը եղել է, կա ու կլինի Ուկրաինայի մաս:

Նշենք, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրիմ: Նա այցելելու է Սևաստոպոլի ներգաղթյալների գրասենյակ, որտեղ ռուսական անձնագրեր են բաժանում տեղի բնակիչներին։ Վաղը Մեդվեդևը կայցելի Արտեկի մանկական հանգստավայր։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն իսկույն արձագանքել է այս այցելությանը, հայտարարելով, թե Մեդվեդևի այցը Ղրիմ «միտումնավոր սադրանք է, որի նպատակն է ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայում»։

Ինչ վերաբերում է ընտրություններին՝ ըստ հարցումների 18 թեկնածուների շարքում երկրորդ տեղում Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն է, ով սակայն զգալիորեն հետ է մնում Պորոշենկոյից:

Ուկրաինայի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկո, արխիվ

Ուկրաինայի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկո, արխիվ

Տիմոշենկոն քվեարկել է Դնեպրոպետրովսկում: Քվերկությունից հետո ասել է․ - «Ժամանակն է ՆԱՏՕ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնել՝ վերականգնելու համար խաղաղությունը Ուկրաինայում և կառուցել մեր ռազմավարական կուրսի հիմքը, որպեսզի ոչ մեկը չկարողանա նորից խախտել մեր տարածքային ամբողջականությունը»:

Տիմոշենկոն հայտարարել է, որ քվեարկում է եվրոպական Ուկրաինայի համար:

«Ես համոզված եմ, որ դառնալով Եվրոպական Միության մի մասը՝ Ուկրաինան կարող է լինել ուժեղ, երջանիկ և բարգավաճ»,- հայտարարել է Յուլիա Տիմոշենկոն:

Գործող վարչապետ Յացենյուկը նախօրեին ասել է, թե չնայած ընտրությունները տապալելու՝ «բանդիտների սպառնալիքներին», որոնք, նրա խոսքով, աջակցություն են ստանում դրսից, ուկրաինացիներն իրենց պատասխանատու են զգում ընտրությունների համար: Նա համոզմունք է հայտնել, որ ընտրություններում հաղթած թեկնածուի առաջնային խնդիրը կլինի Եվրամիության հետ ստորագրել ասոցացման և ազատ առևտրի պայմանագիրը ու ապագա նախագահը առաջին այցը կկատարի Բրյուսել՝ ստորագրելու այդ փաստաթուղթը:

Նա նաև հայտարարել է, որ քվեարկությունը կարտահայտի Ուկրաինայի ողջ ազգաբնակչության կամքը: Սակայն երկրի արևելքում՝ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում, ռուսամետները գրավել կամ շրջափակել են ընտրական տեղամասերի մեծ մասը, որոշ վայրերում նրանք առևանգել կամ ահաբեկել են ընտրական հանձնաժողովների անդամներին: Այսպես կոչված՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ինքնահռչակ առաջնորդներից մեկը՝ Դենիս Պուշիլինը, երեկ սպառնացել էր, որ անհրաժեշտության դեպքում ուժ կկիրառեն քվեարկությունը կանխելու համար:

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Կոնստանտին Գիվրիենկոն այսօր «Ռոյթերզ» գործակալությանը ասել է, թե Դոնեցկում և Լուգանսկում զինյալները սպառում են տեղական ընտրական հանձնաժողովների անդամներին, ջարդում են տեղամասերի համակարգիչները և այլ գույքը, գողացել են քվեաթերթիկներն ու այլ փաստաթղթեր, առևանգել են ընտրական հանձնաժողովների մի շարք աշխատակիցների:

Ռուսամետ հարյուրավոր անջատողականներ, այդ թվում՝ դիմակավորված զինյալներ, այսօր հավաքվել են Ուկրաինայի ամենահարուստ մարդու՝ Ռինատ Ախմետովի՝ Դոնեցկի արվարձանում գտնվող առանձնատան մոտ: Առանձնատունը պաշտպանում է միլիարդատիրոջ զինված թիկնազորը:
Ուկրաինա -- Զինված ռուսամետները շրջափակել են Ահմետովի առանձնատուն տանող ճանապարհը, Դոնեցկ, 25 մայիսի, 2014թ․

Ուկրաինա -- Զինված ռուսամետները շրջափակել են Ահմետովի առանձնատուն տանող ճանապարհը, Դոնեցկ, 25 մայիսի, 2014թ․

Միլիարդատեր Ախմետովը անցած շաբաթ կոչ էր արել մասնակցել քվեարկությանը, իսկ անջատողականներին էլ մեղադրել էր ցեղասպանություն իրականացնելու մեջ:

Ախմետովի բիզնեսում՝ ածուխի, մետաղի արդյունահանման ոլորտներում, ներգրավված է շուրջ 300 հազար մարդ: Անցած օրերին նա իր աշխատողներին կոչ է արել խաղաղ ցույցեր անցկացնել անջատողականության դեմ՝ հանուն Ուկրաինայի միասնականության:

ԵԱՀԿ-ից շուրջ հազար դիտորդներ երկրով մեկ, բացի Դոնեցկից ու Լուգանսկից, հետևում են քվեարկության ընթացքին ու ժամեր անց կհետևեն նաև քվեաթերթիկների հաշվարկին: Քվեարկությունից անմիջապես հետո էքզիթ փոլերը կհրապարակեն հարցումների արդյունքները, սակայն ընտրությունների պաշտոնական նախնական տվյալների հրապարակումը մայիսի 26-ից շուտ չի ակնկալվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG