Մատչելիության հղումներ

Վոլոդյա Ավետիսյանը կշարունակի կալանքի տակ մնալ


Վոլոդյա Ավետիսյանը կշարունակի մնալ կալանավորված
please wait

No media source currently available

0:00 0:03:16 0:00
Դատարանի որոշմամբ՝ ազատամարտիկների բողոքի ակցիաները նախաձեռնելուց հետո խարդախության մեջ մեղադրված Վոլոդյա Ավետիսյանը կշարունակի մնալ ճաղերի ետևում։

Գործը քննող դատավորը մերժեց պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ ազատության մեջ հայտնվելով ազատամարտիկը կխուսափի դատավարությունից։

Նշենք, որ մեկ ամիս առաջ, երբ պաշտպանը կրկին նույն միջնորդությամբ էր հանդես եկել, դատարանը մերժել էր։ Պատճառաբանել էր, թե քանի դեռ վկաների հարցաքննությունը ավարտված չէ, Ավետիսյանն ազատության մեջ հայտնվելով ճնշումներ կգործադրի նրանց վրա։

Հիմա, երբ արդեն վկաների մի մասի հարցաքննությունն ավարտվել է, իսկ մյուսներն էլ Հայաստանում չեն, Զաքարյանը ազատամարտիկին անազատության մեջ պահելը համարում է անիմաստ։ Նա վկայակոչեց թե՛ տեղական, թե՛ միջազգային իրավական փաստաթղթեր, որոնք նման դեպքերում հնարավորություն են տալիս դատավճռին սպասել ազատության մեջ։

«Ակնկալել, որ այս պարագայում դատարանը կգնա դատախազության դեմ, ներողություն եմ խնդրում, նույն է, ինչ քամու դեմ թքելը»,- ասաց պաշտպանը։

Մեղադրող դատախազ Հենրիկ Պապիկյանը, սակայն, առարկեց Զաքարյանին՝ արժանանալով դահլիճում Ավետիսյանի ընկերների քննադատությանը։ Երբ դատավորը ընթերցեց և ավարտեց կալանքը ուժի մեջ թողնելու որոշումը, դահլիճում իրարանցում սկսվեց։

Աղմուկն ու բողոքն էլ ավելի մեծացավ, երբ Վոլոդյա Ավետիսյանը հայտարարությամբ հանդես եկավ.- «Ինֆորմացա ստացա, որ իմ ընտանիքին պատկանող «Երազ» մակնիշի ավտոմեքենայի վրա ծաղկեպսակ փակցված եղել ամսի 5-ի գիշերը։ Եվս մեկ անգամ իշխանությունները ապացուցում են, որ էս ամենը պատվեր է»։

Պաշտպան Արա Զաքարյանը խնդրեց դատական նիստը հետաձգել՝ դատավորին բացարկ հայտնելու համար նախապատրաստվելու։ Դատավորը, սակայն, անդրդվելի էր՝ պնդում էր, թե կարող է հիմա դա անել։ Սա ևս հարուցեց դահլիճի զայրույթը։ Փաստաբանն իր հերթին լքեց դատական նիստերի դահլիճը։

Ավետիսյանի դատաքննությունը հատկապես վերջին շրջանում անցնում է աղմկոտ պայմաններում։ Նրա մարտական ընկերներն ու մտերիմները բողոքում են, թե դատավորն ակնհայտորեն կողմնապահություն է անում։ Այսօր ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը դատարան էր եկել ինքնաշեն կշեռքով։ Նիստի վերջում նա այն թողեց դատարանում՝ ի նշան կողմնապահության ու հավասարակշռության բացակայության։

Դատական նիստից հետո ազատամարտիկներն իրենց բողոքի ակցիան շարունակեցին դատարանի բակում։

Հաջորդ դատական նիստը մայիսի 26-ին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG